Thursday, October 13, 2011

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԻՆ

Թուրքական հակազդեցությունը ստանում է շարունակական բնույթ եւ հետզհետե սանձարձակ է դառնում

«ԱԶԳ», 13-10-2011- Նախորդ համարում «Թուրքերն ինձ արդեն ատում են» վերնագրով նշել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցը, նրաՙ թուրքական իշխանություններին հասցեագրած պատմության հետ առերեսվելու կոչն ու «Թուրքիան չի կարող անդամակցել Եվրոմիությանը» արտահայտությունը հավասարակշռությունից հանել են պաշտոնական Անկարային: Այդ իսկ պատճառով էլ թուրքական հակազդեցությունը ստանում է շարունակական բնույթ, իսկ հակազդեցության ոճը հետզհետե սանձարձակ է դառնում:
Դրա վառ ապացույցը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն են: Հոկտեմբերի 11-ին իր մոր մահից հետո նա Մեջլիսում առաջին ելույթն էր ունեցել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խմբակցության առջեւ: Օգտվելով առիթից նշենք, որ վարչապետ Էրդողանը շատ էր կապված մոր հետ, թաղման ժամանակ, որը հեռարձակվում էր թուրքական հանրային հեռուստատեսությամբ, չէր կարողանում զսպել արցունքները: Միաժամանակ, մոր մահվան օրը նույն հեռուստատեսությամբ հայտարարվել էր, որ վարչապետ Էրդողանի ընտանիքը ծաղկեպսակ չի ընդունելու, ուստի նրանք, ովքեր այդպիսի մտադրություն ունեն, ապա ծաղկեպսակի գումարը փոխանցեն բարեգործական միության ներկայացված հաշվեհամարին: Այսպիսով, Թուրքիայի վարչապետի մոր թաղումը կատարվել էր առանց ծաղկեպսակի:
Համենայն դեպս խմբակցության առջեւ ունեցած ելույթում վարչապետ Էրդողանը, ինչպես երեկ «Դունիա բուլթենի» կայքէջն էր նշում, ասել է. «Աֆրիկայում շատ լավ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ Ռուանդայում եւ արեւմտյան պետություններից որ մեկն է մյուսների հետ բռնություն կիրառել այնտեղ: Հանկարծ մեկ էլ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում, առաջիկա ընտրությունների հաշվարկով, հարկ է համարում խորհուրդներ տալ Թուրքիային: Դու նախ քեզ կարգի բեր, ապա նոր խորհուրդներ տուր: Չի կարելի Ֆրանսիայում լինել մեկ, Հայաստանում ուրիշ տեսակ, իսկ Թուրքիայի նկատմամբ բոլորովին այլ ձեւ ընդունել: Քաղաքականությունը ազնվություն է պահանջում, ազնվություն: Հենց դա պետք է դրսեւորես: Եթե քո երկրում 600 հազար հայ կա, ապա թուրքերի թիվն էլ այնտեղ գոնե 500 հազար է: Եթե դու այսպիսի ճղճիմ մոտեցում ես ցույց տալիս, կներես, բայց իմացիր, Թուրքիան այն փոքրիկ պատառը չէ, որ հեշտությամբ կուլ գնա: Պետական գործչի պարտականությունը ոչ թե առաջիկա ընտրությունների, այլ ապագա սերունդների մասին մտահոգություններով առաջնորդվելն է: Այս հատկանիշներից զուրկ պետական գործիչները իրականությանը դեմ դիմաց հայտնվելիս են զգալու, որ արդեն շատ ուշ է»:

No comments: