Saturday, May 23, 2009

Հայտնի ռուսական հեռուստաալիքի լրագրողներին շանտաժի են ենթարկում Արցախ այցելելու համար

Tert.am.22-5-2009- Մայիսի 15-ից 18-ը ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների թիմերի միջև Ստեփանակերտում տեղի ունեցած մրցաշարի մասին սյուժեն չի ցուցադրվելու «НТВ-плюс» հեռուստաալիքի «Ֆուտբոլային Ակումբ» ծրագրով` չնայած որ այս հեռուստաընկերության թիմը նույնպես մասնակցում էր մրցաշարին: Ինչպես Tert.am-ին հաղորդել է մրցաշարի կազմակերպիչներից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանը, «ռուսական հայտնի հեռուստաալիքը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Բաքվից որոշ ազդեցիկ մարդիկ զանգահարել են «Ֆուտբոլային ակումբ» ծրագրի ղեկավար Վասիլի Ուտկինին` սպառնալով հեռուստաալիքի համար լուրջ խնդիրներ ստեղծել Ադրբեջան-Ռուսաստան նախընտրական խաղի հավատարմագրման ժամանակ, եթե Ղարաբաղի սյուժեն հայտնվի եթերում»: Բացի այդ, դրան կարող է հետևել Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի նոտան: «Զարմանալի է, որ նման ազդեցիկ հեռուստաալիքը, ինչպիսին է «НТВ-плюс»-ը, տեղի է տվել շանտաժին, սպառնալիքներին և նմանատիպ էժանագին քայլերին»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների թիմերի միջև մրցաշարը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում մայիսի 15-18-ը, անցկացվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո: Մրցաշարին մասնակցում էին Վիլնյուսի, Մոսկվայի (НТВ-плюс հեռուստաալիք), Բրյանսկի և Վոլգոգրադի միասնական թիմի, Սամցխվե-Ջավախքի (Վրաստան), Երևանի և Ստեփանակերտի թիմերը։ Հաղթանակ է տարել Արցախի լրագրողների թիմը:

No comments:

Post a Comment