Thursday, May 14, 2009

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԷՐ ՀԻՇԵՑՆՈՒՄ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ

Ի պատասխան Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության կրճատման վերաբերյալ դժգոհությանը, որ արտահայտեցին Հայաստանի եւ Ամերիկայի հայկական որոշ կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունը փաստացի ցույց տվեց, թե իրականում որքան նեղ է հայկական մտածողությունը, լինի դա բուն Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում, ուր գործում են, կամ ցույց են տալիս, որ գործում են հայկական մի շարք կազմակերպություններ:Հայտնի է, որ խոսքն այն մասին է, թե ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Հայաստանի համար նախատեսեց 2010 թվականին հատկացնել 30 միլիոն ֆինանսական օգնություն, որը հայկական եւ հայաստանյան կազմակերպությունները համեմատեցին ընթացիկ տարվա 48 միլիոնի հետ եւ անմիջապես նկատեցին, որ 48 միլիոնն ավելի քիչ է, քան 30-ը: 18 միլիոնն իսկապես նշանակալի տարբերություն է եւ միանգամայն արդարացված է, որ այդ տարբերությունը խանգարեց նրանց հիշել, որ ներկայիս 48 միլիոնը նախնական, այսինքն վարչակազմի առաջարկած տարբերակով ընդամենը 24 միլիոն էր, հետեւաբար նախնական վիճակում Օբաման ոչ թե նվազեցրել, այլ ավելացրել է Հայաստանին հատկացնելիք ֆինանսական օգնությունը, եւ եթե գործի նախորդ տարիների տրամաբանությունը, ապա Կոնգրեսն էլ ավելի է ավելացնելու այն, եւ արդյունքը լինելու է 2010 թվականին 2009 թվականի համեմատ ավելի շատ օգնության հատկացումը:Մարի Յովանովիչը կարծես թե հանգամանալից բացատրեց այդ իրողությունը, այդ իրավիճակը: Սակայն դա խնդրի ընդամենը թվաբանական կողմն է: Մինչդեռ դեսպանի հայտարարությունն ուներ պատմա-մշակութա-քաղաքական կողմ, որը թերեւս հատկապես կարեւոր կողմն է: Բանն այն է, որ Մարի Յովանովիչը հիշեցրեց, որ ԱՄՆ կառավարությունն անկախությունից ի վեր Հայաստանին հատկացրել է 2 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն: Դա, ընդհանուր առմամբ, հավասարազոր է անկախության տարիներին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների թվին, ավելին է, քան Հայաստանի արտաքին պարտքը: Այս հիշեցումն իր մեջ երկու կարեւոր տարր է պարունակում: Նախ, հիշեցնելով 2 միլիարդի մասին, ԱՄՆ թերեւս զարմանք է արտահայտում, որ այդքանից հետո Հայաստանը եւ հայությունը կարող են առանց խնդրի մեջ մի փոքր խորամուխ լինելու մեծ աղմուկ բարձրացնեն ինչ որ մի քանի միլիոն դոլարի համար: 2 միլիարդ օգնություն եւ 18 միլիոն տարբերություն: Խոսքերը փաստացի ավելորդ են:Բայց շատ են հարցերը, ընդ որում ոչ թե ավելորդ, այլ անհրաժեշտ հարցերը: Իսկ դրանց ամբողջական իմաստը թերեւս ամփոփվում է նրանով, թե ինչ արդյունք է ստացել Հայաստանն այդ 2 միլիարդ դոլար օգնությունից, ինչ արդյունավետությամբ, օգտակար գործողության ինչ գործակցով է Հայաստանը տնօրինել այդ օգնությունը: Եւ, միեւնույն ժամանակ, ինչ աստիճանի ուշադրությամբ են Ամերիկայի հայկական կազմակերպությունները հետեւել, թե Հայաստան պետությունն ինչպես է ծախսում իրենց լոբբինգի շնորհիվ ստացվող օգնությունը: Արդյոք ամերիկահայ կազմակերպությունների ուշադրությունը նախորդ օգնությունների տնօրինության արդյունավետության կապակցությամբ եղել է այն աստիճանի բավարար, որ նրանք իրենց իրավունք են վերապահում այլեւս աղմկել 18 միլիոն դոլարի համար, ընդ որում առայժմ պայմանական 18 միլիոնի համար: Այսինքն, պայմանական 18 միլիոն դոլարի համար աղմկելու փոխարեն թերեւս պետք է մտածել 2 միլիարդի արդյունքի, կամ ավելի շուտ անարդյունավետության մասին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment