Tuesday, May 3, 2011

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

«ԱՅՍՕՐ», 03.05.2011: Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այն հռչակվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հատուկ բանաձևով:
Մայիսի 3-ի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում նշվում է, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է:
Ամեն տարի օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է գալիս ուղերձով:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը մասնավորապես ասում է, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։
Օրվա խորհրդով Հայաստանում ևս մի շարք միջոցառումներ են անցկացվում

No comments: