Tuesday, August 17, 2010

Հայաստանը С-300 չունի, դա աբսուրդ է

News.am. 17-8-2010- Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենիթա-հրթիռային C-300 համալիրների վաճառքը ռազմավարական որոշում է, եւ ոչ ոք չի կարող խանգարել Ռուսաստանին իրացնել դա: Այդ մասին օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր երկիր իր շահերն է հետապնդում, իսկ այդ գործարքը կարող է տեղավորվել Ռուսաստանի քաղաքականության ընդհանուր պատկերում: «Արդյոք, դա սպառնալի՞ք է Հայաստանի համար: Այո, ավելին, դա սպառնալիք է հենց ԼՂՀ-ի համար»,- ընդգծեց քաղաքագետը: Նրա խոսքով, նման լուրջ ռազմական տեխնիկայի գնումը թույլ կտա Ադրբեջանին կենտրոնացնել իր բոլոր ռազմական ռեսուրսները ռազմական գործողությունների գոտում՝ հանգիստ լինելով իր էներգետիկ օբյեկտների պաշտպանության համար: «Խոսակցությունները, թե Հայաստանը եւս C-300 ունի եւ այդ իմաստով մենք հավասար ենք, աբսուրդ է: Այդ C-300-ները տեղակայված են Գյումրիում եւ Ռուսաստանի սեփականությունն են, իսկ Հայաստանում որեւէ գեներալ չկա, որն իրավունք ունենա մոտենալ դրանց, առավել եւս օգտագործել: Դա հնարավոր է միայն դրսից համապատասխան հրաման ստացվելու դեպքում»,- նկատեց Սարգսյանը: Անդրադառնալով այդ գործարքի հարցում Արեւմուտքի դերին, փորձագետը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը տվել է իր լռելյայն համաձայնությունը:

No comments: