Saturday, May 8, 2010

Հայ-թուրքական գործընթացի սառեցման պատճառը Ղարաբաղի հարցի կարգավորված չլինելն է. Թոմաս դե Վաալ

Tert.am.7-5-2010- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցման հիմնական պատճառը Ղարաբաղի հարցի կարգավորված չլինելու հանգամանքն է: World Politics Review հանդեսին տված հարցազրույցում այս մասին ասել է Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը։ Թուրքիան պնդել է, որ բարելավումը հարկ է կապել Ղարաբաղի հակամարտության հետ, թեպետ դա չի նշվել 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններում, նշել է բրիտանացի վերլուծաբանը: Նա ենթադրում է, որ պաշտոնական Անկարայի համար կարևորը ոչ այնքան Ղարաբաղյան խնդրի կարգավորումն է, որքան թուրքալեզու դաշնակցի` Ադրբեջանի հետ կապերը։ Ադրբեջանը բավական ծավալով լոբբիստական աշխատանք է կատարել Թուրքիայի խորհրդարանում, բացի այդ` փորձելով Թուրքիային համոզել վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու մտադրությունը, սպառնացել է բարձրացնել գազի սակագինը։ «Մինսկի գործընթացը, դժբախտաբար, այս պահին փակուղում է։ Այս անգամ հայկական կողմը չի ցանկանում ընդունել Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը, իսկ նախկինում Ադրբեջանն էր մերժում առաջարկները»,- ասել է Թոմաս դե Վաալն ու ավելացրել.- «Սակայն բանակցային գործընթացում կան ավելի խորքային բարդություններ։ Այն շատ նեղ հունով է ընթանում և չի կարող հզոր լիցք հաղորդել մեծ կոնֆլիկտը լուծելու համար։ Գրեթե չկա այդքան անհրաժեշտ զուգահեռ գործընթացը, որին պետք է մասնակցեն երկու հասարակությունները, միջազգային համայնքը պատշաճ չափով չի աջակցում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդներին»։ Ինչպես հաղորդում է «Ազատությունը», Թոմաս դը Վաալը նշել է, որ խաղաղության գործընթացին հետևող դիտորդների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նախընտրում են ոչ թե դինամիկ գործընթաց, որը ենթադրում է վճռական քայլեր և հակառակորդի հետ փոխզիջում, այլ չհամակարգված և արդյունք չտվող բանակցություններ, որոնց շնորհիվ հաջողվում է պահպանել ստատուս-քվոն։

No comments: