Monday, September 19, 2011

Մենք ենք թագադրողը

Անկախության 20-ամյակի կապակցությամբ զրուցել ենք քաղաքագետ Նվարդ Մանասյանի հետ
-Նվարդ, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի`ՀՀ անկախության 20-ամյակի տոնական տրամադրությունը պետք է տարածվի ողջ հանրապետությունում, իսկ տոնակատարությունն էլ սկսվելու է “Հայաստանը դու ես” կարգախոսով, այդ կարգախոսով երգեր են գրվում: Որքանո՞վ է առհասարակ այս ամենը տոնական տրամադրություն հաղորդում երկրին: Շատերի կարծիքով`այն այսօր ֆորմալ և ոչ բովանդակային բնույթ է կրում:
-Կարծում եմ`վարչապետի`«տոնական տրամադրությունը պետք է տարածվի ողջ հանրապետությունում» արտահայտությունը որպես ցանկություն հասկանալի է, բայց պարտադրելու անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև «պետք է» բառը իր գործառույթով ավելի շատ պետության այսօրվա երաշխավորը հանդիսացող իշխանությանն ուղղված վեկտոր ունի: Ինչ վերաբերում է «Հայաստանը դու ես» երգին և այն կարգախոս դարձնելուն, այստեղ էլ «պետք է» -ի թաքնված շեշտադրում կա: Իրավիճակն այնպիսին պետք է լիներ, որ ես մեծագույն ուրախությամբ ասեի` Հայաստանը ես եմ և ինձ չպետք է մատնացույց անեին կամ հիշեցնեին, որ Հայաստանը դու ես: Եթե մատնացույց են անում, ուրեմն խնդիր ունենք, որ չմոռանանք`Հայաստանը մենք ենք, քանի որ դատելով արտագաղթելու տենդենցից, պարզ է դառնում, որ շատերը ճամպրուկները հավաքել են ու երկրից ուզում են գնալ: Ինձ ավելի հոգեհարազատ է «Հայաստանը ես եմ» ձևակերպումը: Այսինքն`խնդիր կա, դրա համար էլ մատնացույց է արվում, քանի որ ազատության տիրույթում պետք է թույլ տան, որ ես ընտրեմ` արդյոք Հայաստանը ես եմ, թե ես չեմ:
Իսկ ինչ վերաբերում է անկախության` իմաստային առումով ձևական կողմին, ապա սա ներքուստ հավերժական ճանապարհի է նմանվում, որովհետև անկախությունը և ազատությունն ինձ հետ ծնված անքակտելի մասնիկս են, իմ որակները: Թե ինչքանով են դրանք գիտակցվել, նաև իմ անհատական հասունության մասին են խոսում, բայց դրան զուգահեռ նաև իմ պետության հավաքական սոցիալական հասունության մասին ենք խոսում, որովհետև եթե սոցիալապես հասուն պետություն լիներ, ես անհատական ավելի արտահայտված զգացողություն կունենայի իմ ընկալումներում: Հաճախ ճոռոմ է հնչում` անկախությունն անփոխարինելի է, բացարձակ է, անքննելի է, բայց չենք իմանում` ինչո՞ւ ազատությունը անքննելի արժեք դարձավ, և այդ պատճառահետևանքային կապը պետք է տեսնել, որպեսզի նաև արժևորել: Այլապես երբ դատարկության մեջ են ասում, դառնում են պաստառային, լոզունգային բառեր, որոնց կարող են գովազդների, երգերի միջոցով հետևել, բայց դրանց բովանադակությանը մնալ անհաղորդ:
Այսինքն` մեծ հաշվով իսկապես 20 տարիների ընթացքում չտրվեցի՞ն անկախության բովականդակային ձևակերպումները, եւ դրա համա՞ր է ամեն ինչ ձևական ստացվում:
Շատ առումներով, կարծում եմ, այո: Անկախությունը ինձ համար արժևորված եզրույթ եմ համարում մարդու իրավունքների և անհատի իրավունքների գործադրման միջոցով սուվերեն լինելու տեսանկյունից: Սուվերենությունը որպես հավաքական որակ, ճիշտն ասած, դեռ չեմ զգում, քանի որ ընտրությունների առումով լեգիտիմության խնդիր ունեմ, որը շարունակվում է: Ես դեռևս կայացած ընտրական համակագում կամքս դրսևորելու հնարավորություն չեմ ունեցել: Եվ այս առումով ես մասնակի սուվերենության զգացողություն ունեմ, քանի որ ես իմ տանը վարձով ապրողի կարգավիճակում եմ հայտնվել: Եվ այստեղ է, որ «անկախությունը» միայն կարող եմ ձևական որպես բառ ընկալել, բայց դրա բովանադակության հետ ես իմ առօրյա կյանքում չեմ առնչվում: Ես իմ առօրյա մշակութային, կենցաղային կյանքը կազմակերպել չեմ կարողանում: Չկան նորմալ հասարակություններում առկա բանակցությունների խողովակները, որոնցով ես իմ անհատական ցանկությունները դարձնեմ հավաքական մեծ երգ:

