Tuesday, May 3, 2011

ՓՈԽԶԻՋՈՒՄ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ

«Lragir.am», 02/05/2011: Բնական է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները յուրաքանչյուր գործիչ փորձում է ներկայացնել իրեն շահավետ լույսի ներքո: Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Ազատության հրապարակը բացել ու քաղբանտարկյալներին ազատ են արձակում ոչ թե Հայ ազգային կոնգրեսի ու միջազգային հանրության ճնշման տակ, այլ սեփական բարի կամքից ելնելով:

Սակայն դա նույնքան ծիծաղելի է, ինչպես ՀԱԿ անդամների փորձերը` ապացուցելու, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ է խոսքը: Քանի որ այժմ 2011 թ մայիսն է, հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան ուղիղ մեկ տարի անց, և եթե նույնիսկ հայտարարվի, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2011 թ աշնանը, ապա դրանք արդեն արտահերթ ընտրություններ չեն լինի: Դրանք արտահերթ կլինեն, եթե խոսքը նախագահի ընտրության մասին է:

Սակայն, դատելով նրանից, որ երկխոսությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ է, փոխզիջումն էլ հենց այն է, որ հայտարարվի խորհրդարանի “արտահերթ” ընտրություն, իսկ նախագահի ընտրությանն առայժմ չանդրադառնան: Իհարկե, խորհրդարանի ընտրության ընթացքից, առավել եւս` ճնշման տակ անցկացվող, կախված է լինելու նաեւ նախագահի ընտրության արդյունքը, սակայն…

Գրեթե նույնը վերաբերում է քաղբանտարկյալների հարցին: Մայիսի վերջերին նրանց ազատ կարձակեն, սակայն նրանցից, ում մինչ այժմ ազատ են արձակել, ներողություն չեն խնդրել այն բանի համար, որ կալանավորել են քաղաքական մոտիվներով: Փաստորեն, քաղբանտարկյալների ազատ արձակումը նույնպես տեղի է ունենում “փոխզիջումային” տարբերակով` ոչ թե նոր դատաքննություն, արդարացում եւ ներողություն, այլ ներում, որը միայն հաստատում է այդ մարդկանց մեղքը եւ իշխանության “բարիությունը”:

Փոխզիջումը քաղաքական երկխոսության անբաժանելի մասն է, կողմերից յուրաքանչյուրն այն ներկայացնում է որպես իր հաղթանակ, եւ հասարակությունը պետք է ականջ դնի ոչ թե այն բանին, թե ինչ են ասում կողմերը, այլ նրան, թե ինչ է մնացել մակերեսին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: