Monday, September 19, 2011

Իրանի ՊՆ ղեկավար. Իրանին С-300-ներ մատակարարելու Ռուսաստանի հետ պայմանագիրը պետք է կյանքի կոչվի

News.am. 19-9-2011- Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու Ռուսաստանի հետ պայմանագիրը պետք է կյանքի կոչվի, «ԻՌՆԱ» գործակալությանն ասել է Իրանի ՊՆ ղեկավար Ահմադ Վահիդին։
«Մենք առաջվա նման համոզված ենք, որ Իրանին С-300-ներ վաճառելու մասին պայմանագիրը պետք իրականանա։ Սա բոլորովին առանձին թեմա է եւ այլ հարցերի հետ ոչ մի կապ չունի։ Մենք հուսով ենք, որ ռուսական կողմը կընտրի ճանապարհ, որը կբերի այս պայմանագրի պայմանների լիարժեք կատարմանը»,- հայտարարել է իրանցի նախարարը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոսկվան եւ Թեհրանը С-300 համակարգերի մատակարարման պայմանագիր կնքել էին դեռ 2007-ին։ Դրանք Իրանին պետք է պաշտպանեին ավիահարվածներից։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ղեկավարները դեմ էին արտահայտվել այս պայմանագրի իրագործմանը։ Մինչ այժմ Իրանին ոչ մի նման համակարգ չի մատակարարվել։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին մի հրամանգիր էր ստորագրել, որով արգելվում է Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։

No comments: