Monday, May 11, 2009
Ազգային շարժման թափուր տեղը
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ, բացառությամբ իր մասը կազմող մեկ կազմակերպության, ինքը կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին։ ՀԱԿ-ի միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը: Իսկ ահա մյուս կետերը, որոնք ըստ իրենց առկա են <ճանապարհային քարտեզ> կոչված հայ-թուրքական աշխատանքային փաստաթղթում, ՀԱԿ-ը դրական է գնահատում: Այդ թվում նաև պետական սահմանը փոխադարձաբար ճանաչելու մասին կետը:
Ըստ ՀԱԿ-ի առաջնորդի կարելի կլիներ ասել, թե մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հաստատման մի լուրջ մտադրության հետ, եթե միջկառավարական հանձնաժողովի կազմում նախատեսված չլիներ ստեղծել պատմաբանների ենթաստորաբաժանում:
Դրական և աջակցելի համարելով ներկայիս բաժանարար գիծը փոխադարձաբար որպես պետական սահման ճանաչելու, ըստ էության և փաստացի Կարսի անվավեր պայմանագիրի օրինականությունը ընդունելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը, ՀԱԿ-ն ինքն էլ անիմաստ է դարձնում Ցեղասպանության ճանաչմանը և հատուցմանն ուղղված պայքարը, սակայն Սերժ Սարգսյանին է մեղադրում Հայոց Ցեղասպանությունը ուրանալու համար:
Կանխատեսելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն և սահմանը կբացվի միայն Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում էական առաջընթաց արձանագրվելուց հետո, նա հույսը կապում է Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվության հետ, ինչը վերջինիս ղեկավարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ավելին, Տեր-Պետրոսյանը դրական է համարում, որ մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ–ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։
Այս դեպքում օրինաչափ հարց է առաջանում. Ո՞րն է Ղարաբաղյան և հայ-թուրքական կարգավորման տեր-պետրոսյանական և սերժսարգսյանական սցենարների այն ահռելի տարբերությունը, ինչը ՀԱԿ-ի առաջնորդին իրավունք է տալիս հայտարարելու, որ այս հարցերում իր արժանի աշակերտը հանդիսացող Սերժ Սարգսյանը ծախել է Ցեղասպանությունը, իսկ հաջորդ քայլով անկասկած ծախելու է նաև Ղարաբաղը: Մի գուցե պատճառը խանդն է առ այն, որ Սերժ Սարգսյանը կարող է իր քթի տակից փախցնել խաղաղության նոբելյան մրցանակը, ուրանալով իր` հոգուտ թուրքերի հայկական հանձնվողականության հիմնադիր-գաղափարախոսի վաստակը: Թե ընդհակառակը, գիտակցելով, որ իր հակառակորդը գնում է բացահայտ ազգային դավաճանության, որի ընթացքում վերջնականապես զրկվելու է առանց այն էլ չնչին դարձած ներքին աջակցությունից, փորձում է խրախուսել նրա ինքնասպանական ընթացքը:
Մեկ բան ակնհայտորեն պարզ է: Լևոն Տեր-Պետրոսյանը հակառակ իր ընդդիմադիր պոռոտախոսության, իրականում ամբողջությամբ համաձայն է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը այս և ոչ միայն այս հարցերում, սակայն ինքն անձամբ չի ուզում ստանձնել դավաճանական քայլերի պատասխանատվությունը: Նա սպասելու է մինչև առայժմ միայն ներքաղաքական իմաստով <հանցավոր ռեժիմի> վաղուց սնանկ պարագլուխը կկատարի նաև արտաքին քաղաքական ոլորտում ազգային դավաճանության գլխավոր երկու գործողությունները և միայն դրանից հետո կզիջի ասպարեզը: Սերժ Սարգսյանի կատարած և սպասվող դավաճանական խայտառակ քայլերի իրական քննադատությունները և դատապարտումները վերագրելով արմատական շրջանակներին, Տեր-Պետրոսյանը փորձում է պակասեցնել դրանց նշանակությունը, չնկատելու տալ իրական ընդդիմությանը, որը վճռականորեն դեմ է և պայքարում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի, նրանց գլխավորած ճամբարների կողմից միասնաբար իրականացվող քաղաքական գծի դեմ:
Ստեղծված իրավիճակում ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող որևէ ուժ չի կարող աջակցել ոչ Ս.Սարգսյանին, ոչ Լ.Տեր-Պետրոսյանին: Ընթացիկ տարում նախատեսված հակահայ քայլերի դեմ կարելի է պայքարել միայն միասնական ճակատով, միասնական կոմիտեի առաջնորդությամբ: Մինչև վերջերս առաջին նախագահի վերադարձը կործանարար համարող, միայն այդ պատճառով ներկա վարչախմբին հանդուրժող մեր ժողովրդի և գործիչների հատվածը <Ճանապարհային քարտեզի> հրապարակումից հետո հիմնականում արդեն հայտնվել է խիստ ընդդիմադիր դիրքերում: Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ի սկզբանե կործանարար համարող, միայն այդ պատճառով ընդդիմադիր ներկա ձևաչափին միացած և ՀԱԿ-ում միայն մեկ կազմակերպությամբ ներկայացված հատվածը նույնպես որոշի իր անելիքը և միանա այն ազգային շարժմանը, որի նպատակն է ազատել Հայաստանը և հայ ժողովրդին քաղաքական վաճառականների այն սերնդից, որն այսօր դեռ ազդեցիկ դիրք է զբաղեցնում իշխանությունում և ընդդիմությունում:Արմեն Աղայան
No comments:
Post a Comment