Saturday, May 16, 2009

ՎՐԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՕԳՈՒՏ ՉԿԱ, ԻՍԿ ԱՄՆ-Ն ՉԻ ՊԱՇՏՊԱՆԻ»

Թուրք-ադրբեջանական լարվածությունը վերլուծում է փորձագետ Սեդաթ Լաչիները «ԱԶԳ», 16-05-2009- Հայաստան-Թուրքիա, այսպես կոչված, մերձեցմանը Բաքուն արձագանքեց բուռն հակազդեցությամբ: Դա լարվածություն առաջ բերեց Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում: Վարչապետ Էրդողանի վերջին այցելությունն Ադրբեջան, որքան էլ թյուրիմացությունների վերացման նպատակ հետապնդեր, հազիվ թե նպաստի թուրք-ադրբեջանական լարվածության վերացմանը, որովհետեւ Թուրքիայի հայկական սահմանի բացման հարցն ընդամենը պատճառաբանություն է: Այլ կերպ, Թուրքիա-Ադրբեջան լարվածությունն ունի ավելի հիմնարար պատճառներ, քան Հայաստանի հետ սահմանն է, եւ դրանք բազմազան են: Վերջին օրերին «Ազգը» անդրադարձել է «Մեկ ազգ, երկու պետության» հարաբերությունների լարվածությանը: Անդրադարձել էին նաեւ թուրքական կենտրոնական թերթերը: Մայիսի 14-ի համարում անդրադառնում է «Ենի աքտուել» շաբաթաթերթը, դիմելով Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի USAK-ի տնօրեն դոցենտ Սեդաթ Լաչիների կարծիքին: Լաչիների պատասխանները ուշագրավ են, հատկապես լարվածության պատճառները Թուրքիայի տեսանկյունից գնահատելու առումով: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում հարցազրույցը կրճատ տարբերակով ուշադրության ներկայացնել. - ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիա այցելության եւ նրա ապրիլի 24-ի ուղերձի նախօրյակին, երբ հայտարարվեց, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման ճանապարհին առաջխաղացում է արձանագրվել, իսկույն սառնություն մտավ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց մասնակցել Ստամբուլում հրավիրված «Քաղաքակրթությունների դաշինք» միջազգային երկրորդ ֆորումի աշխատանքներին: Թեեւ Անկարան բազմիցս վերահաստատեց իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, սակայն ադրբեջանական մամուլում հրապարակվեցին Թուրքիայի դեմ հոդվածներ: Ադրբեջանցի պատգամավորներն Անկարայում անդրկուլիսյան աշխատանքներ կատարեցին: Դուք դա պայմանավորեցիք «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության հետ Ադրբեջանի առնչությամբ: Չե՞ք մանրամասնի: - Ադրբեջանի հետ լարվածության պատճառներից մեկը Թուրքիա-Հայաստան հանդիպումներն են ու մերձեցումը: Ազերիները գիտեին Հայաստանի հետ Թուրքիայի շփումները: Հայերի հետ հանդիպում են նաեւ իրենք: Հետեւաբար Բաքվի մտավախության բուն պատճառը (Հայաստան-Թուրքիա) գործընթացում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներգրավումն է: Ադրբեջանական վարչակազմը, մտածելով, որ Թուրքիան չի կարող դիմադրել ճնշումներին, սկսեց խաղեր հորինել եւ խաղալ կամ չափազանցված հակազդեցություն ցուցաբերել, թե Թուրքիան մեզ թիկունքից է հարվածում: Դրանով փորձ արվեց հասարակական կարգի ճնշմանը ենթարկելու Թուրքիային: Երկրորդ պատճառը Ռուսաստան-Վրաստան պատերազմն է: Պատերազմի ընթացքում Վրաստանում ռմբակոծվեցին երկաթուղին ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Համոզված եմ, որ խողովակաշարի վրա PKK-ի հարձակումը ռուսներն են կազմակերպել: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը զգաց, որ գործը չի կարելի առաջ տանել սոսկ Թուրքիայի եւ Վրաստանի հետ համերաշխության միջոցով, անհրաժեշտ համարեց գործընթացին Ռուսաստանի ներգրավումը: Ի դեպ, վրաստանյան պատերազմը հստակ ցույց էր տվել, որ Կովկասում ԱՄՆ-ն ի վիճակի չէ թիրախին պաշտպանել հարձակումներից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա ոչ միայն չկարողացավ պաշտպանել, այլեւ հակադարձ ազդանշաններ արձակեց պատերազմի օրերին: Երբ ռմբակոծվում էր Վրաստանը, վարչապետ Էրդողանը «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» առաջարկ արեց Ռուսաստանին, ընդ որումՙ առանց Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մասնակցության: Պլատֆորմի առաջարկը կատարյալ չափազանցություն էր եւ մեծ վնաս տվեց Թուրքիայի միջազգային հեղինակությանը: Ադրբեջանը հասկացավ հետեւյալը. «Ռուսաստանի հարձակման դեպքում Թուրքիայից օգուտ չկա, ԱՄՆ-ն չի պաշտպանի, իսկ Եվրոմիությունը գրեթե ռուսամետ դիրքորոշում կցուցաբերի»: Ելնելով այս ամենից, Բաքուն որոշեց փոխել կողմնորոշումը: Նախագահ Ալիեւն օրերս գնաց Մոսկվա եւ համաձայնագիր ստորագրեց: Ռուս-վրացական պատերազմից դասեր քաղեց նաեւ Երեւանը: Պատերազմի օրերին ապրանքների արտահանումն ու ներմուծումը կանգ առան Հայաստանում: Այսինքն, Հայաստանը Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում դարձավ ավելի վճռական, իսկ Ադրբեջանը հանգեց «միայն Թուրքիայով չի կարելի առաջ գնալ, անհրաժեշտ է գործընթացին Ռուսաստանի ներգրավվածությունը» եզրակացությանը: Կովկասն այլեւս առաջվանը չէ: Դա Թուրքիան չհասկացավ, բայց Ռուսաստանը իսկույն նկատեց: Նա Վրաստանը մասնատեց երեք մասի: Ճանաչեք երկուսի, այսինքնՙ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, Հայաստանն արդեն նրա ձեռքում է, քաղաքական եւ տնտեսական միջոցառումներ է ձեռնարկում, որ իր ձեռքերի մեջ վերցնի նաեւ Ադրբեջանին: Հակառակ դրան, Ադրբեջանը Թուրքիայի դեմ քարոզարշավ է ծավալում: Փոխնախագահ Ալի Հասանովի եւ մարզպետների խորհրդակցությունում ընդունվեց երկրում թուրքական ձեռնարկությունները աստիճանաբար փակելու որոշում: Թուրքերենն ու թուրքական սերիալները դուրս են մղվում ադրբեջանական հեռուստաէկրանից: Որոշ հիմնարկներում ռուսերենն օտար լեզու չի համարվում, սակայն թուրքերենը, որը հասկանալի է ժողովրդին, օտար լեզու է: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարությանը: Երրորդ պատճառը «Էրգենեքոնի» դերն է: Թուրքիայում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությանը հարձակումների թիրախ դարձրած թերթերն ու հեռուստաընկերությունները նույն անունով նույն գործունեությունն են ծավալում նաեւ Ադրբեջանում: Բացի դրանից, կան մեծ ու փոքր բազմաթիվ խմբավորումներ: Ինչպես հստակ արտահայտվել է «Էրգենեքոնի» մեղադրականում, այս կազմակերպության ղեկավարներից գեներալ Վելի Քյուչուքն այնտեղ բուռն գործունեություն էր ծավալել: Ավելին, թուրքական խորքային պետությունը հեղաշրջման փորձ էր կատարել Ադրբեջանում (նկատի ունի 1995-ի մարտի փորձը): «Էրգենեքոնը» շատ լուրջ եւ շատ հզոր մասնաճյուղ ունի Ադրբեջանում: Ուժեղ է նաեւ «Էրգենեքոնի» Հյուսիսային Կիպրոսի թեւը, սակայն հզորությամբ երկրորդը ադրբեջանական թեւն է: «Էրգենեքոնը» ռուսաստանյան թեւ էլ ունի: Թուրք-ադրբեջանական լարվածությունում Ռուսաստանը մեծապես օգտվել է «Էրգենեքոնի» ծառայություններից եւ Մոսկվան մոբիլիզացրել է «Էրգենեքոնի» ադրբեջանական մասնաճյուղի բոլոր անդամներին: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:

Post a Comment