Sunday, May 17, 2009

ՑԱՎԱԼԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 16-5-2009- Նաիրիտ գործարանում տեղի ունեցած պայթյունն ու դրա հետեւանքով բռնկված հրդեհը ողբերգական հետեւանք ունեցան մի քանի անձանց համար, որոնք դարձան այդ մեծ աղետի զոհը: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են եւ դժվար է ասել, թե ով է պատասխան տալու կատարվածի համար, թե ինչի հետեւանք էր այն` անփութության, տարիների հանցավոր անտարբերության, գործարանի մաշվածության, թե պարզապես դժբախտ պատահար էր, որպիսին կարող է լինել միշտ եւ ամենուր: Թեեւ որպես կանոն, դժբախտ պատահարները լինում են հենց ինչ որ մեկի սխալի հետեւանք, կամ նույն պահին գործված, կամ տարիների սխալի հետեւանք: Հուսանք, որ աղետի պատճառն իսկապես կպարզվի, եւ մեղավորները կենթարկվեն համարժեք պատասխանատվության: Դա իհարկե հետ չի բերի զոհերի կյանքը եւ չի մխիթարի նրանց հարազատներին, բայց գոնե կարող է կանխարգելիչ լինել ապագայի համար:Սակայն անկախ տեղի ունեցածի բուն պատճառներից, թերեւս կարելի է խոսել այն իրավիճակի մասին, որ առկա էր պայթյունին նախորդած ժամանակամիջոցում: Այդ իրավիճակն իր մեջ որոշակի խորհրդանշականություն է կրում, ցավալի խորհրդանշականություն: Օրինակ, հեռուստատեսությամբ, երբ ցուցադրում էին Նաիրիտում տեղի ունեցածը, քիչ հետո ցուցադրեցին նաեւ, թե ինչպես մինչ այդ, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն, օրինակ, մասնակցում է Երեւանի քաղաքապետի ընտրության ՕԵԿ քարոզարշավին, ելույթ ունենալով արաբկիրցիների առաջ: Մհեր Շահգելդյանն իհարկե չէր կարող գուշակել, որ Նաիրիտում արտակարգ պատահար է տեղի ունենալու, չէր կարող տեղեկատվություն ունենալ ինչ որ սխալների կամ վտանգների մասին, եւ եթե քարոզարշավին չմասնակցեր էլ, դա երեւի թե չէր կանխելու Նաիրիտի աղետը: Բայց երբ նախարարը, թեկուզ աշխատանքից հետո, ընտրական քարոզ է անում, ապա դա ինքնին արդեն արտակարգ իրավիճակ է ցանկացած երկրի համար, որովհետեւ նախարարի խնդիրը պետք է լինի բոլորովին այլ բան:Եվ դժվար է ասել, օրինակ, թե հատկապես ինչ խնդիր լուծելու համար էր Նաիրիտի աղետից հետո դեպքի վայր եկել առողջապահության նախարար, Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Հարություն Քուշքյանը: Դժվար, իսկապես դժվար է ասել, այդ պահին նախարար Քուշքյանն էր ավելի շատ, թե թեկնածու Քուշքյանը: Կարծես թե ոչինչ չէր փոխվելու նրա թեկնածու լինել չլինելուց, սակայն իրավիճակն ինքնին խորհրդանշական է, եւ երբ ամեն ինչ խառնվում է իրար, դա արդեն իսկ արտակարգ պատահար է, որ պարզապես ամեն պահի կարող է ունենալ մի որեւէ դրսեւորում, որեւէ աստիճանի հետեւանքով:Օրինակ, անկասկած է, որ որեւէ հետեւանքի մասին չէր մտածում օրեր առաջ Նաիրիտի այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը չգիտես ինչ էր մտածում կաուչուկի արդյունաբերության ընթացքին հետեւելով, նույնիսկ նոր հայտնագործության մասին վկայող ժպիտը դեմքին ձեռք տալով արտադրվող նյութին: Այդ այցի ժամանակ վարչապետի մտքում հետեւանքներ չէին, այլ հեռանկարներ, գունավոր, որ նա խոստանում էր Նաիրիտի բանվորներին, գուցե նաեւ այն բանվորներին, որոնք դարձան աղետի զոհ: Բայց արդյոք Տիգրան Սարգսյանը, կամ որեւէ պատասխանատու, պատշաճ կարգով հետաքրքրվում էր, թե ինչպիսին է Նաիրիտի անվտանգության մակարդակը, ինչպիսին է գործարանի մաշվածության աստիճանը, արդյոք այն բավարար է յոլա գնալու, թե իսկապես անվտանգ զգալու համար: Բանն այն է, որ վերջին տարիներին տարբեր մակարդակի վթարներն ու արտակարգ պատահարները Նաիրիտի համար կարծես թե սովորական բան էին դարձել, իսկ դրանց պարբերականությունն էլ վկայում էր, որ կամ պատշաճ հետեւություններ չեն արվում, կամ գործարանն այնքան հին է, որ ամեն պահի կարող է ինչ որ բան շարքից դուրս գալ եւ դառնալ անկանխատեսելի հետեւանքի պատճառ:Բայց մյուս կողմից, ցավոք սրտի, այս ամենը ինչ որ տեղ դառնում է բնական, երբ երկրում մեկ այլ, ավելի շատ կարեւոր, գլխավոր մի բան է շարքից դուրս գալիս եւ խեղվում: Երբ շարքից դուրս է գալիս պետական կառավարման համակարգը, երբ այդ համակարգի պատասխանատուների գլխավոր խնդիրը դառնում է ինքնագովազդն ու քարոզչությունը, երբ որեւէ ձեռնարկություն չի ենթակվում պատշաճ տեխնիկական զննության, երբ պատկան կառույցներն անվտանգության մասին անհրաժեշտ տեղեկանքները կարող են տրամադրել ոչ թե մասնագիտական համոզվածության, այլ նյութական բավարարության հիման վրա, դա արդեն իսկ մի մեծ արտակարգ պատահար է, կամ առնվազն ցավալի խորհրդանշականություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment