Tuesday, April 7, 2009

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է, ԻՍԿ ԱՆՓՈՓՈԽ Է ԱՐԴՅՈՔ ԽՈՍՏՈՒՄԸ

Lragir 6-4-2009- ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ապրիլի 6-ին Թուրքիայում հայտարարել է, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Իհարկե, Օբաման “ցեղասպանություն” բառը չի ասել, այլ ընդամենը պատասխանելով այդ մասին հարցին նշել է, որ այդ կապակցությամբ իր դիրքորոշումը հայտնի է եւ այն անփոփոխ է: Այստեղ անսպասելի ոչինչ չկա, քանի որ տարօրինակ կլիներ, եթե Օբաման Թուրքիա այցելեր եւ հայտարարեր, որ իր դիրքորոշումը փոխվել է: Պարզապես հարցն այն է, թե արդյոք անփոփոխ է մնացել Օբամայի նախընտրական խոստումը, որ տվել էր հայերին ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Այդ մասին Օբաման ոչինչ չի ասել, իսկ հարցնող էլ երեւի թե չի եղել: Մինչդեռ դիրքորոշումն ու խոստումը տարբեր բաներ են: Օրինակ, կարելի է դիրքորոշում ունենալ, որ խաղալիքը երեխային օգտակար է, բայց խաղալիք գնելու խոստումը չկատարել ֆինանսական ճգնաժամի պատճառով: Այսինքն, ճգնաժամը դիրքորոշումը չի փոխում, խաղալիքը շարունակում ենք համարել օգտակար, բայց ահա գնելու խոստումը մնում է անկատար, քանի որ գնելու համար, առավել եւս օգտակար բաները, հարկավոր է փող: Անշուշտ փողով չէ, որ Օբաման ճանաչելու է ցեղասպանությունը, բայց աշխարհում միակ հանգամանքը փողն էլ չէ: Կան այլ հանգամանքներ, որոնք նույնպես կարող են ազդեցություն ունենալ խոստումների կատարման համար: Ընդ որում, հանգամանքները լինում են տեսանելի եւ անտեսանելի: Ակնհայտ է, որ ցեղասպանությունը ճանաչելու հարցում կա թե մեկը, թե մյուսը: Օրինակ, ճանաչելու խոստման կատարման վրա ազդող տեսանելի հանգամանք կարող է լինել այն, որ Օբաման արդեն դարձել է նախագահ, իսկ երբ խոստանում էր, դեռեւս ուներ այդպիսի խնդիր: Կամ տեսանելի հանգմանք կարող է լինել հայ-թուրքական սահմանի Մարգարայի կամրջի նորոգումը, կամ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները հայ-թուրքական բանակցության բեկումների կամ առաջընթացների մասին: Թեեւ առաջընթացներն ու բեկումները տեսանելի չեն, բայց փոխարենը հայտարարությունները տեսանելի են եւ ամենայն հավանականությամբ նաեւ հանգամանք, որոնք կարող են ազդել ԱՄՆ նախագահի խոստման կատարման վրա: Թե որքան են անտեսանելի հանգամանքները եւ ինչ ազդեցություն կունենան դրանք, կերեւա արիլի 24-ին: Հնարավոր է նաեւ դրանից առաջ Օբաման հայտարարի, որ չի փոխվել նաեւ իր խոստումը եւ այն շարունակում է մնալ: Բայց բանն այն է, որ եթե ապրիլի 24-ին Օբաման չարտասանի ցեղասպանություն բառը, դա չի նշանակում, որ նա չի կատարել իր խոստումը: Չէ որ Օբաման երբեք չի էլ հայտարարել, որ ինքը հենց ապրիլի 24-ին է ճանաչելու հայերի ցեղասպանությունը: Ճանաչումը կարող է լինել ավելի շուտ եւ ավելի ուշ: Այնպես որ, քանի դեռ Օբաման չի ճանաչել ցեղասպանությունը, նա միշտ էլ կարող է դա անել: Հետեւաբար, եթե ապրիլի 24-ին ճնաչումը տեղի չունեցավ, թերեւս անհրաժեշտ է ինչ որ բաներ վերանայել նաեւ ամերիկահայ լոբբիի պահվածքում եւ սրանից հետո նախագահների թեկնածուներից խոստումներ լսելիս դրանք պահանջել գրավոր տեսքով, նոտարի կնիքով, որտեղ նաեւ հստակ նշված կլինի, թե ինչ ժամկետում է տվյալ թեկնածուն ճանաչելու ցեղասպանությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment