Tuesday, May 26, 2009

ԻՆՉՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Խորվաթիայի նախագահի հետ երեւանյան համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հույս ունի, որ Սանկտ-Պետերբուրգում հունիսին սպասվելիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման բովանդակությունը չեն խեղի եւ չեն հայտարարի, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում: Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր, թե եթե Հայաստանը հստակ է դնում կարգավիճակի հարցը, ապա դա չի նշանակում, որ կոշտացրել է իր դիրքորոշումը:Ամեն անգամ, երբ Հայաստանի որեւէ լրատվամիջոց մեջբերում է անում ադրբեջանական որեւէ լրատվամիջոցի որեւէ հրապարակում, իշխանությունը, մասնավորապես նախագահի նստավայրը, այնպիսի արձագանք են տալիս այդ մեջբերման փաստին, որի տակ ակնհայտ զգացվում է մոտեցումը` “պետք է փակել ադրբեջանական լրատվամիջոցից մեջբերում կամ արտատպում անող հայկական այդ լրատվամիջոցները”: Թեեւ, պետք է նշել, որ ադրբեջանական աղբյուրներից օգտվում են հիմնականում իշխանամետ լրատվամիջոցները: Այդ ֆոնին առնվազն տարօրինակ է, որ Հայաստանի նախագահն է ուշադրություն դարձնում, թե ինչ կգրեն ադրբեջանական լրատվամիջոցները, հույսեր է կապում նրանց հետո, որ բանակցության բովանդակությունը չեն խեղաթյուրի, որ չեն գրի, թե Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը: Է, թող գրեն, մեզ ինչ: Ինչու է Հայաստանի նախագահին մտահոգում դա: Եթե նրան մտահոգում է, որ Հայաստանի լրատվամիջոցները կարտատպեն այդ գրածը, ապա այդ դեպքում Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է հույս հայտներ, որ հարեւան, այն էլ հակառակորդ երկրի լրատվամիջոցը այս կամ այն բանը չի գրի, այլ հույս հայտներ, որ Հայաստանի լրատվամիջոցները չեն արտատպի այդ խեղումները: Սակայն, բացի դրանից, ինքնին զարմանալի է, որ Սերժ Սարգսյանն այդպես հետեւողականորեն փորձում է հերքել Հայաստանի դիրքորոշման կոշտացման մասին տեղեկատվությունը: Բանն այն է, որ հայ հասարակությունն այդ կոշտացումը թերեւս միայն կարող է ողջունել, քանի որ ընդհանուր առմամբ ազգային եւ պետական շահից է բխում, որ Հայաստանը կոշտացնի իր դիրքորոշումը բանակցային գործընթացում, ոչ թե միակողմանի հայտարարի զիջումների պատրաստակամության մասին, այն դեպքում, երբ օրինակ Ադրբեջանի նախագահը միայն ու միայն Հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս, էլ չասած այն հայտարարությունների մասին, որ անում են Թուրքիան եւ միջնորդ համանախագահները:Այդպիսի պայմաններում Հայաստանի համար դիրքորոշման կոշտացումը կարծես թե ոչ միայն վատ բան չէ, այլ նույնիսկ անհրաժեշտ է: Մինչդեռ Հայաստանի նախագահի խոսքի մեջ այնպիսի փութաջանություն է նկատվում Հայաստանի դիրքորոշման կոշտացումը հերքելու առումով, որ տպավորություն է ստեղծվում, թե չհերքելու դեպքում Սերժ Սարգսյանը ինչ որ տեղ լուրջ խնդիրներ է ունենալու: Հայաստանում կարծես թե որեւէ մեկը նրան չի մեղադրել կոշտ դիրքորոշման համար: Ավելին, նրան դրա համար նույնիսկ կարող են խրախուսել, որովհետեւ երեւի թե միայն Հայաստանի կոշտությունը կարող է փակել ղարաբաղյան հարց Թուրքիայի ներթափանցման փորձը, որին կարծես թե դեմ չեն նաեւ միջնորդները, զուգահեռելով հայ-թուրքական հարաբերությունն ու Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:Հետեւաբար հարց է առաջանում, որ եթե Հայաստանի հասարակության մոտ խնդիրներ ունենալու վտանգ չկա, ինչու է Սերժ Սարգսյաննն աճապարում հերքել Հայաստանի դիրքորոշման կոշտացման մասին տեղեկատվությունը: Ում մոտ խնդիրներ ունենալու վտանգն է նա փորձում այդպիսով վանել իրենից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment