Wednesday, March 25, 2009

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ «7 ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՉԷ

Ադրբեջանը կարեւորում է Ղարաբաղի «հայ եւ ադրբեջանական համայնքների խաղաղությունը» «ԱԶԳ» 25-3-2009- Ադրբեջանը շարունակում է քարոզչական «պատերազմը»` հերթական անգամ բարձրաձայնելով իր մոտեցումների ու դիրքորոշման մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Սակայն հետեւելով վերջին հայտարարություններին` կարելի է ասել, թե Ադրբեջանը փորձում է մեկ այլ որակմամբ ներկայացնել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության իր մոտեցումը: Մասնավորապես, այս անգամ ի դեմս երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, Ադրբեջանը հիմա էլ հայտարարում է, թե «Ադրբեջանի նպատակը տարածքային ամբողջականության ու Լեռնային Ղարաբաղի համայնքների միջեւ խաղաղության վերականգնումն է»: Այս հայտարարությունն արվել է BBC ռուսական ծառայությանը Արազ Ազիմովի տված հարցազրույցում: Ազիմովի բացատրությամբ, Ադրբեջանի վերջնական նպատակը ոչ թե «7 շրջանների վերադարձն է, այլ տարածքային ամբողջականության ու համայնքների միջեւ խաղաղության վերականգնումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»: Ընդ որում, Ադրբեջանի փոխարտգործնախարարի մեկնաբանությամբ, տարածքային ամբողջականություն ասելն էլ հենց դա է, թե «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղում կապրեն ադրբեջանական եւ հայ համայնքները»: Հետաքրքրական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական սպասվող հանդիպումից առաջ հարեւան երկրում բարձրաձայնում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի` Ղարաբաղ վերադառնալու մասին», երբ այդօրինակ հարցերը դեռեւս համաձայնեցված չեն կարող լինել: Բայց առավել հետաքրքրական է, որ Ադրբեջանը հիմա էլ պակաս կարեւոր է համարում «յոթ շրջանների վերադարձը» եւ առաջնային է մատուցում «ադրբեջանական համայնքի վերադարձն ու խաղաղությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:

Post a Comment