Thursday, May 14, 2009

Հայաստանը դուրս է եկել Եվրատեսիլ-2009-ի եզրափակիչ

HayInfo. 13-5-2009- Հայ երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները փոփ-ֆոլք ոճում գրված Jan-Jan երգով դուրս են եկել Եվրատեսիլ-2009-ի եզրափակիչ։ Նախօրեին երեկոյան կայացած առաջին կիսաեզրափակչի ընթացքում Հայաստանը հեռուստադիտողների քվեարկության արդյունքում եզրափակիչ դուրս եկած իններորդ մասնակիցն էր։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են դուրս եկել Թուրքիան (երգչուհի Հադիսեն՝ Dum Tek Tek երգով), Շվեդիան (Մալենա Էռնմանը՝ La Voix երգով), Իսրայելը (Նոա և Միրա Ավադների դուետը՝ There Must Be Another Way ստեղծագործությամբ), Պորտուգալիան (Flor-de-lis խումբը՝ Todas As Ruas Do Amor երգով), Մալթան (Կյարան՝ What If We ստեղծագործությամբ), Ֆինլանդիան (Waldo's People դուետը՝ Lose Control երգով), Բոսնիա և Հերցոգովինան (Regina խումբը՝ Bistra Voda երգով), Ռումինիան (Elena՝ The Balkan Girls երգով), Հայաստանը (Ինգա և Անուշ Արշակյաններ՝ Jan-Jan երգով) և Իսլանդիան (մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը՝ Յոհաննան՝ Is It True? երգով)։ Հայաստանը մրցույթին մասնակցում է չորրորդ անգամ։ 2008 թ.-ին երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2008-ում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց Հայաստանի նախորդ ներկայացուցիչներ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր նախորդ մրցույթներում զբաղեցրել էին ութերորդ տեղը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ «Եվրատեսիլ-2009» միջազգային երաժշտական մրցույթի եզրափակիչ դուրս եկած առաջին տասը մասնակիցները որոշվել էին չորեքշաբթի՝ եվրոպացի հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում։ Առաջին կիսաեզրափակչին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 կատարող։ Եզրափակիչ դուրս գալուն հավակնում էին նաև Անդորրան, Շվեյցարիան, Չեխիան, Բուլղարիան, Բելառուսը, Մակեդոնիան և Մոնտենեգրոն։ Այս տարի ընդունված քվեարկության նոր կանոնների համաձայն՝ եզրափակչի մասնակիցներին ընտրում են հեռուստադիտողները և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները՝ ռուս երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովի գլխավորությամբ։ Ընդ որում հեռուստադիտողները յուրաքանչյուր կիսաեզրափակչում որոշում են եզրափակիչ դուրս եկող ինը կատարողներին SMS-հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով, իսկ եզրափակիչ դուրս եկող տասներորդ մասնակցին ընտրում է ժյուրին։ Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա հինգշաբթի՝ մայիսի 14-ին, որի արդյունքների համաձայն՝ 19 կատարողներից կընտրվեն ևս տասը։ «Եվրատեսիլ-09» երկու կիսաեզրափակիչներում հաղթած 20 մասնակիցներից բացի մայիսի 16-ին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում տեղի ունենալիք եզրափակչին կմասնակցեն նաև դասական «Մեծ քառյակի» երկրների՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչը, ով միանգամից դուրս է եկել եզրափակիչ՝ նախորդ տարի Դիմա Բիլանի հաղթանակի շնորհիվ։

No comments:

Post a Comment