Thursday, February 24, 2011

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԱՇՎԻՆ

-Անժելա, Դուք անմիջապես և ականտես, և մասնակից եղաք Եգիպտոսի հեղափոխությանը: Հեղափոխական ալիքն ամենուր է: Մենք ակտիվորեն քննարկում ենք` ի՞նչ է կատարվում աշխարհում, այստեղ էլ հանրահավաքներ են կազմակերպվում: Վերջին հանրահավաքին Տեր-Պետրոսյանն ասաց, որ սոցիալական պայթյունի օրը ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է։ Ի՞նչ եք կարծում, սոցիալական պայթյունի պահը մո՞տ է:
-Ինչպես արդեն մեկ անգամ նշել եմ, պետք է հաշվի առնել պատմական առանձնահատկությունները: Արաբական աշխարհում ծավալվող բողոքի հեղեղը նախևառաջ ուշացած դեմոկրատական ազատագրման ու գլոբալացված աշխարհի ընթացքին միանալու փորձ է: Բողոքի տարբեր դրսևորումները դասական իմաստով հեղափոխական չեն, երբ պահանջվում է մի ամբողջ սոցիալ-տնտեսական համակարգի վերաձևում, ինչպես բոլշևիկյան հեղափոխությունն էր: Վերջինս տակնուվրա արեց տնտեսական և սոցիալական ամենատարրական հարաբերությունների հիմքերը, այնինչ ներկայիս ալիքը իշխող գլոբալ կապիտալիստական լիբերալ շրջանակի մեջ մասնաբաժին ունենալու պահանջ է:
Այսինքն`ցուցարարները չեն պահանջում վերասահմանել իշխող ուժային հարաբերությունների կմախքը, այլ փորձում են այդ կմախքին տեղային մասնակցության միս ու արյուն հաղորդել: Ահա այս կետում է, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող ալիքը հոգեհարազատ է Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ինչպես իր նախագահության տարիներին, այնպես էլ հիմա, որպես սրբության սրբոց է ընկալում լիբերալիզմը և ուշ կապիտալիստական ազատ շուկայական հարաբերությունները:
Սակայն իրականում Տեր-Պետրոսյանը երբեք պոպուլիստ չի եղել, ինչպես նաև նրան երբեք էլ չի հաջողվել «ժողովրդի լեզվով» խոսել, և սա իր թե դրական, թե բացասական կողմերն ունի: Նույնիսկ սոցիալական խնդիրներից խոսելիս Տեր-Պետրոսյանը նախևառաջ մնում է որպես քաղաքական գործիչ, ավելին`պետական գործիչ, ողջախոհ լիբերալ դեմոկրատ, ով կանգնած է եղել Հայաստանում պետականության կազմավորման ակունքներին: Այս առումով որեւէ ռադիկալ քաղաքական ու սոցիալական առաջարկ, որ կարող է զանգվածներին դուրս հանել Հայաստանում բողոքի համընդհանուր ալիքի միջոցով, պետք է տեղի ունենա առանց Տեր-Պետրոսյանի կամ ընդհանրապես առաջնորդի կերպարի, ում կհետևեն այդ զանգվածները, և ով կձևակերպի նրանց պահանջը:
Այստեղ կարևորագույնն այն է, որ զանգվածներն իրենք կարողանան պահանջներ արտիկուլացնել, պահանջներ, որոնք սոցիալականից կտեղափոխվեն քաղաքական հարթության վրա: Թող տարօրինակ չհնչի, բայց նախևառաջ պետք է պահանջել Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա գործող իշխանություններինը: Միայն այսպես հնարավոր կլինի ավազակապետական օրենքի պաշտպանի (իշխանությունների) ու օրինավոր, ողջախոհ պետական գործչի (տեր-պետրոսյանական ընդդիմության ) փակ շղթայից ազատվելու և իրական փոփոխությունների սկիզբ դնելու: Վերջապես մեզ մոտ նման պայթյունի հեռանկար, ցավոք, մոտ ապագայում չեմ տեսնում: Պատճառները թե դեմոգրաֆիական են և թե առաջին հերթին մշակութային: Հակասականորեն, Հայաստանում մի կողմից վիճակը չափազանց վատ է, որպեսզի բողոքի համախմբված ալիք բարձրանա, մյուս կողմից`բավարար վատ չէ, որպեսզի իշխանափոխություն լինի:

-Մենք տեսնում ենք, որ Թունիսում առևտրականներից մեկի ինքնահրկիզումը պատճառ դարձավ հեղափոխական ալիքի բարձրացմանը: Տեր -Պետրոսյանն ասում է, որ հուսահատության եզրին հասցված ժողովուրդը, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե Կոնգրեսի կարծիքի, եւ թե նույնիսկ Ղարաբաղի վրա։ Ըստ Ձեզ` սա հավանակա՞ն տարբերակ է, երբ մենք տեսում ենք, որ մեզանում «թքած ունենալը» հիմնականում արտահայտվում է միայն և միայն արտագաղթով:
-Շատ կուզենայի, որ Տեր-Պետրոսյանի այսպես ասած նեգատիվ մարգարեությունն իրականանար, սակայն մեզ մոտ անուղղակիորեն ամեն օր առևտրականներ են հրկիզվում և ինքնահրկիզվում, զինվորներ սպանվում ու ինքնասպան լինում, քաղաքացիներ լքում ու չեն վերադառնում, բայց սպասված պայթյունն այդպես էլ տեղի չի ունենում: Քիչ առաջ նշածս դեմոգրաֆիական գործոն ասելով հենց սա ի նկատի ունեի: Այո, մեր պետությունը կամ ավելի ճիշտ պետական ստատուս քվոն իր գոյությունը քարշ է տալիս այսօր արտագաղթի հաշվին, որը երկակի օգուտ է տալիս գործող իշխանություններին: Նախ, այնքան քիչ մարդ է մնացել, որ զանգվածների մասին խոսել այլևս երևի թե չենք էլ կարող, և երկրորդ` արտագաղթի հետևանք հանդիսացող տրանսֆերներն են, որ ինչ-որ տեղ նաև կանխում են սոցիալական բունտը: Սակայն մի հույս կա, և սա թե լուրջ եմ ասում, թե հեգնաբար: Պայթյուն կարող է լինել այն ժամանակ, երբ քաղաքացիները դադարեն հեռուստասերիալ դիտել ու բողոքի քաղաքականությունը կառուցեն հեռուստասերիալի տրամաբանությամբ, այն է` աֆեկտիվ, էմոցիոնալ մակարդակի վրա: Միգուցե այս նախնական աֆեկտները զսպանակ հանդիսանան զանգվածների քաղաքականացման համար:

-Երբ ասում եք դադարեն սերիալ դիտելուց, նոր գուցե լինեն տեղաշարժեր, ի՞նչ ի նկատի ունեք, մի՞թե հասարակության «տուն քանդողը» սերիալներն են, մենք ունենք նաև մեկ այլ հասարակություն, որին կոչում են ֆեյսբուքյան հասարակություև, այս հասարակությունն արդյո՞ք չի կարող ակտիվացնել գործընթացները:
-Սերիալները նկատի ունեմ թե ուղղակի և թե անուղղակի իմաստով: Խնդիրը մեզ մոտ ֆետիշացվող հանդիսանքն է, որն ի վերջո նյութականի ֆետիշացումն է: Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ հանցագործությունը հայ հասարակության առջև նախևառաջ պետական մշակութային ու տնտեսական քաղաքականությամբ հանդիսանքը ինստիտուցիոնալացնելն էր, որի մեջ հետխորհրդային մարդը պրոյեկտում է իր ցանկությունները, իսկ այդ ցանկություններն ունեն որոշակի տնտեսություն, որի արդյունքն ի վերջո օլիգարխիկ նեոլիբերալ կապիտալի կուտակումն է մի քանի տնտեսաքաղաքական սուբյեկտների ձեռքում: Ի վերջո, հանդիսանքի հասարակությունը ենթադրում է պասիվ հասարակություն, եթե դասական մարքսիստական քննադատության ուղին բռնենք, երբ արտաքնայինն ընդունում է որպես նյութական իրականություն: Սա ուղեկցվում է հանրային բարիքի կորստով, հանրային ոլորտի սեղմամբ, երբ հանրայինը գործածվում է առևտրային շահույթի համար:
Սա ուղղակիորեն առնչվում է հեռուստասերիալներին, ոչ միայն մշակութային, այլ նաև տնտեսական իմաստով: Օրինակ` Հանրային հեռուստատեսությունը, որ ֆինանսավորվում է պետական հարկերի միջոցով, այդ հարկերը գործածում է սերիալներ նկարահանելու համար, իսկ վերջինս էլ ծառայում է գովազդային շահույթ ստանալուն: Այսինքն`քաղաքական և սոցիալական գիտակցության արթնացումը ենթադրում է հեռուստասերիալի տնտեսության մերժում և հանրայինի նկատմամբ պահանջի ձևակերպում:
Այսպես կոչված ֆեսյբուքահայությունից ես մեծ հույսեր չունեմ, քանի որ Ֆեյսբուքն ինքը ընդամենը սոցիալական տարածության վիրտուալ արտահայտություններից մեկն է: Ցավոք, մեր պարագայում այն հանդիսանում է քննդատական միտք պարունակող մի տարածություն, որ այնուհետև հանրային նյութական համայնքի չի փոխակերպվում: Եվ ի վերջո, զուտ քանակական առումով` որքա՞ն է ֆեսբուքահայության թիվը, արդյո՞ք ֆեսբուքահայությունը դնում է սոցիալական պահանջներ, արդյո՞ք արտիկուլացնում է քաղաքական ծրագրեր, որոնք առաջարկի հնարավորություն են ստեղծում: Նույնիսկ եթե այո, ապա ինչպես կարող են այդ պահանջները հանդիսանալ նյութական իրականության մեջ միջամտություններ... սրանք բաց հարցեր են ինձ համար:
Չեմ կարծում, որ պետք է առանձին ջանքեր վատնել տարբեր վիրտուալ համայնքների կազմավորման համար: Խնդիրը այստեղ առանձին ու առանձնացած համայնքներ կառուցելը չէ, լինեն դրանք ֆիզիկական, թե վիրտուալ,այլ գործող իշխանական կառույցների մեջ փոփոխություններ անելը: Եվ սա վերաբերում է նաև մասմեդիային: Սովորաբար հեղափոխությունների հաջողության նշաններից մեկը մասմեդիական իրականության ու փաստական իրականության միջև կապի խզումն է, երբ մասմեդիական իրականությունն այլևս հավատով կամ ճշմարտությամբ չի օժտվում, ու հավատի մակարդակում խզում է առաջանում ապրվող կյանքի ու մասմեդիական ներկայացման միջև: Ահա այս խզումն է, որ անչափ կարևոր է այսօր որեւէ ազատագրող շարժման համար:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 24-2-2011

No comments: