Tuesday, May 3, 2011

Երկար անորոշությունից հետո քաղաքական դաշտը հստակեցվում է. Արմեն Մարտիրոսյան

«Tert.am», 02.05.11: «Հայ ազգային կոնգրես - իշխանություն երկխոսությունը ես միանշանակ ողջունում եմ, որովհետև երկար անորոշությունից հետո քաղաքական դաշտը կամաց-կամաց հստակեցվում է»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«ՀԱԿ-ի և իշխանության միջև առկա երկխոսության շնորհիվ քիչ-քիչ նշմարվում են նաև այն ուժերը, որոնք ակտիվ են լինելու նախընտրական գործընթացներում: Միակ ցավս այն է, որ երեք տարի ժողովուրդն այլ կարգախոսների և պահանջների տակ է հավաքվել, բայց հիմա պարզվում է՝ այլ խնդիրներ են առաջ քաշվել, այլ կարգախոսներ կան»,- նշեց նա:
Պատգամավորը համոզված է, որ «ՀԱԿ-ի և իշխանության երկխոսությունը» ընդդմիադիր մյուս ուժերին բոլորովին չի խանգարում: «Բայց այն ընդդիմադիր ուժերը, որոնք պայքարում են ոչ թե երկխոսության, այլ ժողովրդի պահանջները լուծելու, երկրում բարեփոխումները օր առաջ անելու համար, նրանց պատասխանատվությունն ավելի է մեծանում»,- ասաց Մարտիրոսյանը:
Պատգամավորը մտահոգություն ունի, որ ՀԱԿ-ին համակրող հասարակությունը կարող է հիասթափություն ապրել: «Դա շատ լավ երևաց հատկապես ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ»,- ասաց նա:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 28-ի հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ իշխանությունների հետ երկխոսության դուռը եթե ոչ բաց, ապա առնվազն կիսաբաց է:
Ընդդիմադիր դաշտում՝ որոշակի զարգացումներ
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում, այնպես էլ այսօր, շարունակում է հանդիպումները ընդդիմադիր ուժերի, քաղաքական գործընկերների հետ: «Այդ գործընթացը այսօր էլ շարունակվում է: Թե արդյունքում դա կդառնա նախընտրական դաշինք, քաղաքական դաշինք կամ մեկ այլ բան, ցույց կտան հետագա գործընթացներն ու հասարակության պահանջը»,- ասաց նա: Պատգամավորի կարծիքով՝ ընդդիմադիրների շրջանում ներկա գործընթացներն առաջիկայում կարող են բերել նոր զարգացումների:
«Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կտեսնենք որոշակի զարգացումներ, համատեղ գործողություններ ընդդիմադիր դաշտում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մայիսի 21-ին իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական բաց ժողով է հրավիրելու: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ օրը հնչեն ընդդիմադիրների համագործակցության մասին հայտարարություններ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովն է, բայց եթե համատեղ որոշումներ ընդունելու առաջարկ արվի, մենք դա կողջունենք»:

No comments: