Wednesday, March 25, 2009
Ադրբեջանում մինչ այժմ պահվում են հայ ռազմագերիներ,- պնդում է «Ռազմագերու օրը» պատմվածքի հեղինակը
HayInfo. 24-3-2009- Թեեւ ղարաբաղյան պատերազմում կնքված զինադադարից անցել են բազում տարիներ, մինչ օրս Ադրբեջանում կա շուրջ հազար հայ ռազմագերի: Այս մասին հայտնեց գրող, Երեւանում լույս տեսած ռուսալեզու ժողովածուի «Ռազմագերու օրը» պատմվածքի հեղինակ Տատյանա Մարտիրոսյանը: Ըստ նրա, չնայած Ադրբեջանը կտրականապես հերքում է իր տարածքում հայ ռազմագերիների առկայությունը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տվյալները չեն արտացոլում իրականությունը, ռազմագերիների խնդիրը կա: Այդ մասին հաղորդում է ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻնչպես «Վեճի տարածք» ժողովածուի շնորհանդեսին նշեց «Ռազմագերու օրը» պատմվածքի հեղինակը, այն ամենը, ինչ հնչում է ղարաբաղյան պատերազմի մասնակից հերոսների շուրթերից, իրականություն է: Առհասարակ, պատմվածքը հիմնված է իրական փաստերի վրա, անգամ հերոսների մի մասի անունները պահպանվել են: Սակայն հերոսները, Տ.Մարտիրոսյանի խոսքերով, այժմ կամ կենդանի չեն, կամ պատմական կերպարներ են` Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, փոխված են միայն գլխավոր հերոսների անունները: «Ես ավելացրել եմ միայն արկածային - ռոմանտիկ մասը, իսկ այն, ինչ պատմում են պատերազմի մասնակիցները, նախկին ռազմագերիները, անհայտ կորածների հարցերով զբաղվողները` ճշգրիտ փաստեր են»,- ասաց Տ.Մարտիրոսյանը: Նշենք, որ պատմվածքի արկածային մասը նվիրված է այն պատմությանը, թե ինչպես Անդրանիկ անունով երիտասարդը եւ Նառա անունով աղջիկը մի քանի նախկին ազատամարտիկների օգնությամբ, գտնելով զենք ու համապատասխան փաստաթղթեր, հանդես գալով որպես միջազգային կազմակերպության անդամներ, ադրբեջանական բանտից ազատում են Նառայի հորը եւ եւս քսան հայերի:
Տ.Մարտիրոսյանը հայտնեց, որ հենց այդ` հորինված մասի պատճառով որոշ պաշտոնական հեղինակավոր տպագրատներ հրաժարվել են տպագրել «Ռազմագերու օրը» պատմվածքը: Նրանք նկատողություն են արել, թե ինչու՞ են իրական փաստերը համատեղված հորինված պատմությամբ: «Ես փորձեցի նրանց պարզաբանել, բայց նրանք չհամոզվեցին: Ինչեւէ: Ռազմագերիների խնդիրը կա, գոյություն ունի, եւ ես այդ մասին բարձաձայնում եմ գրականության միջոցով: Ամբողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում` լավ թե վատ, մինչդեռ այդ մարդիկ գերության մեջ են: Դա չի թողնում ինձ հանգիստ ապրել»,- ասաց Տ.Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, եթե մարդը ցանկանա ինչ-որ բան անել, կանի ամեն գնով, ինչպես իր պատմվածքի հերոսները արեցին` արդյունքում ազատելով մի խումբ հայերի:«Վեճի տարածք» ժողովածուի երկրորդ պատմվածքը, որը կոչվում է «Որպեսզի ապրենք», եւս գրվել է իրական դեպքերի հիման վրա, քանզի հեղինակը` Սերգեյ Ղուկասյանը, ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Նա կռվել է բաքվեցի հայերի «Եղնիկ» գումարտակի կազմում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ժողովածուի չորս համահեղինակներից մյուսը` Ելենա Ասլանյանը, «Որպեսզի ապրենք» պատմվածքը նպատակ ունի փոխել հայկական ավանդական մտածողությունը եւ ազատել հայերին զոհի հոգեբանությունից: Այդ պատմվածքում վկայություններ կան այն մասին, թե ինչպես են հայերը դիմակայել ադրբեջանական վայրագություններին եւ արժանի հակահարված տվել` պարզապես նրանց սպանելով: Ժողովածուի երրորդ` «Լավագույն ընկերուհու որդին», պատմվածքի հեղինակը Ե.Ասլանյանն է, իսկ վերջինը` «Սեր մեկ տարով», գրել է Հովհաննես Ազնաուրյանը: Վերջին ստեղծագործությունները ղարաբաղյան թեմայի հետ չեն առնչվում. նրանք սիրային են եւ պատմում են մերօրյա հայ մարդու կյանքի մասին:
No comments:
Post a Comment