Tuesday, June 23, 2009

15 ՏՈԿՈՍ ԱՆԿՈՒՄ

Lragir.22-6-2009- Չնայած Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե արդյունավետ պայքար է մղում համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության դեմ, չնայած Հայաստանը քարոզչական հնարավոր բոլոր տեսակներով ու կարգերով փորձում է ցույց տալ, թե ինչքան դինամիզմ կա մեր տնտեսության մեջ եւ չնայած արտասահմանից ստացվող վարկերին, Հայաստանի տնտեսության անկումը շարունակվում է խորանալ եւ արդեն 2009 թվականի առաջին 5 ամսի տվյալով հասնում է 15 տոկոսի: Ընդ որում, այդ թիվը հրապարակում է Ազգային, այսինքն պաշտոնական վիճակագրական ծառայությունը: Եվ դրանից հետո ուղղակի է կարելի է զարմանալ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին արտասահմանում հանգստանալը արգելելիս, խոսելով տնտեսության բարդ վիճակի մասին, իր խոսքի առանցքը դարձնում է հարկահավաքությունը: Եթե հարկահավաքության մասին խոսակցությունն աշխուժանում է տնտեսական աճի պարագայում, դա հասկանալի է ու տրամաբանական, քանի որ եթե տնտեսությունն աճում է, ուրեմն բիզնեսը կարող է հարկային վարչարարության ծանրություն տանել: Սակայն երբ տնտեսությունը երկնիշ անկում է արձանագրում, ապա հարկահավաքության վրա շեշտադրում կատարելն առնվազն զարմանալի է: Տնտեսության երկնիշ անկման պարագայում շեշտը պետք է կատարվի հարկային բարենպաստ միջավայր ձեւավորելու, հարկային արտոնյալ ռեժիմներ սահմանելու, կառուցվածքային բարեփոխումներ նախաձեռնելու, տնտեսության իրական ազատականություն եւ մրցակցություն ապահովելու վրա: Բարդ պայմաններում շեշտը պետք է դրվի խնայողության, համաշխարհային նավարկություններից զերծ մնալու վրա, թանկարժեք ծառայողական մեքենաներին տուրք չտալու վրա: Երբ տնտեսությունը երկնիշ անկում է ապրում, ապա պետք է մտածել ավելի շատ այդ տնտեսությանը տալու, քան դրանից վերցնելու մասին: Պետք է մտածել հեռուստաեթերում տնտեսագիտական թեմայով բանավեճեր կազմակերպելու, փորձագիտական քննարկումների միջոցով հանրության առաջ մոտեցումների մրցակցության հարթակ ձեւավորելու մասին, որպեսզի հասարակության աչքի առաջ գծագրվեն տնտեսական բարդ իրավիճակից ելք գտնելու ուղիները, ոչ թե ցուցադրվեն քարոզչական ռեպորտաժներ եւ հաղորդումներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, բացի նրանից, որ ստեղծվում են իրականությունը ծածկելու նպատակով: Երբ կառավարությունն օգնում է մեկ, երկու կամ տասը ձեռնարկության, դրա մասին ստեղծվում են հեռուստաներբողներ, իսկ 100, 200, կամ 1000 ձեռնարկության մասին, որոնք մի կերպ դիմակայում են հարկային վարչարարության հուսահատ գրոհներին, ոչ մի խոսք, ոչ մի կադր, ոչ մի բառ: Միթե դա է տնտեսական քաղաքականությունը: Միթե կարող է առավելապես քարոզչական հնարքների վրա հիմնված քաղաքականությունն ավելի լավ արդյունք տալ, քան 15 տոկոս անկումը: Միթե տնտեսության այդ ծավալի հետընթացը այն է, ինչ հնարավոր էր անել այս ընթացքում, թե հնարավոր էր գոնե պահել տնտեսությունը զրոյական աճի մակարդակի վրա կամ գոնե սահմանափակվել գոնե մինչեւ հինգ տոկոս նվազմամբ: Ավելին, բանն այն է, որ ամառային, այսինքն տնտեսապես աշխույժ սեզոնի գալու հետ մեկտեղ տնտեսական անկումն ավելի է մեծանում, քանի որ առաջին չորս ամիսների 9 տոկոս անկումը 5-րդ ամսում հասել է 15 տոկոսի:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:

Post a Comment