Wednesday, April 8, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԵՐԱՑՈՂ ԵՐԿԻՐ Է

Այսօրվանից մինչև ապրիլի 9-ը Երևանում կանցկացվի ծերացման հարցերին նվիրված միջազգային աշխատաժողով, որին կմասնակցեն մի շարք պետությունների՝ Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ռուսաստանի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի մեկնարկի ժամանակ հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տարեցները բարոյական արժեքների, ազգային ավանդույթների կրողներն են, բայց միաժամանակ նրանք լավ ուշադրության կարիք ունեն: «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կապահովեն տարեցների բարեկեցությունը»,-ասաց Ա. Համբարձումյանը: Նախարարի խոսքով, Հայաստանի բնակչությունում բավականին մեծ կշիռ ունեն տարեցները՝ 12%, ինչը նշանակում է, որ Հայաստանը ծերացող հասարակությունների շարքին է դասվում: Ըստ նրա, 2008 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսներին աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, ազգային վիճակագրական ծառայության և աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցների կողմից հանրապետության բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտություն է իրականացվել: Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել 50 և ավելի բարձր տարիք ունեցող անձանց և նրանց ամուսինների, կանանց ընտանեկան փոխհարաբերությունները, առողջությունը, ապրելակերպը, կեցությունը, զբաղվածությունը, կենսաթոշակային և ֆինանսական ապահովվածության աստիճանը: Մասնագետները նշում, են, որ այս տարիքի մարդիկ կազմում են հանրապետության բնակչության այն շերտը, որն ուշադրության ու լուրջ հոգածության կարիք ունի: Ա. Համբարձումյանը նշեց, որ երկրում իրականացվող քաղաքականությունը վերանայման կարիք ունի, իսկ այս հետազոտությունը կնպաստի դրան: Նշենք, որ հետազոտությունների հիման վրա մշակվող նոր քաղաքականությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրն ուղղված է լինելու բնակչության շարունակական կրթությունը խրախուսելուն, աշխատանքային կյանքի տևողությունը երկարացնելուն, կենսաթոշակի անցնելուց հետո տնտեսական և սոցիալական ակտիվությունը պահպանելուն ու առողջ ապրելակերպն ապահովելուն: Իսկ այլ երկրների ներկայացուցիչները կներկայացնեն այս բնագավառում իրենց ունեցած փորձը, կլինեն խմբակային քննարկումներ: Նախատեսված են նաև այցելություններ տարեցների խնամքի կենտրոններ: Աղբյուր` Panorama.am

No comments:

Post a Comment