-Ինչո՞ւ մինչև հիմա չկան կամ չեն ձևավորվում:
-Մեր մեջ ինչ-որ միջնադարյան մնացուկներ կան, որոնցից որպես կառավարման համակարգ պետք է ազատվենք, բայց ավելին որպես արժեհամակարգ պետք է ձերբազատվենք: Մենք ուղիղ կապը չենք տեսնում, որ մենք ենք թագադրողը, իշխանություն տվողը, մենք ենք օրենքի ձևաչափերը առաջարկողը, բանակցողն ու օրենսդրողը: Մենք այս պրոցեսներին չենք մասնակցում` սկսած կրթական համակարգից, վերջացրած դատական համակարգով, եթե ես կրթության մեջ չունեմ հնարավորություն ամբողջապես դրսևորվելու, և դա կախված է այն փաստից, թե ինչ գրպան և ինչ դրամապանակ կունենան իմ ծնողները, կախված նրանից`քաղաքում եմ ծնվել, թե գյուղում, իմ կյանքը ամողջությամբ անկանխատեսելի բացասական հետագծով կգնա, քան եթե ես քաղաքում լինեի և քաղաքում գնայի դպրոց: Այն փաստը, որ մինչև ես դատարանում ծանոթ չունեմ կամ չեմ կարողանում կաշառել դիմացինին, ես չեմ ունենա ինձ անհրաժեշտ մոտեցում, որովհետև չկա հավաքական բանակցություն, քաղաքական լուծում չկա, ես էլի իմ եսն եմ պարտադրում: Նույնիսկ եթե ես գրպանում կարողություն ունենամ, սուվերեն այդտեղ չկա, սուվերենը հավաքականն է, և անկախությունը հենց այդ սուվերենի ձևի մեջ է դրսևորվում և դրա տարբեր շերտերի միջև հաղորդակցությամբ: Օրինակ`քաղաքում կառուցապատման աշխատանքներ են տարվում, գմբեթ են կառուցում, եկեղեցի են որոշում կառուցել, փողոց են ավելացնում, և այս ամենին ժողովուրդը չի մասնակցում: Օրենքներ են փոխվում, ժողովուրդը չի մասնակցում այդ ամենին, և ոչ միայն մեխանիզմը չկա, այլ նաև ինքնագիտակցությունը չկա, որ ես իմ երկրում կարող եմ ինչ-որ բան փոխել:

-Դա պայմանավորո՞ւմ եք խորհրդային տարիների «քաղցր հուշով»:
-Խորհրդային անցյալը մեզ նախ «ստերիլիզացրեց» որպես քաղաքացիներ և մեր սիրելի ավագ սերնդի համար անհասկանալի մնաց մարդ արարածը մեծամասնության մեջ, որովհետև այդ համակարգում չէր էլ ենթադրվում, որ մարդը պետք է ընտրողականություն ունենար, և այս կամ այն բանը կարողանար ընտրել: Ամեն ինչ սկուտեղի վրա կար, բայց ես այդտեղ ներքին արժեքային էթիկական հարցադրումներ չէի անում, ես մտագործունեական հնարավորությունների ներկապնակ չունեի, որ հասկանայի` եթե սա եմ ընտրում, հետևանքն ինչը կլինի, այս ամենը պահանջում են մասնակցային դիրքորոշում: Սրանից մենք զրկվեցինք: Փոխարենը մեզ տրվեց «անվերջ պաշտպանվածություն», որտեղ մեր հացի խնդիրը լուծված էր, և այդ անվտանգությունը մնաց որպես մի քաղցր հուշ: Չկա այդ նոր գիտակցությունն անհատի անկախության և ազատության մեծագույն արժեք լինելու առումով: Ոչ մեկի համար անգամ քննարկման առարկա չէ, որ շուկայում հանված որևէ ապրանք պետք է որակ ունենա և այն անքակտելի է: Մարդն անքակտելիորեն ունի անկախության և ազատության իրավունք, բայց սովետական մարդու համար անշոշափելի, դրա պատճառահետևանքային կապերով չգիտակցված մի բան, որը հագուրդ չէր տալիս մեր բոլոր ցանկություններին և մեզ համար այն մնաց ձևական: Ես հիշում եմ երբ անկախության հռչակագիրը ընդունվեց խորհրդարանում/թեև մեծամասնությամբ հռչակվեց/, երկակի զգացողություններ կային, ավագ սերնդի մի ստվար հատված այդ հարցադրումով էլ ապրեց և մահացավ` մեզ պե՞տք էր անկախությունը, ի՞նչ է տալիս այն մեզ: Ես պատանեկության շրջանում էի և բացատրություն չունեի, զգում էի` այդտեղ մեծ բան կա, բայց թե այդ մեծ բանն ինչ է, չէի կարողանում բացատրել: Անկախությունը ինչ-որ պատուհան բացեց, որը օդ բերեց երկիր:
Հիմա օ՞դ կա, թե՞ վակուումային իրավիճակ է:
Հիմա արդեն ինչքան գիտակցել եմ (ամբողջության մեջ չեմ կարծում` հնարավոր է երբևէ անկախությունը և ազատությունը գիտակցել, շատ գիտնականներ մտածել և դրանց շարքում եղել են խելագարվողներ) անկախությունը որպես որակ անվերջ սահմաններ ունի, և այդ սահմանների ամբողջականությունը, անկախության անվերջությունը պետք է աստիճանաբար փոքր անվերջությունների մեջ յուրացնել, հասկանալ դրանց գործիքակազմը, թե դրանք կիրառական ինչ նշանակություն ունեն մեզ համար, սեփական ինքնությամբ, դիմագծով, բանակով, բոլոր թերություներով, խնդիրներով պետք է քննարկենք, լուծում տանք, քանի որ մենք ունենք չօգտագորված հնարավորություն, որ պետք օգտագործենք և հաղթարահենք` հասկանալով որպես բացարձակ որակներ:

-Նվարդ, շատ հաճախ կարծիք է հնչում, որ բանակը բացարձակ արժեք է, և որ այնտեղ առկա խնդիրները չպետք է բարձրաձայնվեն, կամ ո՞ր բանակում չի լինում սպանության դեպքեր:
-Նախ որակումը, թե որ բանակում չի լինում նման դեպքեր, ընդունելի չէ: Իսկապես բոլոր բանակներում էլ անխուսափելիորեն նման բաներ կան, իհարկե ոչ այսքան: Մեր ընդվզումը անարդարության դեմ էր, դրա պրոցեսուալ խնդիրների դեմ, թե ինչպես են, օրինակ, ընթացք տալու բոլոր այդ առաջացած խնդիրներին, արդյոք այդ խնդիրները պատշաճ լուծում են ստանում: Եթե մարդը կարող է իրեն երկու անգամ դանակահարել, եթե կարող է ինքնասպան լինելուց հետո հանել սեփական կաղապարը, եթե նման բաներ գիտությանը հայտնի են, ես շատ ուրախ կլինեի լսել: Սուվերենի փաստը, անկախության ամբողջ մեծությունը նրա մեջ է, որ ես չափահաս եմ որպես քաղաքացի, և ինձ հետ բոլոր կողմերը պետք է ազնիվ խոսեն,քննարկեն, թաքցնելու բան չկա: Ուրիշ խնդիր, որ կարող ենք երկխոսությունը գռեհկացնել, կարող ենք պոլիֆոնիկ հաղորդակցական հնարավորությունները փչացնել: Բայց չեմ կարծում մարդիկ, ՀԿ-ները, իրավապաշտպանները և լրագրողները սահմանն անցել են, մարդկանց տեսանելի է` ինչ է կատարվում բանակում: Եվ կարծում եմ` մենք` որպես կողմեր, մեր սահմանները չենք անցել, մենք դեստրուկտիվ գործողության չենք գնացել, ընդհակառակը, փորձել ենք օգնել գործընթացի առողջացմանը: Եվ սա է անկախությունը, անկախությունը ամեն օր է, ամեն պահ: Հանուն անկախության անընդհատ են արյուն թափել հեղափոխություններով, ազատագրական կռիվներով: Անկախությունն այնքան բացարձակ և այնքան շոշափելի է, քիչ բան չէ, երբ մարդը հասկացել է այսօրվա կյանքը ինչի համար է ապրում, նույնիսկ իր անգիտակցականի մեջ է հասկացել, որ ինքը անսահման բան է ձեռք բերել հանուն որի նույնիսկ մեռնելն ափսոս չէ: Եվ ես այսօր դա վայելում եմ ու դրա շարունակողն եմ:

-Սրա՞նք են ըստ էության անկախության ձեռբերումները:
-Սրանք ձեռքբերումներն էին, որոնք շերտերով պետք է դիտարկել: Իմ կարծիքով, այդ «անսահմանություն մեկը» կարծես թե հաղթահարել ենք անկախության հռչակագրի ընդունման պահին:

-Մեր նախորդ զրուցակիցներից մեկն ասում է, որ ինչ-որ առումով անկախության կասեցում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ով:
-Ընդհանրապես բռնությունները միշտ կասեցնելու փորձ ունեն՝ մարդուն նետելով վախի բնազդով պայմանավորված կենսագործունեության ճիրանները: Հոկտեմբերի 27-ը, սեպտեմբերի 11-ը, բոլորը բռնության ակտեր են, որոնք ուղղված են անկախության դեմ, այն բանի դեմ, որ ես` որպես սուվերեն, վատ իմաստով իմ չափը ճանաչեմ, այսինքն`այնքան վախենամ, որ ինքնագոյատևման բնազդը վերագրվի իմ ազատ անհատական և քաղաքական արարչագործական մտածողությանը: Եվ այդ գործողությունների անիվը սկսում է պտտվել հակառակ ուղղությամբ, դրանք հանրային տարածքից տանում են իշխանություն` սուվերենից վերցնելով լծակները: Միանշանակ հոկտեմբերի 27-ը այդպիսի մի փորձ էր, որը ինչ-որ առումով սուվերենին ուժեղ սթրեսի և ճնշման ենթարկեց:

Սիրանույշ Պապյան

No comments: