
Tert.am.22-5-2009- Երևանի մամուլի ակումբն այսօր ներկայացրել է «նախընտրական» հեռուստաեթերի իր հետազոտության արդյունքները։ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման դիտարկումը Երևանի մամուլի ակումբն անցկացրել է 7 հեռուստաալիքների շրջանակներում՝ Հ1, Հ2, ԱԼՄ, «Արմնյուս», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ»։
Մայիսի 2–15-ը կատարված դիտարկման արդյունքներով հեռուստաեթերում ամենաշատը երևացել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Նա հեռուստաեթերում է եղել 57103, 3 վայրկյան, և, որ տրամաբանական է, նա ամենաշատը եղել է իր սեփական ԱԼՄ հեռուստաընկերության եթերում (9 անգամ)։
Նրան հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 32415,6 վայրկյանով, ապա Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 26057,1 վայրկյանով: Վերջինս հիմնականում երևացել է «Երկիր մեդիայի» եթերում (6 անգամ)։ Չորրորդ տեղում է «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 21276,1 վայրկյան ցուցանիշով։
Որքան էլ զարմանալի է, բայց իշխող Հանրապետական կուսակցությունը 5–րդ տեղում է՝ 17624,1 վայրկյան, նրանից հետո՝ Հայ ազգային կոնգրեսն է՝ 9442,8 վայրկյանով։ Ցանկը եզրափակում է քիչ հայտնի Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 4134,6 վայրկյանով։
Ըստ ԵՄԱ դիտարկման արդյունքների, նախընտրական քարոզչությանը հեռուստաընկերությունների կողմից տրամադրված վճարովի հեռուստաեթերից ամենաշատն օգտվել է ԲՀԿ-ն, այնուհետև ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ Ընդ որում, ՀՅԴ-ի վճարովի քաղաքական գովազդն ամբողջությամբ եղել է Երկիր Մեդիայով։
No comments:
Post a Comment