Saturday, December 31, 2011

Իսկ ո՞րն է թուրքերի ցավը

«Լրագիր» 30-12-2011- Եթե հավատանք լրատվամիջոցներին, Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան «հարգանքով է վերաբերվում հայերի ցավին, թող իրենք էլ մեր ցավը հարգեն»:
Թուրքիայի արտգործնախարարը նաեւ կարծում է, որ «միակողմանի հիշողություն» ունենալն արդար չէ: Այսինքն ի՞նչ, հայերը պետք է ցավեն նաեւ Թուրքիայի՞ համար:
Դավութօղլուն հաստատ նյութին չի տիրապետում: Եթե ծանոթ լիներ հայ գրականությանը, ապա կիմանար, որ Հովհաննես Թումանյանը «Հոգեհանգիստ» բանաստեղծություն է գրել` «ցավի» տարում եւ այսպիսի տողեր ունի.
-Հանգեք, իմ որբեր...
Մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես պիտ մնա:
Եթե սա թուրքերի «ցավի» հանդեպ հարգանք չէ, ապա ի՞նչ է: Երեւի` տիեզերական բողո՞ք: Բայց, միեւնույն է, «մարդակեր գազան մարդն» այդ պահին Օսմանյան Թուրքիան էր: Եւ Թումանյանը Թուրքիայի համար է ցավ ապրել, որ «մարդ» է, բայց` մարդակեր գազան, որ դեռ երկար այդպես էլ կմնա:
Ահա, թերեւս, այս իմաստով Դավութօղլուին կարելի է հասկանալ: Նա ըստ երեւույթին ուզում է ասել, որ հայերը պիտի հարգեն Թուրքիայի «ցավը», որ չի կարողանում ազատվել մարդակեր գազանի կերպարից եւ մարդկայնանալ:
Բայց, ինչպես Թումանյանի խոսքն է վկայում, հայ ժողովուրդը 100 տարի առաջ է հասկացել Թուրքիայի «ցավը». 1912թ. գրած մի հոդվածում Թումանյանը հանճարեղորեն բացատրել է Թուրքիայի «ցավը»: Այն, որ այդ երկիրը նստած է ուրիշ ժողովուրդների հայրենիքի վրա եւ, որպեսզի այն իրենը դարձնի, այլ բան չի հղացել, քան` ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր դա հիշում են:
Հայերը եւ հույները Թուրքիայում հայրենազրկվել են: Հերթը քրդերինն է: Երբ Դավութօղլուն խոսում է Թուրքիայի «ցավից», պետք է հասկանալ, որ նա ուզում է, որպեսզի հայերս հասկանանք, որ մեզ հետ թուրքերն այլ կերպ վարվել չէին կարող: Քանի որ մենք «Թուրքիայից հայրենիք էինք ուզում»: Բայց չէ՞ որ մենք մեր հայրենիքն էինք ուզում, ոչ թե` իրենցը:
Եւ կա՞ աշխարհում մի ժողովուրդ, որ իր հայրենիքը մոռացել է: Ոչ: Դավութօղլուին խորհուրդ կտայի կարդալ Վիլյամ Սարոյանի «70 հազար ասորի» պատմվածքը: Հայրենազրկումից հազարամյակներ հետո անգամ ասորիները հիշում են, որ հայրենիք ունեցել են: Եղել են իրենց ժամանակի ամենածաղկուն քաղաքակրթության կրողը: Չասե՞ն: Չհիշե՞ն:
Եթե հիշել պետք չէ, ապա Դավութօղլուի Թուրքիան ինչու՞ է ձգտում միավորել թրքախոս ժողովուրդներին ու դառնալ համաշխարհային քաղաքականության ինքնուրույն բեւեռ:
Էլի թող դառնա: Բայց` ոչ մեր հայրենիքի եւ հիշողության հաշվին: Թող հասկանա, որ մեր հիշողությունը մեծամասամբ ոչ թե կորցրածն անպայման ետ բերելու, այլ ունեցածը պահելու իմաստ ունի: Թե չէ, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է դարձյալ հանճարեղորեն բնութագրել` «թուրքի ամայացնող հայացքը նայում», մեր հայրենիքը տեսնում է, մեզ այնտեղ` ոչ:
Մի՞թե այս «ցավը» նկատի ունի Դավութօղլուն, որ հայերը «պիտի հարգեն»:
Վահրամ Ավետիսյան

No comments: