Thursday, February 24, 2011

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական բոլոր առաջատար ուժերը հայտարարում են հայազգի թեկնածուների հնարավոր առաջադրման մասին:
«Վերջնականապես թեկնածուների ամբողջական ցանկը կհստակեցվի մարտի վերջին, - Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Ստամբուլի Ակոս թերթի խմբագիրներից Արիս Նալջին:
Նրա խոսքով` առաջինը հայ թեկնածուի հնարավոր առաջադրման մասին հայտարարել է քրդամետ Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցությունը: «Անցած շաբաթ մի խումբ թուրք եւ քուրդ գրողներ, ինչպես նաեւ Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից մեկը, որ նաեւ Հրանտ Դինքի ընկերն էր` Հայկո Բաղդատը, մեկնեցին Անկարա` հանդիպելով քրդական Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության ներկայացուցիչների հետ», - նշեց Նալջին:
Հայ հորից եւ հույն մորից ծնված Բաղդատը այս հանդիպման ավարտին թուրքական լրատվամիջոցներին փոխանցել է, թե դեռեւս որեւէ հստակություն չկա` կապված իր թեկնածության առաջադրման հետ:
«Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ու Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը եւս բանակցություններ են սկսել հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների հետ», - ասաց Արիս Նալջին:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուներից մեկը «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի ղեկավարներից Պետրոս Շիրինօղլուն է: «Ժողովրդա-հանրապետականը շփումների մեջ է Յեշիլքյոյի հայ միության ղեկավար Արեւ Ջեբեջիի հետ», - նշեց Նալջին:

Արեւ Ջեբեջին, ով ժամանակին Ստամբուլի Բաքիրքյոյ շրջանի տեղական խորհրդի անդամ էր, Zaman-ին տված հացազրույցում ասել է, թե կցանկանար ընդդիմադիր կուսակցության անունից մասնակցել հունիսի 12-ի ընտրություններին:

«Ես երբեք չէի քննարկի այս հնարավորությունը, եթե Ժողովրդա-հանրապետականի նախկին ղեկավարությունը` Դենիզ Բայքալի գլխավորությամբ, շարունակեր մնալ կուսակցության ղեկին: Կուսակցության նոր ղեկավարությունն անհամեմատ ավելի բաց է եւ տարբերվում է նախորդներից», - հայտարարել է Ջեբեջին:

Իշխող կուսակցության հավանական թեկնածուների շարքում նշում են նաեւ «Ակոս»-ի նախկին աշխատակից, այժմ ազատական Taraf պարբերականի լրագրող Մարգար Եսայանի անունը:

Հայազգի թեկնածու է պատրաստվում առաջադրել նաեւ Ադրբեջանին մշտապես աջակցող եւ անցած հոկտեմբերին Անիի Մայր տաճարում խմբակային նամազ կազմակերպած «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

«Ազգայնամոլները քննարկում են Գեղամ Կարապետյանի առաջադրման հնարավորությունը: Նա իրավաբան է, վերջին 15 տարիներին այս կուսակցության անդամն է ու աշխատակիցներից մեկը: Կարապետյանը որեւէ կապ չունի հայ համայնքի հետ, տեղի հայերի որեւէ խմբում ազդեցություն չունի», - փոխանցեց «Ակոս»-ի խմբագիրը:

Արիս Նալջին չի բացառում, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո իրոք հայազգի թեկնածուներ առաջադրվեն: Դա սակայն, նրա կարծիքով, չի նշանակում, թե հաջորդ գումարման խորհրդարանում երկրի 60 հազարանոց հայ համայնքը ներկայացված է լինելու:

«Գալիք ընտրություններում կլինեն հինգ-վեց հայազգի թեկնածուներ: Իմ կարծիքով, սակայն, այն իրավիճակում, որ այսօր տիրում է Թուրքիայում, խորհրդարանում հայ անդամ ունենալն այնքան էլ իրատեսական չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ակոս»-ի խմբագիրը:

No comments: