Saturday, April 4, 2009

Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը. ՀՀ տրանսպորտի նախարարություն

HayInfo. 3-4-2009- Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրին, ուրբաթ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։ Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան":ՀՀ տրասնպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բեհբահանին Հայաստանի և Իրանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության շինարարության վերաբերյալ փոխհամաձայնության մասին նախնական հուշագիր են ուրբաթ ստորագրել Երևանում։«Ռուսական կողմը պատրաստ է մասնակցել նախագծի իրականացման տարբեր փուլերին, այդ թվում՝ նախագծմանն ու անմիջական շինարարությանը»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ չի բացառվում նաև Ռուսաստանի մասնակցությունը նախագծի ֆինանսավորման հարցերում։Իրանի կողմի հավաստմամբ՝ շինարարության ողջ գործընթացը կտևի 5,5 տարի, իսկ նախագծի ընդհանուր ծախսերը 1-1,2 մլրդ ԱՄՆ դոլար կկազմեն։ Աշխատանքները տարվելու են հետազոտությունների անցկացում և ՏՏՀ կազմում, երթուղու որոշում, քարտեզի պատրաստում և անմիջականորեն շինարարություն նախատեսող երեք փուլով։Սարգսյանը նշեց նաև, որ տարբեր կողմերի համատեղ մասնակցությունը կնպաստի նախագծի օպերատիվ իրականացմանը։«Մենք ակնկալում ենք Զարգացման ասիական բանկի համապատասխան խմբի այցը, որի ներկայացուցիչների հետ ՏՏՀ ֆինանսավորման հարցերի քննարկումներ կանցկացվեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը համագործակցություն է ակնկալում նաև ՀԲ-ի և իրանական կողմի հետ։Երկաթուղու երկարությունը 470 կմ կլինի, որից 60 կմ-ը կանցնի Իրանի, իսկ մնացած 410 կմ-ը՝ Հայաստանի տարածքով։Տվյալ երկաթուղին թույլ կտա Հայաստանին օգտվել էներգետիկ ռեսուրսներ և այլ ապրանքներ փոխադրելու այլընտրանքային ուղուց՝ ելք ունենալով դեպի արտաքին աշխարհ, մինչդեռ այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է միայն Վրաստանի միջով։

No comments:

Post a Comment