Monday, June 23, 2008

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԸ ՆՍՏԱԾ ԼԻՆԵԻՆ

A1+ 21 Հունիսի, 2008
«Բանտում նստած եմ մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները եւ նրանց նստեցրել են այն ոճրագործները, որ պետք է զբաղեցնեին նրանց տեղը, եւ վաղ, թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը»,- այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա խոսեց «քաղբանտարկյալ ինստիտուտի» շուրջ բազմաթիվ սպեկուլյացիաների մասին, «այդ թվում ոչ միայն մեր տեղական, այլեւ միջազգային կազմակերպությունների բյուրոկրատների կողմից. սկզբում եւ Կոլումբիեն, եւ Պրեսկոտը իրենց զեկույցներում շատ հստակ գրել էին քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին. հետո, վերջնական բանաձեւում, Հայաստանի պատվիրակության ճնշման տակ նրանք այսպիսի տերմին կիրառեցին՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդկանց. վաղը դրանից էլ կարող են հրաժարվել»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ապա ավելացրեց, որ մեր իշխանություններն էլ հրաշալի բանաձեւ են գտել. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որովհետեւ քաղբանտարկյալների մասին օրենք չկա: Կարելի է ուրեմն ասել, որ Հայաստանում թռչուններ չկան, որովհետեւ թռչունների մասին օրենք չկա:
Նույն աբսուրդը հայտարարեց նախկին նախագահ կոչեցյալ Ռոբերտ Քոչարյանը, երբ իմ պարագայի մասին էր խոսելիս ասաց՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանում տնային կալանք լինել, երբ տնային կալանքի մասին օրենք չկա: Եւ այդ աբսուրդներով մեր երկրի ղեկավարներն ուզում են միջազգային ասպարեզում միջազգային հանրության առջեւ բարձրացնել վարկանիշը: Նրանք ծաղր ու ծանակի են ենթարկում մեր երկիրը: Բոլոր կալանավորվածներն անխտիր՝ սկսած մուրադ Բոջոլյանից մինչեւ մեր շարժման մասնակիցները, որ գտնվում են մեկուսարաններում, անխտիր բոլորը քաղբանտարկյալներ են եւ քաղաքական հաշվեհարդարի զոհեր»,- հայտարարեց Առաջին նախագահն ու ավելացրեց. «5000 մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանովորել, որոնցից 86-ն այսօր էլ գտնվում են բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին:
Չկա եւ չի կարող լինել այդպիսի մեղադրանք: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու, խանութներ թալանելու մասին. 4 հոգու էին գտել, որոնցից մեկը, պարզվեց, Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է,մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որոնց մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես պահանջում եմ իշխանություններից՝ ձեր անունից, ձերբակալել եւ դատի տալ բոլոր խանութ թալանողներին. վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ մեկը չկա, բոլորն էլ նրանց սադրիչներն են, ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին. նրանք կլինեն ձեր օրլիգարխների սափրագլուխները, մեր ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները»:

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ՝ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ»
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե ապացուցվի այն, ինչ հրապարակվել է մամուլում, որ Երեւանում խաղաղ ցուցարարների վրա կրակել են ԼՂՀ բանակի ստորաբաժանումները, ուրմեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է հայտարարվի «պերսոնա նոն գրատա»: «Մի՞թե ճիվաղություն չէ, որ 10 զոհերի կապակցությամբ քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար, ճիվաղություն չէ՞, որ այդ 10 զոհերի ընտանիքները չեն ճանաչվել տուժածներ, որոնք արժանի են բավականին մեծ փոխհատուցման, դա չի մեղմի նանց ցավը, բայց փոխհատուցումը պետք է շատ մեծ լինի, առնվազն 1 մլն դոլար պետք է ստանան զոհվածների ընտանիքները, այդ թվում նաեւ զոհված ոստիկանների: Եվ այդ գումարը պետք է վճարվի ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից»: Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց ստեղծված իրավիճակի պատճառով նաեւ մարդկային կյանքերի ընդհատման մասին՝ հիշելով ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի օրինակը. «Կարելի՞ է հանրապետության բնակչության 10-20 տոկոսը ենթարկել հոգեբանական, բարոյական, անմարդկային ճնշման, ի՞նչ են մտածում, չեն հասկանո՞ւմ, որ հանրապետությունը վերածվել է եռացող կաթսայի»:

ՉԷՐ ՆԵՐԵԼՈՒ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՄԱՐ
Առաջին նախագահը հատուկ անդրադարձավ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման խնդրին. «Նա ընդամենը հրապարակայնորեն ընդվզել է ընտրակեղծիքների առթիվ: Այսինքն, նա կատարել է իր աշխատանքը, նա կատարել է այն, ինչ պիտի կատարեր Աղվան Հովսեփյանը, որը լինելով այս ավազակապետության հենասյուներից մեկը, այդ բանը չէր անելու: Դա արել է Գագիկ Ջհանգիրյանը»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու ավելացրեց. «Խորքում հասկանալի է, թե որն է նրա հալածանքի պատճառը. դա հոկտմեբրի 27-ի գործն է. Ռոբերտ Քոչարյանը 100 տարի էլ անցներ Ջհանգիրյանին չէր ներելու, որ նա հայտնաբերեց մարդասպանների եւ նախագահական նստավայրի կապը՝ հանձինս նախագահի աշխատակազմի ղեկավար Ալիկ Հարությունյանի: Սա նրան չէր ներվելու»: Տեր-Պետրոսյանը նաեւ նկատեց, որ չի հավատում, թե այս իշխանությունների օրոք արդար քննություն կիրականացվի մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ, ինչպես 10 տարի դա չարվեց հոկտեմբերի 27-ի գործի առթիվ, բայց անեւ հայտարարեց. «Մենք անպայման հասնելու ենք նրան, որ Ռոբերտ Քոչարյանը կանգնի Հաագային դատարանի առջեւ, որպես մարդկության դեմ գործած հանցագործ»: Այդ պահին հասարակությունը պոռթկաց՝ «Հիմա» վանկարկումներով, որոնց արանքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Իմ ձեռքը չի, եթե հնարավորություն ունենայի հիմա էլ կանեի»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ընթացքում նաեւ կոչ արեց. «Ես միտինգի անունից կոչ եմ անում ԵԽԽՎ-ին, եթե մինչեւ Հայաստանի հարցի քննարկումը Սերժ Սարգսյանը ազատ արձակի անխտիր բոլոր քաղբանտարկյալներին, ապա ես կոչ կանեմ ԵԽ-ին ՀՀ-ի հանդեպ չկիրառել այն սանկցիան, որ նրանք սպառնացել են կիրառել: Ապա դիմեց Սերժ Սարգսյանին. «Սերժ, դու իմ ընկերն ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը ունես նաեւ դու. սա ի՞նչ խելագարություն է՝ ՀՀ-ում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին, մի՞թե հնարավոր չէ մեկ օրում մեկ զանգով լուծել այդ հարցը եւ դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ նստել երկխոսության իշխանությունների հետ, որպեսզի դուրս գանք այս թնջուկից. սա վտանգավոր իրավիճակ է, վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման իմաստով, այլ մի երկրում, երբ այդպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ոչ իշխանությունն է ունակ նորմալ աշխատելու, թեթեւացնելու ժողովրդի վիճակը, ոչ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրանց ընտանեկան ու աշխատանքային պարտքը. հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց մենք չենք գնալու բազարների»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու հայտարարեց, որ իրենց պետք չեն իշխանության առաջարկած պաշտոնները. «մեզ պաշտոններ տվել է մեր ժողովուրդը, եւ այդ պաշտոնները շատ ավելի պատվավոր են, քան ձեր զբաղեցրած բարձր աթոռները»: Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Կա իշխանությունը բռնազավթած, ոչ լեգիտիմ իշխանություն եւ կա հասարակություն, որ համաձայն չէ այդ իշխանության գոյության հետ. մենք ընդունում ենք, որ սա քաղաքական ռեալություն է եւ քանի որ մենք խաղաղ, անզեն, օրինապաշտ շարժում ենք, պատրաստ ենք այդ հարցը լուծել քաղաքակիրթ ձեւով, քաղաքական պայքարի ընդունված նորմերով»: Տեր-Պետրոսյանը մեջբերեց Ստեփան Դեմիրճյանի միտքը կրկնեց. «Քանի որ այս վիճակը ստեղծվել է ընտրությունների պատճառով, ուրեմն այս վիճակից դուրս գալու ելքը նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են»:

ԵՐԵՒԱՆԸ ԲԱՂԴԱԴ ԵՔ ԴԱՐՁՐԵԼ
«Երեւանը երեք ամիս է Բաղդադից չի տարբերվում, ահա սա է վարկանիշի ցուցանիշը: Հայաստանի վարկանիշի մասին մտածողը Երեւանի կենտրոնում այսպիսի օկուպացիոն զորքեր կտեղադրե՞ր: Ինչ վախի մասին է խոսքը, չգիտե՞ն, որ այս շարժումը կարգապահ, օրինապահ շարժում է: Ու եթե իրենք չհրահրեն, չկրակեն, չհրմշտեն ժողովրդին, որքան պահանջվում է կշարունակենք մեր քաղաքակիրթ պայքարը»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ խորհուրդ տվեց իշխանությանը դրական փոփոխություններ անել. «Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր անի: Ո՞վ դեմ կլինի, բայց այս 3 ամսում ի՞նչ է արել: Շախմատային լեզվով ասած՝ ռակիրովկաներ. Քոչարյանի կադրերին նստեցրել է տարբեր աթոռների, ոչ մի նոր մարդ, ոչ մի նշանակում, որը ժողովրդի մի մասին կողմից գոնե դրվատանքով ընկալվեր: Կանեք դրական քայլեր՝ կողջունենք, մարտի 1-ի հանցագործներին կձերբակալեք՝ կողջունենք, մոնոպոլիստներին կբերեք հարկային դաշտ՝ կողջունենք»: նա հասարակությանը հիշեցրեց ընդդիմության ֆունկցիաները. առաջինը՝ ընդդիմության խնդիրը իշխանության գալն է, մյուս խնդիրը՝ ընդդիմության ճնշման տակ իշխանությանը ստիպել դրական քայլեր կատարել դեպի իր ժողովուրդը. «Եթե դա անեն, մենք մեր ֆունկցիան կատարած կհամարենք մասնակիորեն: Եթե լավ բան անեն, ո՞նց կասենք վատ է, հո մենք ժողովրդի թշնամին չե՞նք»:


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱՑԻ ՉԿԱ, ԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՋԱՆՔ
Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նշանակումը փաստացի հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի նոր կոչվող իշխանությունն իրականում վատ մոռացված հինն է, կամ ընդհանրապես ոչ նոր է ու ոչ էլ հին, այլ իշխանություն ընդհանրապես չկա: Կարծես թե կա ընդամենը հենց այդ իշխանությունը ձեւավորելու ջանք, որը դե յուրե դրսեւորում է նախագահ Սերժ Սարգսյանը, դե ֆակտո` անհայտ է, թե ով: Հանրության շրջանում կասկածներ կան, որ այդ իշխանությունը դե ֆակտո փորձում է ձեւավորել Ռոբերտ Քոչարյանը: Եթե Սերժ Սարգսյանը մի ժամանակ խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե ինչքան լավ բան կատարվում է այս երկրում, բոլորին խառն է իր մատը, ապա այժմ ինչքան նշանակում կատարվում է այս երկրում, բոլորին կարծես թե խառն է Ռոբերտ Քոչարյանի մատը: Ընդ որում, կարելի է նույնիսկ ասել ոչ թե մատը, այլ մատները, ձեռքերը, եւ գուցե ոչ միայն: Անգամ հարց է առաջանում Հովիկ Աբրահամյանին Ազգային Ժողովի նախագահ նշանակելու մտահղացման կապակցությամբ: Եթե կադրային բոլոր հարցերի լուծման պարագայում ակնհայտ է նախկին, այսինքն երկրորդ նախագահի շունչը, ապա ինչու պետք է բացառություն լիներ խորհրդարանի նախագահի կարեւոր պաշտոնի դեպքում: Մյուս կողմից, հնարավոր է, որ մյուս բոլոր հարցերում Սերժ Սարգսյանը զիջել է հենց միայն խորհրդարանի դեպքում առավելություն ձեռք բերելու եւ այդ հարցը իր ցանկությամբ, իր մտահղացմամբ լուծելու համար: Հնարավոր է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն է համարել, որ խորհրդարանի նախագահն այն պաշտոնը չէ, որի համար չի կարելի Սերժ Սարգսյանի հետ գնալ շոշափելի փոխզիջման, եւ այդ մի նշանակումը զիջել է ֆորմալ նախագահին: Բոլոր դեպքերում, կադրային այն շրջապտույտը, որ տեղի է ունենում Հայաստանում արդեն ի քանի շաբաթ, եւ թերեւս դեռ շարունակվելու է նաեւ աշնանը, վկայում է, որ կա իշխանության եւ առանցքի ակնհայտ տարբերություն, եւ առանցքի շուրջ իշխանության պտույտը ներդաշնակ եւ համաչափ չէ ժամանակի ու տարածության հետ: Ավելին, կարելի է նույնիսկ նկատել, որ պտույտ ըստ էության չկա էլ, այսինքն իշխանությունն իր առանցքի շուրջ չի պտտվում, այլ ինչպես ասում են` խաղում է իր առանցքի վրա: Այլ կերպ ասած նկատելի է, որ իշխանությունը “լյուֆտ” ունի: Համենայն դեպս, որեւէ բնականոն ընթացքի դեպքում, որեւէ նոր նախագահ երկու-երեք ամիս չէր ձգի պետական կառավարման կարեւորագույն օղակների նշանակումները: Մինչդեռ փաստ է, որ այդ նշանակումները չեն ավարտվել Հայկ Հարությունյանով: Դե չի նշանակված ազգային անվտանգության ծառայության նոր պետ, հատկապես եթե նկատի առնենք, որ ներկայիս պետ Գորիկ Հակոբյանն արդեն թոշակառուի տարիք ունի: Դեռ բավական հետաքրքիր փոփոխություն է սպասվում Ազգային Ժողովում: Եվ որեւէ երաշխիք չկա, որ դա վերջն է, որովհետեւ եթե իշխանությունը “լյուֆտ” ունի, ապա նրա շարժումները դառնում են բացարձակապես անկանխատեսելի` թե իրենց արագության, թե վեկտորի (բայց ոչ Վիկտորի) իմաստով: Թեեւ, դա վերջը չէ, վերջն այդ ամենն է: Իշխանությունը թերեւս ինքն էլ չէր հավատում, որ մի օր կանգնելու է այդ վերջի առաջ: Վերջ հասկացությունը թերեւս ամենեւին այն չէ, երբ ինչ որ բան ավարտվում է: Փաստացի վերջը երեւի թե այն է, երբ հնին ոչ մի կերպ փոխարինելու չի գալիս որեւէ նոր բան: Այսինքն, վերջն այն է, երբ չկա սկիզբ: Ներկայիս իշխանությունը հենց տառապում է սկզբի բացակայությամբ:

No comments:

Post a Comment