Tuesday, May 26, 2009

Դաշնակցության անհաջող փորձը. մեկ պաստառի պատմություն

Tert.am. 25-5-2009- Այս օրերին Երևանի փողոցներում ամեն քայլափոխին կարելի է հանդիպել Դաշնակցության կողմից փակցվող ցուցապաստառների, որոնց վրա պատկերված են գրականության, արվեստի, սպորտի հայազգի ականավոր գործիչների նկարներ։ Պաստառների գլխատողում գրված է «Հպարտ եղիր, որ հայ ես», ապա նշված են մի շարք ուղերձ-կարգախոսներ՝ «Հայաստա՛նն, ամեն ինչից վեր», «Արդա՛ր երկիր, ազատ քաղաքացի», «Ոչ մի զիջում թուրքերին», «Թուրքիա՛ն է մեզ պարտք«, «Արցախը Հայաստան է և վե՛րջ», «Կո՛ղք կողքի, ո՛ւս ուսի, հաղթակա՛ն»։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ սրանք նախընտրական քարոզարշավի մաս կազմող պաստառներ են, սակայն պարզվեց, որ իրականում դա այդպես չէ։ Tert.am-ը փորձել է կուսակցությունից պարզել, թե արդյոք հայտնի մարդկանց դեմքերով կուսակցական ցուցապաստառներ պատրաստելիս` համաձայնության եկել են հիշյալ անձանց հետ։ ՀՅԴ նախընտրական աշխատանքները կազմակերպող թիմի ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանը նշել է, որ իրեն այդ հարցի մանրամասները հայտնի չեն, ու խոստացել է ճշտելուց հետո տեղեկացնել։ Մեր հաջորդ զանգին ի պատասխան՝ նա նշել է, որ իրեն հաջողվել է պարզել միայն, որ տվյալ ցուցապաստառները Երևանի ընտրությունների հետ կապ չունեն։ Սավգուլյանի խոսքով՝ այդ ցուցապաստառներն արվել են կուսակցական միջոցառումների շրջանակներում ու կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Տվյալ համատեքստում մի շարք հարցեր են ծագում, որոնց պարզաբանումն ավելորդ չի թվում։ Ամենկարևորն այն է, որ հայազգի մի շարք մտավորականների անուններ, որոնցով իրավամբ կարելի է հպարտանալ, կապվում են կոնկրետ կուսակցության հետ և կոնկրետ գաղափարների հետ: Հարց է ծագում` որքանո՞վ նկարներում պատկերված արվեստի, գրականության, սպորտի ոլորտների գործիչները համաձայն կլինեին պաստառի վրա գրված կարգախոսների հետ: Արդյո՞ք կինոյի աշխարհի կոսմոպոլիտ Սերգեյ Փարաջանովը, ով բացառիկ գեղեցկությամբ ներկայացրել է ուկրաինական, հայկական, վրացական և ադրբեջանական մշակույթը, կցանկանար քաղաքականացնել իր արվեստը: Արդյո՞ք Հրանտ Դինքը, ում պայքարը մարդու իրավունքների, այդ թվում նաև հայերի իրավունքների համար էր, կցանկանար հայտնվել նման պաստառի վրա: Իսկ ի՞նչ կարող ենք ասել Եղիշե Չարենցի մասին, ով գաղափարական առումով կանգնած է եղել դաշնակներին հակառակ բևեռի վրա: Գաղտնիք չէ անգամ, որ Չարենցը բացահայտ թշնամանքով է վերաբերվել Դաշնակցության գաղափարախոսությանը և բազմիցս նշել է այդ մասին։Մասնավորաբար, «Դաշնակցականներին» կոչվող բանաստեղծությունում, որը գրվել է 1929թ., Չարենցն արտահայտել է իր վերաբերմունքը հետևյալ կերպ. «Լծված տերերի շառաչուն կառքին՝Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,Բռնակալների մի հետին քուրջումԿծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:Կարո՞ղ եք արդյոք ձեր դեղին ոգին,Որ սնվել է լոկ հրով ու արյամբ.-Ծառս չլինի ու չբողոքիԻմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ...»: Միանշանակ է, որ Չարենցի այս տողերը երկիմաստ չեն, և էլ ավելի զարմանալի ու անընդունելի է նրա պատկերի օգտագործումը Դաշնակցության պաստառի վրա։ Ի դեպ, շատ կարևոր փաստ է նաև այն մտավորականների պաստառին հայտնվելը, ովքեր աշխատում և ստեղծագործում են մեր օրերում։ Եթե Սոս Սարգսյանի ընտրությունը երկմտանքի տեղիք չի տալիս, ապա Տիգրան Մանսուրյանի և Լևոն Արոնյանի լուսանկարներն առավել զարմանալի թվացին։ Կարելի էր ենթադրել, որ նկարները օգտագործելուց առաջ նրանց տեղյակ չէին պահել այդ մասին։ Մեր կասկածների իրավացիությունը հաստատվեց այն բանից հետո, երբ կապ հաստատեցինք Լևոն Արոնյանի հետ: Պարզվեց, որ Լևոնին ոչ ոք չէր հարցրել նրա լուսանկարն օգտագործելուց առաջ, և հանրահայտ շախմատիստը դժգոհություն հայտնեց նման վերաբերմունքի համար` նշելով, որ չի ցանկանում, որ իր անձը քաղաքականացնեն և առանց իրեն տեղյակ պահելու նկարը փակցնեն նման պաստառի վրա: Իհարկե, կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի քայլը միտված է, մշակութային և մարզական ժառանգության մասին հիշեցնելով, ազգին միավորող նախաձեռնությամբ հանդես գալ: Սակայն ակնհայտ է, որ առաջին հայացքից հասարակական այս ակցիան ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։ ՀՅԴ-ն փորձում է վերահաստատել իր դիրքերը` ընդգծելով կոալիցիայից դուրս գալու պատճառները, փորձելով ներկայանալ որպես ընդդիմություն կարևոր ընտրություններից առաջ: Սակայն ակնհայտ է, որ որպես ընդդիմություն այսօր ընկալվում է միայն մեկ քաղաքական ուժ, իսկ Դաշնակցության ցանկությունն ասոսացվել ազգի մեծերի հետ և խաղալ ազգային զգացմունքների վրա անհաջող փորձ է թվում: Առավել դատապարտելի են ոչ թե ՀՅԴ-ի պաստառների վրա նշված երբեմն անհասկանալի կարգախոսները (թեև այս դեպքում էլ հարցեր են ծագում, մասնավորապես, ո՞րքան են մեզ պարտք թուրքերը և ի՞նչ զիջումների մասին է խոսքը, կամ էլ ումի՞ց և ինչից է վեր Հայաստանը` բոլոր այլ ազգերի՞ց, տիեզերքի՞ց, Աստծո՞ւց), այլ այն փաստը, որ Դաշնակցությունը փորձում է մեր մեծերի անունները քաղաքականացնել, կապել կուսակցության անվան հետ, ներկայանալ որպես ազգային կուսակցություն, ինչը, կարծում ենք, սխալ մոտեցում է: Որովհետև Փարաջանովը, Սարոյանը, Մանսուրյանը, Չարենցը, Արշիլ Գորկին պատկանում են ոչ թե մեկ կուսակցությանը կամ անգամ հայ ազգին, այլ ողջ մարդկությանը: Նրանք համամարդկային արժեքներ են ստեղծել, որոնք պատկանում են աշխարհի բոլոր մտածող և հուզվող մարդկանց, այդ թվում նաև թուրքերին: Եվ կարգախոսները, և պաստառներն ավելի ընկալելի կլինեին, եթե հայտնվեին միայն Հայ Հեղափոխական Դաշնակցություն մակագրությամբ՝ առանց մեծերի նկարների: Կամ գոնե միայն այն մարդկանց պատկերներով, ում գաղափարախոսությունը համընկնում է ՀՅԴ-ի կարգախոսների հետ:

No comments:

Post a Comment