Saturday, June 28, 2008

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ ՍԴՀԿ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Որպես «Սփյուռքին դուր եկող» հարց Հայոց ցեղասպանության խնդիրը տարբեր ամբիոններից հերոսաբար հնչեցնող, այն փառավորապես իր արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկած վարչախումբը հերթական հարվածը հասցրեց դրա միջազգային ճանաչման գործին»,- հայտարարել է Համաժողովրդական շարժումը` անդրադառնալով Մոսկվա կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, որով նա համաձայնություն է տալիս «պատմական փաստերի ուսումնասիրման» հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկին:Ինչպես նշված է ՀՇ-ի հայտարարության մեջ, տասնամյակներ շարունակ համայն հայությունը եւ, մասնավորապես, սփյուռքահայությունը իր ողջ ներուժն ու ջանքերը նվիրել է ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրին: Պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը, ըստ ՀՇ-ի, ակնհայտ ծուղակ էր, որին համաձայնելը արդեն իսկ պետք է նշանակեր գոնե առայժմ կասկածի տակ դնել ցեղասպանության իրողությունը: «Այսօր Սերժ Սարգսյանը, առաջինը լինելով, պաշտոնապես համաձայնություն է տալիս Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող Թուրքիայի այդ առաջարկին: Դրանով իսկ Հայաստանի նախագահի պաշտոնը բռնազավթած անձը կա'մ հավաստում է, որ ողջ հայությանը հուզող այս հարցը իր համար պարզապես փոխարկելի մանրադրամ է, կա'մ մատնում է նախագահի պաշտոնին անհամատեղելի իր քաղաքական ու դիվանագիտական տգիտությունը»,- ասված է հայտարարության մեջ:Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամլո դիվանը եւս անդրադարձել է ՀՀ նախագահի նշված հայտարարությանը: ՍԴՀԿ-ն, մասնավորապես, փաստում է, որ Ս.Սարգսյանի նմաօրինակ պահվածքից կարելի է եզրակացնել, որ նա կամ կասկածի տակ է առնում Հայոց մեծագույն ողբերգության` Ցեղասպանության, եղելությունը, կամ էլ անձամբ տեղյակ չէ այդ փաստերի մասին:ՍԴՀԿ-ն դատապարտում է նմանօրինակ անպատասխանատու հայտարարությունները եւ կոչ է անում Ս.Սարգսյանին նմանատիպ արտահայտություններ անելուց առաջ գոնե մի քիչ մտածել դրա ազգակործան հետեւանքների մասին:

No comments:

Post a Comment