
Lragir 8-5-2009- Շանթ հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի հանդեպ կատարված բռնությունը գրեթե բոլորին է զայրացրել: Զայրացրել է ոչ միայն այն պատճառով, որ դա հերթական բռնությունն էր, այլ նաեւ այն պատճառով, որ զայրացուցիչ է թե լրագրողի, թե ցանկացած այլ քաղաքացու հանդեպ կատարվող որեւէ բռնություն: Սակայն շատերն են նաեւ տարակուսել, թե ով պետք է ունենար Նվեր Մնացականյանին ծեծելու պատճառ: Մեկնաբանը իր լրագրողական գործունեության ընթացքում կարծես թե որեւէ մեկի հանդեպ չի եղել առանձնապես սուր, կարծես թե որեւէ մեկին չի վիրավորել, թեեւ դա դեռ ծեծելու հիմք չէ, քանի որ դրա համար կա դատարան: Կարծես թե Նվեր Մնացականյանը թե իշխանության, թե նույնիսկ ընդդիմության հասցեին երբեք չի արել բռնության ցանկություն առաջացնող հայտարարություններ: Ավելին, Մնացականյանը թերեւս կարող է համարվել հայկական հեռուստաընկերությունների ամենից հանգիստ հաղորդավարներից մեկը, որը հյուրերի հետ երբեք չի մտնում բանավեճի, առավել եւս հակադրության մեջ:
Այդ ամենը դարձել են այս օրերին որոշակի խմբերի քննարկումների առարկա, եւ կարծես թե չի գտնվում մի պատասխան, որը կարող էր հիմնավորել, կամ կարող էր հանդիսանալ լրագրողի հետ կատարվածի պատճառների ենթադրության հիմք: Միակը, որ կարծես թե քիչ թե շատ կապակցված եւ բացատրելի է թվում, դա այն է, որ լրագրողը բռնության ենթարկվեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից երկու օր անց: Սակայն այդ հանդիպման ընթացքում Նվեր Մնացականյանն ու Գագիկ Ծառուկյանը հանգիստ զրուցում էին, ոչ ավելի: Միակը, որ թերեւս կարելի է համարել հանգստության խախտում, այն էր, որ Նվեր Մնացականյանը Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց Ահարոն Ադիբեկյանի սոցհարցման մասին, ակնարկելով, թե Ծառուկյանի վարկանիշային գործերը “ոնց որ թե վատ են գնում”: Բայց դե դա հո Նվեր Մնացականյանը չասաց: Նա ընդամենը հիշեցրեց Ադիբեկյանի ունեցած եւ հայտարարած ինչ որ տվյալների մասին: Բայց խնդիրն այն է, որ դրանից հետո բավական հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին: Գագիկ Ծառուկյանը հենց ստուդիայում առաջարկեց Ադիբեկյանին մի օր հրավիրել տաղավար, որ նա բոլորի ներկայությամբ ապացուցի իր վարկանիշի ցածր լինելը, եւ եթե ապացուցի, ապա Ծառուկյանը նրան 1 միլիոն կնվիրի, եթե ոչ, ապա Ադիբեկյանը պետք է ներողություն խնդրի:
Ադիբեկյանի պատասխանը չուշացավ: Ընդ որում՝ բավական համարձակ պատասխանը: Բանն այն է, որ Ադիբեկյանը Գագիկ Ծառուկյանին համարեց “ռեստորանային մտածողության տեր մարդ”, որը չգիտե, թե ինչ բան է սոցիոլոգիան: Համաձայնեք, որ սա լուրջ մեղադրանք է այնպիսի գործչի, ինչպիսին որ Գագիկ Ծառուկյանն է: Եվ ահա, երբ հասարակությունը սպասում էր փաստացի Շանթ հեռուստաընկերության հաղորդումից ծնունդ առած այդ բավական լուրջ բանավեճի շարունակությանը, երբ սպասում էր Գագիկ Ծառուկյանի պատասխանին, կանխատեսելով, թե ինչպիսին է լինելու այն, ոստիկանությունը տեղեկություն է տարածում Նվեր Մնացականյանին ծեծելու մասին:
Դա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ Մնացականյանի հանդեպ բռնություն են կիրառել Ծառուկյանը կամ Ադիբեկյանը, որոնց հեռուստամեկնաբանը ներքաշեց բավական հետաքրքիր, բայց բավական անցանկալի հրապարակային բանավեճի եւ հակադրության մեջ: Բայց կարծես թե ակնհայտ է, որ ինչ որ մեկը փորձել է որսալ հարմար պահը եւ կատարել մի բան, որն անկասկած հանրային ընկալման մեջ հայտնվելու է այլոց պատասխանատվության տիրույթում` կամ Ադիբեկյանի, կամ Ծառուկյանի, իսկ գուցե եւ երկուսին միասին, քանի որ Նվեր Մնացականյանի վրա հարձակվել է երկու մարդ, ինչպես պատմել է հաղորդավարը: Այսինքն, ինչ որ մեկը միգուցե օգտվել է առիթից կամ իր գործը առաջ տանելու համար, կամ էլ իր գործը համարել է հենց Ադիբեկյանին կամ Ծառուկյանին այդօրինակ հանրային ընկալումների “զոհ” դարձնելը: Այդպիսի դեպքերում միշտ ասում են, որ պետք է փնտրել նրան, ում ձեռնտու էր հանցանքը: Բայց լինում են նաեւ դեպքեր, որոնց թվին երեւի թե դասվում է նաեւ այս դեպքը, երբ ավելի հեշտ է գտնել նրանց, ում հանցանքը ձեռնտու չէր: Բայց ընդհանուր առմամբ, կարծես թե ոչ մեկին գտնելն էլ հեշտ չէ, որովհետեւ արդեն մոտ մեկ տասնյակ ծեծված լրագրողների պարագայում չկա մեղադրված եւ դատապարտված գեթ մի կատարող կամ պատվիրատու:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
No comments:
Post a Comment