Wednesday, May 20, 2009

ՄԻԱՅՆ ՍՓՅՈՒՌՔԻ՞ ԳՈՐԾՈՆՆ ԷՐ, ԹԵ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՏԱՔԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Lragir 19-5-2009- Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների ցույց տված արդյունքը հիմք է դարձել Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության վերաբերյալ Սփյուռքի դիրքորոշման մասին բավական հիմնավոր դատողությունների համար: Այդ դատողությունները հիմնականում տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ Սփյուռքը Եվրատեսիլում չքվեարկեց Հայաստանի օգտին, որովհետեւ այդպիսով փորձեց իր բողոքն արտահայտել հայ-թուրքական հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության դեմ: Ասել, որ այդ տեսակետը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, իհարկե սխալ է: Սակայն թերեւս ամենեւին էլ ճիշտ չէ միարժեք պնդել, որ եթե Հայաստանը գրավել է 10-րդ տեղը, ինչն աննախադեպ ցածր է, քանի որ նախորդ երեք տարիներին մենք ունեցանք երկու 8-րդ եւ մի 4-րդ տեղ, ապա Սփյուռքը չի քվեարկել եւ դրա պատճառը եղել է հայ-թուրքական հարաբերության հարցում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Բանն այն է, որ նախ պետք է պարզել, թե արդյոք Եվրատեսիլում Հայաստանի արդյունքի ձեւավորման հարցում քանի տոկոսն է Սփյուռքի դերը: Անկասկած այդ դերը զգալի մասն է, սակայն, օրինակ ինչպես բացատրել, որ մի տարի Սփյուռքի քվեարկությամբ Անդրեն, իսկ հետո Հայկոն գրավում են 8-րդ տեղը, իսկ երրորդ տարում Սիրուշոն գրավում է 4-րդ տեղ: Չէ որ քվեարկողը նույն Սփյուռքն է: Այսինքն, կան էլի ինչ որ գործոններ, որոնք կապված են կամ կատարողի, կամ կատարված երգի, կամ բեմադրության հետ, որոնք էլ տալիս են այդպիսի տարբերություն` 8-րդից չորրորդ տեղ: Թերեւս մոլորություն է համարել, որ Հայաստանի արդյունքի ձեւավորման մեջ միակ որոշիչ գործոնը Սփյուռքն է: Օրինակ, Ռուսաստանից Հայաստանը Եվրատեսիլի քվեարկության ընթացքում ավանդաբար ստացել է բարձր միավորներ: 2009 թվականը տարբերվում էր: Ռուսաստանը մեզ քիչ միավոր տվեց: Եթե առաջնորդվում ենք նրանով, որ Ռուսաստանը բարձր էր տալիս, որովհետեւ մեծ թվով հայեր կան այնտեղ եւ նրանք են քվեարկում, ապա հարց է առաջանում, թե ինչու այս անգամ չքվեարկեցին: Ի վերջո դժվար է ասել, որ Ռուսաստանի հայերը դեմ են հայ-թուրքական հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը: Ռուսական Սփյուռքը այդ առումով էապես տարբերվում է եվրոպականից կամ ամերիկյանից, եւ տարբերվել է միշտ: Ռուսական սփյուռքն այդ հարցերում ավելի սառն է: Հետեւաբար խնդիրը ամենեւին էլ արտաքին քաղաքականությունը չէ: Ավելի ճիշտ ամենեւին էլ միայն արտաքին քաղաքականությունը չէ: Դա իհարկե չի նշանակում, որ արտաքին քաղաքականությունը ճիշտ է եւ չի կարող Սփյուռքի դժգոհություն հարուցել: Պարզապես երբ այն քննադատելու առիթ է դառնում Եվրատեսիլը, դրանից քաղաքականությունը չի շահում, այլ շահում են Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության համար պատասխանատուները: Ստացվում է, որ Հայաստանի երգը լավն էր, կատարումը լավն էր, բեմադրությունը լավն էր, կազմակերպումը լավն էր, բայց այ Սփյուռքը քաղաքական նկատառումներից ելնելով տապալեց այդ ամենը: Ի վերջո, ինչու ենք մտածում, որ Սփյուռքը չի տարբերում Սերժ Սարգսյանին ու Ինգա եւ Անուշ Արշակյաններին: Անկասկած, երբ հայկական շոու բիզնեսը նախընտրական շրջաններում դառնում է իշխանական քարոզչության անբաժանելի տարր, ապա բնական է, որ այլեւս տարբերությունը իշխանության եւ երգիչների միջեւ, հասնում է գրեթե զրոյի: Բայց համենայն դեպս, Եվրատեսիլի արդյունքի վերաբերյալ եզրակացություն անելիս թերեւս պետք է փորձել իրավիճակը պատկերացնել եւ դիտարկել բոլոր կողմերից, սխալ հետքի վրա չկանգնելու եւ Եվրատեսիլը մեր արտաքին քաղաքականության ինդիկատոր չդարձնելու համար: Պետք չէ ամեն ինչ խառնել իրար, ինչը որ այժմ ի դեպ տեղի է ունենում մեր արտաքին քաղաքականության մեջ:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments:

Post a Comment