Monday, September 19, 2011

Դ. Բաբայան. Բաքուն ամեն անգամ նույն ապակառուցողականությամբ է արձագանքում

Panorama.am. 19-9-2011- «Ընտրությունները նորմալ են անցել, շատ քաղաքակիրթ ձևով, բավականին հանգիստ: Անկեղծ ասած մենք սպասում էինք Ադրբեջանի կողմից նման արձագանքի: Ամեն անգամ ԼՂՀ-ում ընտրությունների նախաշեմին այդպիսի մի ապակառուցողական հայտարարություն է հնչում Բաքվի կողմից: Մեզ համար դա որևէ ազդեցություն չունի, ուղղակի այդ մեկնաբանություններից որևէ մեկը լուրջ չի, և մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, շարունակելու ենք ընտրություններ անցկացնել, շարունակելու ենք զարգացնել մեր տնտեսությունը, կառավարման համակարգը և այլն և այլն»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, ինչպես նաև դրա անցկացման առնչությամբ Բաքվի արձագանքին, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Հետևաբար սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ պետության ապակառուցողական լինելը, որովհետև, եթե նույնիսկ Արցախը ճանաչված Հանրապետություն չէ, ընտրությունները որևէ մեկը չի կարող արգելել, որովհետև այն ժողովրդավարությանը հատուկ պրոցես է, սա մարդկանց իրավունքն է, հետևաբար նման քայլերով Ադրբեջանը ոչ միայն իր վարկանիշն է գցում միջազգային հանրության աչքերում, այլև խախտում է միջազգային կարևորագույն նորմերն ու իրավունքները»:

No comments: