Wednesday, August 18, 2010

Վարչապետի հետ քննարկել են սփյուռքահայ կրթօջախներում առկա հիմնախնդիրները

Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնախնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը։ ՀՀ կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարները վարչապետին են ներկայացրել համաժողովի աշխատանքները։ Նշվել է, որ համաժողովի ընթացքում հնչեցված մոտեցումներն ուրվագծում են համագործակցության խորացման նոր եզրերն ու որոշակիացնում հետագա անելիքները, մասնավորապես` կրթական բարեփոխումների և հայապահպանության խնդիրների առնչությամբ։ Կարևորելով խորհրդաժողովի անցկացումը` վարչապետը մասնավորապես նշել է. «Սա կրթական չորրորդ համահայկական խորհրդաժողովն է, որն անցկացվում է Հայաստանում և դուք հնարավորություն եք ստանում ոլորտի պատասխանատուների հետ քննարկել կրթական բարեփոխումների ձեր տեսլականը։ Միևնույն ժամանակ, սա առաջին հավաքն է, երբ արդեն ունենք սփյուռքի նախարարություն։ Համաժողովը ոչ միայն մասնագիտական հանդիպում է կրթական հարցեր քննարկելու, այլև մեր համահայկական խնդիրներին անդրադառնալու համար»։ Հանդիպման ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, մասնավորապես` մեկօրյա դպրոցների համար ուսումնական ծրագրի ստեղծումը, նոր ուսումնական և էլեկտրոնային նյութերի օգտագործումը կրթական գործընթացում, համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը, արտերկրում դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև արտերկրում դասավանդող մանկավարժների կենսաթոշակների հետ կապված հարցերը։ Ամփոփելով հանդիպումը` վարչապետը կարևորել է հայապահպանության գործում ուսուցիչների առաքելությունը`նշելով, որ դրա համար մեր երկիրը ոչինչ չի խնայելու։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը:

No comments: