Thursday, October 13, 2011

«ՀՐԱՆՏ ԴԻՆՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ` ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՅԵՐԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԽԼՎԱԾ ԿԱԼՎԱԾՆԵՐԸ

«ԱԶԳ», 13-10-2011- Քաղաք Ստամբուլ, Հալասքարգազի փողոց: Հենց այս հասցեում են «Ակօս» թերթի խմբագրատունն ու «Հրանտ Դինք» հիմնադրամը: Թերթը հիմնադրվել է 14 տարի առաջ: Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնադրած 10 պարբերականներից երեքը հայկական են` «Ակօս», «Մարմարա» եւ «Ժամանակ»: «Ակօսն» իր գաղափարներն ու մտահոգությունները ընթերցողների դատին է հանձնում յուրաքանչյուր հինգշաբթի` 5.000 օրինակով: Շաբաթաթերթի 24 էջից միայն 4-ն է հայերեն: Թերթի աշխատակիցները հավելում են, որ «Ակօսը» նաեւ հայերենը մոռացած հայի թերթն է: Թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ազգ»-ի հետ զրույցում ներկայացնելով «Ակօս»-ի գաղափարախոսությունըՙ շեշտում է թերթի ընդդիմադիր սոցիալիստական կեցվածքը: «Ակօս»-ն այսօր միակ ընդդիմադիր հայկական թերթն է, մնացածները համակերպվել են ներկայիս իրավիճակին», ասում է նա:
«Հրանտ Դինք» հիմնադրամը ստեղծվել է 2007թ. հունիսին` նպատակ հետապնդելով պայքարել ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պահպանման, արվեստի դերի բարձրացման եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Հիմնադրամը ազգային խտրականություն չի ճանաչում: Այստեղ աշխատում են հայեր, թուրքեր, քրդեր, չերքեզներ` ժխտելով նացիզմի գաղափարախոսությունը: Նրանք խոստովանում են` մարտի են դուրս եկել ատելության դեմ: Բացասական գնահատելով ատելությունը եւ պայքարելով նրա դեմ, յուրաքանչյուր օր հիմնադրամի աշխատակիցներն ուսումնասիրում են տեղական 4 պարբերական, կատարում վերլուծություն եւ արդյունքներն ուղարկում խմբագրություններ` հավելմամբ, որ անհրաժեշտ է մարդկանց միջեւ բարեկամության կամուրջ կառուցել, այլ ոչ թե խորացնել ատելությունը:

Արդեն վեց ամիս «Հրանտ Դինք» հիմնադրամը մշակում է ծրագիր, որով պետք է թուրքական կառավարությունից վերադարձվի հայկական կալվածները: Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով հիմնադրամը համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ: Փաստերի եւ արխիվների ստուգումից, քարտեզների ուսումնասիրությունից հետո հիմնադրամը մտադիր է դատական կարգով վիճարկել հայկական բազմաթիվ կալվածները համայնքին վերադարձնելու հարցը:

Հիմնադրամի աշխատակից Նորա Միլտանօղլուն այսօր բացառապես զբաղվում է կալվածների վերադարձման խնդրով: Նա պատմում է, որ 1936թ. իշխանությունները ազգային փոքրամասնությունների ունեցվածքի, կալվածների ցուցակն են պահանջել, սակայն 70-ականներին պետության հարաբերությունները Հունաստանի հետ սրվել են, եւ Թուրքիայի պաշտոնական փաստաթղթերում օտար ժողովուրդների կալածները չեն հաշվառվել: Տարիներ անց հերթական որոշումն է կայացվել, ըստ որի չհաշվառված կալվածները, հողերն ու շենքերը պետք է անցնեն պետության իրավասությանը: Ազգային փոքրամասնությունները, ներառյալ հայերը, կորցրել են հսկայական տարածքներ, պատմական շենքեր: «2002-ին, երբ Թուրքիան ցանկացավ անդամագրվել ԵՄ-ին, օրենքում որոշ շտկումներ կատարվեցին, սակայն էական օգուտ չտվեց: Այսօր հիմնադրամի առաքելությունն է դատական կարգով կալվածները կրկին վերադարձնել տիրոջը», ասում է Նորա Միլտանօղլուն: Հիմնադրամի աշխատակիցներն ուսումնասիրում են քարտեզները, եկեղեցու փաստաթղթերը, արխիվները: Նշյալ ուսումնասիրության համար տրամադրվել է 18 ամիս, որից 6-ն արդեն լրացել է, սակայն աշխատակիցներն արդյունքից գոհ չեն: Պատճառն, ըստ Միրտանօղլու, ստամբուլահայերն են, որ հիմնադրամին օգնելու հարցում ոգեւորված չեն: Բագրատ Էստուկյանի գնահատմամբ` ստամբուլահայերը վախենում են եւ չեն ցանկանում դուրս գալ պետության դեմ, անգամ իրենց սեփական շահերը պաշտպանելու: «Ստամբուլահայերի աջակցությամբ կամ առանց նրանց լուրջ քայլեր են մշակվում իրավական ճանապարհով հաղթանակի հասնելու», ասում է Էստուկյանը` հավելելով, որ Թուրքիայի գաղափարները հարյուր տարի առաջ եւ այսօր չեն փոխվել: «Հայերը շարունակում են մնալ թուրքերի աչքի փուշը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստամբուլ-Երեւան

No comments: