Saturday, October 6, 2012

ՆԱՏՕ-ի բազաներ Հայաստանում

Թուրքիայի խորհրդարանը որոշում է ընդունել, ըստ որի այդ երկիրը կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ, կապված սահմանային փոքր միջադեպի հետ, որի համար Սիրիան արդեն ներողություն է խնդրել: Տվյալ որոշումն, անշուշտ, դեմագոգիկ նշանակություն ունի, կապված չէ Թուրքիայի անվտանգության խնդիրների հետ եւ ուղղված չէ Սիրիայի դեմ: Թուրքիան երկար ժամանակ փորձում է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ներգրավել Սիրիայում ռազմական ինտերվենցիայի մեջ, քանի որ հասկանում է, որ Եվրատլանտյան հանրությունը հաջողությամբ արգելափակում է իրեն մերձավորարեւելյան կարեւորագույն ուղղություններով: Թուրքիայի հարավում կառուցվում է հզոր եւ բավական խնդրահարույց աշխարհքաղաքական արգելապատնեշ թուրքական էքսպանսիայի ճանապարհին: Անկասկած է, որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն Թուրքիային վերապահել են բացառապես օպերատիվ-տակտիկական դեր այս ճգնաժամում, ինչը վնասներ է հասցնում Թուրքիային, եւ որի հետ այս երկիրը չի ուզում համակերպվել: Խնդիրը նույնիսկ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի մտադրությունները չեն, ուր ամերիկացիներն ու եվրոպացիները նրան չեն պատրաստվում թույլ տալ մտնել, այլ՝ Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում ճգնաժամի խորացումը: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի քաղաքականությունը, նախեւառաջ տարածաշրջաններում, դարձել է ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամի առաջնային գործոն, եւ դաշինքի Չիկագոյի վեհաժողովից հետո դա ավելի ակնհայտ է դարձել: Ներկայում Թուրքիայի առջեւ հետեւյալ ընտրությունն է՝ կամ համաձայնվել այն դերին, որ իրեն տվել են ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն եւ Մերձավոր Արեւելքում Արեւմուտքի ռազմավարությունից փշրանքներ ստանալ, կամ ճեղքում իրականացնել տարածաշրջանում, դրանով գործընկերներին ստիպելով հաշվի նստել իր հետ: Սակայն, Անկարայում չկա եւ չի կարող լինել վստահություն հնարավոր ռազմական գործողության հաջողության հարցում, առավել եւս, որ դա կհանգեցնի ՆԱՏՕ-ից հեռացման, ինչին ձգտում է Ֆրանսիան (եւ ոչ միայն): Պատերազմ չի լինի, չի լինի նաեւ ռազմական ինտերվենցիա, համենայնդեպս՝ Թուրքիայի մասնակցությամբ: Սիրիայում ՆԱՏՕ-ի ռազմական ինտերվենցիայի անհնարությունը բացատրվում է հենց նրանով, որ Արեւմուտքը չի կարող համաձայնվել դրան Թուրքիայի մասնակցությանը: Սիրիան, Իրաքը եւ մասամբ Լիբանանը, Արեւմուտքի աշխարհքաղաքական եւ աշխարհտնտեսական խնդիրներին զուգահեռ, դիտարկվում են որպես արգելապատնեշ Թուրքիայի էքսպանսիայի ճանապարհին: Հարավային Կովկասում նման դեր է խաղում Հայաստանը, ՆԱՏՕ-ին արագացված ինտեգրման պայմաններում: Նույն խնդիրն է վերապահվում Վրաստանին, որը սակայն ամեն կերպ խուսափում է դրանից: Որքան էլ առեղծվածային թվա, սակայն Ադրբեջանն էլ է Արեւմուտքի կողմից դիտարկվում որպես Հարավային Կովկասից Թուրքիային հեռացնելու «հանգամանք»: Համենայնդեպս, քիչ բան չի արվել թուրք-ադրբեջանական հարաբերությունները վարկաբեկելու եւ նրանց միջեւ հեռավորություն ստեղծելու համար: Հասկանալի է, որ Հարավային Կովկասի ճակատագիրը շատ բանով կախված է Մերձավոր Արեւելքի իրադարձություններից, եւ բացասական ազդեցությունից զերծ մնալու երաշխիքներից մեկը (ոչ միակը) ՆԱՏՕ-ի հետ առավել հիմնարար հարաբերությունների կառուցումն է: Հայաստանի խորհրդարանը բավական տարօրինակ որոշում կայացրեց երկրի տարածքում ռազմական բազաներ ունենալու Ռուսաստանի մենաշնորհի համար, ինչը Մոսկվայում դիտարկվում է որպես Հայաստանում այլ երկրների ռազմական բազաների տեղակայման անհնարինության երաշխիք: Սակայն, պետք է նշել, որ մի քանի տարի առաջ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման առավել լուրջ խոչընդոտ էին ռազմական հակամարտությունների առկայությունն ու ճգնաժամային իրադարձությունները: Սակայն, այն բանից հետո, երբ Ռուսաստանը լուծեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերը, խնդիրներ չմնացին, եւ Վրաստանին արդեն ոչ մի բան հետ չի պահում ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Հնարավոր է՝ քիչ ինչ էքստրավագանտ է հնչում, սակայն լիովին տրամաբանական ու առարկայական է: Հայաստանի խորհրդարանի տվյալ որոշումը համարժեք ու ոչ հակասական, ինչպես նաեւ կենսունակ կլիներ, եթե պարունակեր Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի մատակարարումը բացառող պայման: Հակառակ դեպքում, տվյալ պայմանագիրը թվում է հայկական քաղաքական ղեկավարության հերթական խուսանավումը Ռուսաստանի հիստերիկ պահանջների պայմաններում: Մոսկվան ու Անկարան հերթական անգամ փորձում են օգտվել եվրատլանտյան հանրության ռազմավարության մեջ «պատուհաններից» եւ «ճեղքերից», սակայն նույնիսկ հերթական փորձերը, դատապարտված լինելով տապալման, ենթադրում են պայմանագրեր ի վնաս տարածաշրջանի երկրների, նախեւառաջ՝ Հայաստանի եւ Սիրիայի, որին Ռուսաստանը ռեզերվացրել է որպես փոխանակման նյութ միջազգային հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի տվյալ որոշումը դեռեւս ունի տրամաբանական հիմք, քանի որ Հայաստանը ՆԱՏՕ-ից առայժմ չի ստացել սպասվածը, այսինքն՝ գլխավոր փաստարկը հարաբերություններում: Դիտարկելով խորհրդարանի տվյալ որոշումը Հայաստանում Ռուսաստանի բազաների մենաշնորհի մասին, ապա այն շատ հեշտ կարելի է շրջանցել, քանի որ գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում կան տարբեր միջոցներ եւ հնարքներ՝ ռազմական բազան անվանել ինչպես ասես, օրինակ՝ ուսումնական կամ լոգիստիկ կենտրոն: Այ թե տեսարան կլիներ: Իգոր Մուրադյան

No comments: