
Lragir 8-5-2009- Փորձեք գտնել որեւէ հայ գործչի, որը պնդեր, թե ազատագրված տարածքները պետք չէ բնակեցնել, քանի որ դրանք հայերին չեն պատկանում եւ շուտով վերադարձվելու են “օրինական տերերին”: Ես հատուկ որոնում տվեցի ինտերնետում, սակայն նման բան չգտա: Այն մասին, որ այդ տարածքները պետք է վերաբնակեցնել, խոսում են գործնականում բոլորը՝ Դաշնակցությունը, “արմատական” դիրքերից հանդես եկող ուժերը՝ արիացիները, Միացումը: Բարգավաճ Հայաստանը նույնպես դեմ չէ՝ Թուֆենկյան հիմնադրամի՝ Քաշաթաղում անցյալ տարի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ կուսակցության ներկայացուցիչները խոստացան օգնել այդ հարցում: Եւ ոչ միայն նրանք՝ բոլորը, սկսած սփյուռքի կառույցներից, վերջացրած քաղաքական կուսակցություններով: Ոչ պակաս վճռական են տրամադրված իշխանությունները Ղարաբաղում՝ նախագահը եւ վարչապետը նվազագույնը ամիսը մեկ անգամ այցելում են շրջանները, որոնք չէին մտնում նախկին ԼՂԻՄ կազմի մեջ, եւ խոստանում հաջորդ այցին լուծել բազմաթիվ խնդիրներից որեւէ մեկը: Ահա եւ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել բաբայանը մայիսի 7-ին հայտարարեց, որ տարածքները պետք է որքան հնարավոր է արագ բնակեցնել:
Բոլորը հանդես են գալիս բնակեցման օգտին, բայց գործը տեղից չի շարժվում: Հայկական սովորությամբ՝ բոլորը մեղավորներ են փնտրում: Սամվել Բաբայանն, օրինակ, գտնում է, որ տարածքները չեն բնակեցվում այն պատճառով, որ ինչ որ մեկը պատրաստվում է հանձնել դրանք: Ղարաբաղում բողոքում են միջոցների անբավարարությունից եւ հայտարարում են, որ վերականգնումը կարող է լինել միայն համայն հայության ուժերով: Այս տարածքների վերածննդի հարցում Սփյուռքի ներդրումը, ցավոք, մեծ չէ: Ճիշտ է, չլիներ արտասահմանի օգնությունը՝ այս տարածքները վաղուց կդատարկվեին, բայց ստացված միջոցները բավականացնում են կենսապահովմանը եւ ոչ զարգացմանը: Հայաստանի իշխանությունը նույնպես ուղղակի հատկացումներ չեն անում այս տարածաշրջանին, թերեւս ելնելով դիվանագիտական նկատառումներից: Կան նույնիսկ այնպիսիները, ովքեր գտնում են, թե բացահայտ բնակեցումը կատաղություն կառաջացնի հակառակորդի մոտ: Հիշել կարելի է, 2000 թ. հայկական իշխանությունները հուսահատ արդարանում էին ԵԱՀԿ առաքելության առջեւ այն բանի համար, որ լաչինում հայեր են ապրում: Այս գործում միջազգային օգնության մասին ոչ ոք չի էլ մտածում՝ Ղարաբաղին այդ օգնությունը սպասվում է միայն “հայկական զորքը դուրս բերելուց եւ փախստականների վերադարձից” հետո:
Ընդսմին, այս տարածքները չբնակեցնելու մոտիվացիաները բազմաթիվ են: “Արդարացումների” մեծ մասը կարելի է հերքել՝ որպես ինքնուրույն քայլեր ձեռնարկելու ցանկության բացակայություն, “վերեւից” ցուցում սպասելով: Դեռեւս մեծ է խորհրդային ավանդույթը՝ սպասել “կենտրոնի” ցուցումներին: Կարծես չի եղել երկու հայկական պետությունների 18-ամյա պատմությունը, կարծես մենք չենք որոշում, թե ինչպես ապրենք: Եւ հարց է առաջանում՝ իսկ կա՞ արդյոք այդ տարածքները բնակեցնելու մոտիվացիա: Ազգային շահը, որ պահանջում է այդ տարածքների զարգացում, դատելով ամեն ինչից, բավարար մոտիվացիա չէ նրանց համար, ովքեր տիրապետում են քաղաքական ու տնտեսական լծակներին: Ճիշտ նման կերպ, մոտիվացիա չեն ավելի վճռական քայլերի համար Թուրքիայի հետ հարաբերություններում, որը հայտարարել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի իրենից: Հատկանշական է, որ Թուրքիայում պնդում են, որ Հայաստանը, ցեղասպանության ճանաչման դեպքում, կպահանջի թուրքական 6 վիլայեթները, իսկ Հայաստանում ասում են՝ Աստծու սիրուն, ինչ պահանջներ: Հայերը տարօրինակ վերաբերմունք ունեն հողին: Իմաստունները պնդում են, թե պատերազմների մեծ մասը տեղի է ունենում հողի համար, իսկ մենք չգիտես ինչու ջնջում ենք այդ գործոնը, պնդելով, թե ուզում ենք ընդամենը ինքնորոշում: Իսկ որտե՞ղ ենք ինքնորոշվելու:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
No comments:
Post a Comment