Thursday, April 2, 2009

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

Lragir 2-4-2009- Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականը կրկին պարտվեց: Էստոնիայի հավաքականի հետ երկրորդ խաղը, որ տեղի ունեցավ Տալինում, մեր հավաքականի համար արդյունքի տեսանկյունից ավելի անհաջող էր, քան մի քանի օր առաջ նույն թիմերի Երեւանում տեղի ունեցած հանդիպումը: Մեր թիմը երեւանյան 2:2-ից հետո պարտվեց 0:1 հաշվով: Բայց եթե դատենք ֆուտբոլային հանդիպման մեկնաբանի խոսքերից, որ վարում էր ռեպորտաժը Տալինի հանդիպման մասին, խաղային առումով մեր թիմի համար Էստոնիայում տեղի ունեցած հանդիպումը առաջընթաց էր: "Հայաստանի հավաքականը մարտունակ թիմ է դարձել": Ոչ ավել, ոչ պակաս այդպիսի հայտարարություն արեց մեկնաբանը, երբ խաղի հաշիվը դեռ 0:0 էր: Պարզվում է, որ Էստոնիայի հետ հավաքականի խաղում այդ հաշիվը Հայաստանի հավաքականի մարտունակության նշան է: Պարզապես մարտունակության այլ ապացույց նկատելը դաշտում շատ դժվար էր, հետեւաբար դժվար է պատկերացնել, թե ուրիշ ինչ էր նկատել մեկնաբանը, անելով մեր թիմի մարտունակության մասին իր եզրակացությունը: Ընդհանրապես, մեր ֆուտբոլային մեկնաբանական դպրոցի "տեսողության" հետ, ու ընդհանրապես ֆուտբոլային լրագրության "տեսողության" հետ անկասկած ինչ որ խնդիրներ կան: Բանն այն է, որ երբ հետեւում ենք Հայաստանի ֆուտբոլային թիմերի խաղերին` տարբեր կարգի հավաքականներից մինչեւ ակումբներ, ու փորձում ենք ծանոթանալ այդ խաղերի մասին հայկական ֆուտբոլային լրագրության արձագանքին, ապա տեսնում ենք, որ կա ինչ որ մեծ կտրվածություն: Այսինքն, տպավորությունն այն է, որ մեկնաբանվում է ասենք բոլորովին այլ հավաքականի խաղ, քան մենք տեսել ենք: Իհարկե, կան բացառություններ, երբ մեր ֆուտբոլային գործերը` թե հավաքականի, թե ակումբների, թե խաղի եւ թե աշխատանքի կազմակերպման առումով, արժանանում են իսկապես համակողմանի վերաբերմունքի, ինչի դեպքում անխուսափելի է քննադատությունը, նկատի ունենալով հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակը: Սակայն այդ բացառությունները կարծես թե եղանակ չեն ստեղծում, ու հիմնական տպավորությունն այն է, որ հայկական ֆուտբոլային լրագրության դաշտը առաջնորդվում է մեկ սկզբունքով` արդարացնել ցանկացած արդյունք, որ կարձանագրեն հայկական թիմերը: Իսկ քանի որ հայկական թիմերը, այդ թվում հավաքականը, հիմնականում պարտություն են կրում, ապա ֆուտբոլային լրագրության, մեկնաբանական դպրոցի խնդիրը կարծես թե դառնում է պարտությունն արդարացնելը: Երբ հայ մեկնաբանները լուսաբանում են արտասահմանյան ֆուտբոլային իրադարձությունները, վարում են արտասահմանյան թիմերի խաղերը, ապա նրանք կարծես թե "առյուծ"են կտրում եթերում, սկսում են համարձակ եզրակացություններ անել, տեղն եկած դեպքում էլ սուր քննադատության ենթարկել մարզիչներին կամ խաղացողներին: Բայց հենց բանը հասնում է հայկական թիմերին, ապա մեր հաղորդավարները դառնում են հնազանդ պատրիոտներ եւ այնպես են վախենում քննադատական խոսք ասելուց, կարծես թե մեր ֆուտբոլիստները Սարդարապատի ճակատամարտում լինել-չլինելու հարց են լուծում, եւ ամեն մի քննադատություն կարող է կոտրել նրանց մարտական ոգին: Մինչդեռ քննադատությունն է, որ կոփում է իսկական մասնագետներին, քանի որ իսկական մասնագետի կարեւոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ նա քննադատությունից ոչ թե կոտրվում է, եթե նույնիսկ այդ քննադատությունը լինի խիստ եւ անարդարացի, այլ ավելի է համախմբում իր կամքն ու ուժը եւ ամեն անգամ աշխատանքով է ցույց տալիս քննադատությունների դատարկությունը, եթե դրանք եղել են անհիմն: Բայց կարելի է հասկանալ նաեւ ֆուտբոլային լրագրության հիմնական մասին: Նրանք չեն քննադատում, որովհետեւ դա կարող է դուր չգալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, կամ քննադատում են այնքան եւ այն ժամանակ, երբ դա կարող է Հայրապետյանին դուր գալ: Օրինակ, դա է թերեւս պատճառը, որ երբ Հայաստանի հավաքականի նոր մարզիչ է նշանակվում, ապա հայկական ֆուտբոլային մեկնաբաններն ու լրագրությունը այդ մարզչի մեջ տեսնում են մեկին, որից լավն աշխարհում գուցե մի երկուսն են: Որեւէ մեկը չի փորձում մասնագիտական վերլուծության ենթարկել որեւէ նոր նշանակվելիք մարզչի, այլ ընդամենը գովերգում են Ռուբեն Հայրապետյանի իմաստուն որոշումը: Ընդ որում, երբ մարզիչը անհաջողության է մատնվում, կրկին մեր լրագրությունն ու մեկնաբանները լուռ են, քանի դեռ Ռուբեն Հայրապետյանը չի ասել իր խոսքը: Հենց ասեց, այսինքն հենց ազատեց մարզչին, ապա նրա գլխին տեղում է քննադատության ուղղակի հեղեղ: Քանի դեռ հայկական ֆուտբոլում չկա քննադատություն, քանի դեռ այդ քննադատության աստիճանը պայմանավորվում է ֆեդերացիայի նախագահի կամքից, հայկական ֆուտբոլի առաջընթացի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Մյուս կողմից, թերեւս շատերի համար ավելորդ է թվում քննադատությունը: Շատերը թերեւս մտածում են, որ ինչքան էլ քննադատես, միեւնույն է, ամեն ինչ լինելու է ինչպես կա: Չէ որ իշխանությանն այդքան քննադատում են, ինչ է փոխվում դրանից: Ոչինչ, պարզապես քննադատներին ազգի դավաճան, պետականության թշնամի կամ այդօրինակ որակումներ են տալիս, եւ վերջ: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:

Post a Comment