Thursday, February 24, 2011

Վրաստանի ավանդական կրոնական համայնքների առաջնորդների հանդիպումը Վրաց Ուղղափառ եկեղեցու պետի հետ

Փետրվարի 23–ին Վրաստանի ավանդական կրոնական համայնքների առաջնորդները` Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու վարչական ղեկավար Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտոն, Ավետարանական–Մկրտական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա Օսիպաշվիլին, Լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս Յոահիմ Կիդերլենը եւ Իսլամ ազգաբնակչության ախունդ Ալի Ալիեւը, Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում հանդիպեցին Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Բ հետ:
Հոգեւոր առաջնորդները Վրաց պատրիարքին ներկայացրեցին ավանդական կրոնական համայնքներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու հիմնահարցը` հայցելով պատրիարքի միջնորդությունը եւ օժանդակությանը խնդրի լուծման համար:
Պատրիարք Իլիա Բ, լսելով կրոնական առաջնորդների կողմից առաջ քաշած հարցը, հանձնարարեց պատրիարքարանի իրավաբանին՝ կրոնական առաջնորդների եւ հասարակական կառույցների հետ միասին աշխատել խնդրի առնչությամբ եւ առաջարկություն ներկայացնել պետական համապատասխան մարմիններին:
Հանդիպմանը եղան տարբեր առաջարկություններ, սակայն կրոնական համայնքների ներկայացուցիչները պնդեցին, որ հարկավոր է Վրաստանում գործող ավանդական կրոնական համայնքներին տալ հանրային իրավունքի կարգավիճակ:
Նման հանդիպում վերջերս կայացել էր նաեւ Վրաստանում հավատարմագրված դեսպանների հետ, որի ժամանակ հոգեւոր առաջնորդները դիվանագետների ուշադրությանը ներկայացրեցին տարիներով չարչրկված կարգավիճակի եւ սրբավայրերի վերադարձի հարցերը՝ խնդրելով նրանց աջակցությունը:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

No comments: