Saturday, May 16, 2009

Խաղի կեսից կանոնները չեն փոխում, պնդում է Թուրքիայի վարչապետը

Tert.am. 15-5-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ առիթը բաց չի թողել քննադատելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Հիշեցնենք, որ վերջիններս հերթական անգամ դեմ են արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրմանը։ Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ խաղի կանոնները ճանապարհի կեսին չեն փոխում։ Նշենք, որ Էրդողանը նման հայտարարությամբ հանդես է եկել Վարշավա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թասկի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը կիսվել է իր մտքերով՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի վերջին համատեղ հայտարարությունն ընդդեմ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրմանը կապված է ներկա զարգացումների հետ, և արդյոք նա կարծում է, որ դա սկզբունքային հայտարարություն էր։ Էրդողանը Սարկոզիի և Մերկելի հայտարարությունն «անհաջող» է անվանել։ «Ես հավատում եմ, որ քաղաքականությունում կա ազնվություն։ Ես հավատում եմ, որ անհրաժեշտ է առաջնորդվել նրանով, ինչն արդեն քննարկվել է երկկողմանի, դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ»,- հայտարարել է Էրդողանը ՝ հավելելով, որ Թուրքիայի նկատմամբ պետք է ցուցաբերվի այն նույն վերաբերմունքը, որը ժամանակին ցուցաբերվել է ԵՄ-ի 27 անդամ երկրների նկատմամբ։ «Խաղը սկսվել է, մենք խաղում ենք, և հանկարծ կանոնները խաղի ժամանակ փոխվում են։ Չէ՞ որ դա անընդունելի է, մարդիկ կծիծաղեն ձեզ վրա»,- եզրափակել է իր խոսքը Թուրքիայի վարչապետը՝ այսպիսով կոչ անելով Անգելա Մերկելին և Նիկոլա Սարկոզիին արդար խաղ խաղալ։

No comments:

Post a Comment