Wednesday, May 13, 2009

Ջավախք. վրացիները կարող են նոր սադրանքների դիմել

Tert.am.12-5-2009- Այն տվյալները, որ վրացական իշխանությունները նախատեսում են նոր սադրանքներ և մտադիր են ձերբակալել հայ հասարակական առավել ակտիվ գործիչներին, մեծամասամբ ճիշտ են։ Այդ մասին այսօր հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։ Ըստ վերջինիս՝ վրացական իշխանությունները կարող են դիմել նման սադրանքների ներքաղաքական իրավիճակից ուշադրությունը շեղելու համար։ Թորոսյանը նշել է, որ Վրաստանի իշխանությունները պետք է հասկանան նմանատիպ սադրանքների վտանգը վրացական պետականության համար։ Այն հարցին, թե արդյոք կարող է իրավիճակը հայաբնակ Ջավախքում օգտագործվել Ռուսաստանի կողմից, որը ցանկանում է ցույց տալ, թե որքան է «վատացել իրավիճակն այդ տարածքներից ռուսական բազաների դուրսբերումից հետո», Թորոսյանը պատասխանել է, որ չի հասկանում, թե ինչու դա կարող է ռուսական սադրանք լինել։ «Վրացական իշխանությունները օրեցօր ավելացնում են ճնշումները Ջավախքում, և երբ մարդ իր իրավունքի համար ձայն է բարձրացնում, ստացվում է, որ ռուսնե՞րն են սադրել»,- հարցին հարցով պատասխանել է Թորոսյանը՝ հավելելով, որ վրացիներին բնորոշ է սեփական խնդիրներում մեղադրել թե հայերին, թե ռուսներին։ Այդ խնդիրը, Թորոսյանի խոսքերով, կապ չունի ռուսական բազայի հետ։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայության շնորհիվ տեղի բնակիչներն անվտանգության մեջ էին իրենց զգում։

No comments:

Post a Comment