Monday, May 25, 2009

Մոռանալ «Եվրատեսիլը». մրցույթի փոփոխված կանոնները կօգնե՞ն դա անել

Tert.am.23-5-2009- Հետեվրատեսիլյան համահայկական, գուցե, նաև համաեվրոպական հիսթերիան շարունակվում է արդեն մեկ շաբաթ։ Ցանկանալով վերջնականապես փակել «Եվրատեսիլ 2009»-ի էջը՝ փորձեցինք վերլուծել այն, ինչ տեղի էր ունենում վերջին շաբաթվա ընթացքում։ Հայաստանի անհաջող, ինչպես շատերը կարծում են, ելույթի պատճառները քննարկելն ավելորդ չէ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ զուտ կատարողական առումով Ինգա և Անուշ Արշակյաններն օբյեկտիվորեն ավելի լավ երգեցին, քան Եվրատեսիլին նախորդ տարիներին մասնակցած հայ երգիչները։ Արդյունքը, սակայն, այլ էր, իսկ դրա պատճառներից գլխավորը, իհարկե, այն է, որ այս տարի փոխվեց մրցույթի ձևաչափը՝ այն վերջնականապես վերածելով Եվրատեսիլը ոչ թե երգի փառատոնի, այլ ֆինանսների և ծանոթությունների պայքարի։ Նախկինում՝ 30-40 տարի առաջ, «Եվրատեսիլում» պայքարում էին դրոշները, այժմ յուրաքանչյուր մեթոդ արդարացված է, միայն թե վերջնական արդյունքը լավը լինի։ Այդ իսկ պատճառով ստացվում է, որ Ադրբեջանը «օկուպացնում է» բելառուսա–լիտվական սահմանը և, 55 մլն ռուբլի ծախսելով, երկու երկների sms քարտերի միջոցով քվեարկում իր օգտին, Ուկրաինան «հանկարծ» 8 միավոր է շնորհում Ռուսաստանին, թեև այդ երկրի հեռուստատեսության բարձրաստիճան պաշտոնյայի հավաստմամբ՝ մինչև վերջին պահը Ռուսաստանը «զրո» ուներ, իսկ Հունաստանը Հայաստանին «զրո» է շնորհում, թեև նման իրողությանը ոչ ոք չէր սպասում։ Իհարկե, ստեղծված իրավիճակի համար «պատասխանատու» ամենամեծ գործոնը՝ նոր կանոնների ներմուծումն էր։ Ինչպես գիտենք, «Եվրատեսիլում» այժմ «քվեարկում են» տեղական ժյուրիները, որոնք հնարավորություն են ստանում «շտկել» sms քվեարկության արդյուքները։ Ժյուրիի և sms քվեարկության ձայները հաշվարկվում են 50/50-ի հարաբերակցությամբ, այնպես որ, յուրաքանչյուր երկրում, որտեղ նույն Հայաստանի օգտին, հնարավոր է, քվեարկել է ավելի շատ մարդ, այդ ձայները պարզապես կարող են փոշիանալ։ Այն, որ ժյուրին կարող է լուրջ դեր խաղալ, հստակ երևաց Հայաստանի օրինակով։ Կարելի է համոզված լինել, որ մեր երկրում, որքան էլ մեծ լինեն, այսպես կոչված, եղբայրական զգացմունքները Ռուսաստանի նկատմամբ, Անաստասիա Պրիխոդկոն չէր կարող առավելագույն ձայների քանակը ստանալ sms քվեարկության արդյունքում։ Բայց, ինչպես մեր լրագրողի հետ զրույցում նշել է հայաստանյան ժյուրիի նախագահ Նունե Եսայանը, sms քվեարկությունը որոշիչ դեր չի ունեցել, և ժյուրին սխալվել է Ռուսաստանի հարցում։ Անցյալ շաբաթ Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է ժյուրիի քվեարկության արդյունքները: Պարզվում է, որ Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը մրցույթում կհաղթեր նույնիսկ այն դեպքում, եթե քվեարկությանը մասնակցեր միայն ժյուրին, որը Ռիբակին շնորհել է 321 միավոր: Ինգա և Անուշ Արշակյանները ժյուրիից ստացել են 71 միավոր և զբաղեցրել միայն 15-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ քույրերի համեմատաբար վատ ցուցանիշը ոչ թե Սփյուռքի հայերի (նրանց մեղադրում են քվեարկության ժամանակ բավականաչափ ակտիվություն չդրսևորելու համար), այլ պրոֆեսիոնալ ժյուրիի ձեռքի գործն է: Մենք, փաստորեն, այս տարի անտեսել ենք ժյուրիի գործոնը և, այս փաստը հաշվի չառնելով, ավելի լուրջ հույսեր կապել Արշակյան քույրերի հետ, քան իրականում պետք է դա անեինք։ Եթե sms քվեարկության դեպքում մենք կարող էինք հույս դնել արտասահմանում ապրող մեր հայրենակիցների վրա, ապա այս պարագայում նրանց ձայներն ուղղակի փոշիացան։ Եվրոպական հեռարձակողների միությունն այսքանով, իհարկե, մրցույթը փորձում է ավելի վերահսկելի դարձնել, «առաջ տանել» այն երկրներին, որտեղից իրենք կարող են հեռարձակման իրավունքներից առավել մեծ գումար ակնկալել, այն է՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Գերմանիա։ Այս տարի դա ստացվեց. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բավականաչափ բարձր տեղ են զբաղեցրել՝ շնորհիվ ժյուրիի քվեարկության արդյունքների (այստեղ Մեծ Բրիտանիան 3-րդ տեղում էր, Ֆրանսիան՝ 4-րդ)։ Սա պատասխան է վերջին շրջանում մրցույթին ներգրավված մի շարք փոքր երկրների ջանքերին, որոնց համար վերին հորիզոնականներում հայտնվելը ընդհուպ մինչև քաղաքական կարևորություն ուներ:Այսքանից հետո հարց է ծագում՝ արդյո՞ք մեզ հարկավոր է «շտկվող» մի մրցույթ, որն առանց այն էլ տարեց տարի լուրջ քննադատության է արժանանում Եվրոպայում և որտեղ, փոփոխված կանոնների պարագայում, Հայաստանը նման կերպ ներկայանալու դեպքում, հաղթելու և անգամ հնգյակի մեջ մտնելու ոչ մի հնարավորություն չունի։ Հարկավոր են նոր մոտեցումներ, լրացուցիչ հնարավորություններ, ֆինանսներ։ Արդյո՞ք մեզ պետք է այդպիսի «Եվրատեսիլ»՝ փոփ երգի մրցույթ, որտեղ մեզ տրված ձայները փոշիանում են ժյուրիի ցանկությամբ, իսկ Հայաստանն իր ստաբիլ 12-ն է մատակարարում նույն երկրին։ Իսկ, գուցե, ավելի ճիշտ է մոռանա՞լ «Եվրատեսիլը»։ Կամ դրան վերաբերվել պարզապես որպես պարզ ու հասարակ երգի մրցույթի: Ընկալել այն առանց հիստերիայի…

No comments:

Post a Comment