Monday, September 19, 2011

Ադրբեջանի ղեկավարները շատ են սիրում իրենց ուզածով մեկնաբանել մադրիդյան առաջարկությունները. Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 19-9-2011- Բաքուն մոլորության մեջ է գցում իր հասարակությանը՝ ասելով, թե Հելսինկիի եզրափակիչ ակտում խոսվում է տարածքային ամբողջականության շրջանակում հակամարտությունների կարգավորման մասին: Այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սփյուռքի կազմակերպությունների և ներկայացուցիչների` այսօր մեկնարկած համահայկական համաժողովի ընթացքում։
Ըստ նրա՝ նման բան եզրափակիչ ակտում չկա։ Իսկ նրանց համար, ովքեր կարդում են տողեր, որոնք իրենց դուր են գալիս, և չեն ցանկանում կարդալ մինչև վերջ, նախարարը նշեց, որ միջազգային իրավունքի տարընթերցումների պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը գերակա է:
Անհրաժեշտ է լիարժեք իրագործել այն երեք սկզբունքները և վեց տարրերը, որոնց մասին հիշատակել են համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարություններում:
Ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ հետին պլան մղել Արցախի բնակչության իրավունքը` որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:
Մինչև Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղն ունենալու է միջազգային կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի: Դա հենց այն է, ինչն առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ինչին համաձայնել էր Ադրբեջանը 2009թ. մայիսին Պրահայում. ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է «ստատուս քվո +», այսինքն` այն ամենը, ինչ ներկայում ունի ԼՂ-ն` գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում:
«Ադրբեջանի ղեկավարները շատ են սիրում իրենց ուզածով մեկնաբանել մադրիդյան առաջարկությունները` հույս փայփայելով, որ դրանք կընդունվեն հալած յուղի պես, բայց ոչ ոք այդ մեկնաբանությունների կարիքը չի զգում»,- ասաց ԱԳ նախարարը:

No comments: