Tuesday, August 17, 2010

ՈՐՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ “ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ”

«Լրագիր» 17-8-2010- Մեկնաբանելով “Ադրբեջանի հանրապետության եւ Թուրքիայի հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ օգնության մասին” պայմանագիրը, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկվը համարում է, որ “այդ կարեւոր փաստաթղթի ստորագրմանը կողմերը զրոյից չեն եկել, մենք ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ փորձ ունենք”: Այսպիսով, ի սկզբանե շեշտը դրվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության վրա: Եւ Մուսաբեկովը գտնում է, որ դա ռուս-հայկական ստորագրվելիք Արձանագրության անուղղակի պատասխանն է: “Բոլորի համար պարզ դարձավ, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը մենակ չի մնա՚,- ավելացնում է քաղաքագետը եւ եզրափակում. ՙՏարածաշրջանում իրավիճակի զարգացումից կախված, թուրք- ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները կաճեն եւ կզարգանան այն ուղղություններում, որոնք թելադրում է երկու երկրների ազգային շահերի պաշտպանությունն է թելադրում”: Միանգամից նման շատ հեռու գնացող կանխատեսում անելու համար, երեւի, Մուսաբեկովն ունի համապատասխան հիմնավորում, որը նրան կարող էր տալ միայն իշխանությունը: Ուստի կարելի է ասել, որ “անաղմուկ դիվանագիտության” մասին Բաքվում Գյուլի ակնարկն ինչ- որ լուրջ ենթատեքստ ունի: Պատահական չէ, որ Մուսաբեկվը նաեւ կարծում է, որ “Թուրքիան իր այդ որոշումը Ռուսաստանի հետ չի համաձայնեցրել”: Ինչ կարիք կար այդ մասին ենթադրություն անել: Չէ որ միայն այն, որ թուրք- ադրբեջանական պայմանագիրը դիտարկվում է այն Ռուսաստանի հետ համաձայնեցնելու-չհամաձայնեցնելու կտրվածքով, արդեն իսկ ինչ- որ բան նշանակում է: Մնում է սպասել, թե երբ եւ արդյոք անաղմուկ կհայտարարվի, թե այս տարածաշրջանում որն է Թուրքիայի ազգային շահը: Միայն Ադրբեջանի “տարածքային ամբողջականությու՞նը”: Վ.Ա.

No comments: