Wednesday, May 13, 2009

Թուրքիայի վարչապետը մեկնել է Ադրբեջան կրքերը հանդարտեցնելու համար

Tert.am. 13.05.09- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ մեկնել է Ադրբեջան, որպեսզի վստահեցնի պաշտոնական Բաքվին, որ Թուրքիայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ համերաշխության կնքմանը, չեն խարխլի Ադրբեջանի դիրքորոշումը։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։ Ինչպես հայտնել է Էրդողանը լրագրողներին Բաքու մեկնելուց առաջ, պաշտոնական այցը նապատակաուղղված է «վերացնել Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ առկա բոլոր թյուրիմացությունները և թյուրըմբռնումները»։ Թուրքիայի վարչապետը նաև խոստովանել է, որ Ադրբեջանի շահերը շարունակում են գերակա լինել պաշտոնական Անկարայի համար։ «Ոչ ոք չպետք է կասկածի, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել Ադրբեջանի շահերը, ինչպես դա արել է նախկինում։ Մեր հարաբերություններն ամուր են և եղբայրական»,- նշել է Էրդողանը։ Նշենք, որ Թուրքիայի վարչապետին ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը։ Այսօր նախատեսված է նրանց հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բացի այդ, Թուրքիայի վարչապետն այսօր ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում։ Բաքու կատարած պաշտոնական այցից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան՝ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպելու նպատակով։

No comments:

Post a Comment