Monday, June 22, 2009

Հակասական հայտարարություններով Անկարան չի կարող լուծել հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը

/PanARMENIAN.Net/ 22.06.2009- Հակասական հայտարարություններով Անկարան չի կարող լուծել հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Այդ մասին հունիսի 21-ին Երեւանում ՄԱԷ-ի արտգործնախարար Աբդալլահ բին Զաեդ ալ-Նահայանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Տարաձայնություններն, որ առկա են հայ-թուրքական հարաբերություններում, պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում: Հայաստանը նման մոտեցման կողմնակից է եւ կշարունակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի վերջին հայտարարությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին` Է.Նալբանդյանը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը մտադիր է կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: «Հայաստանը մտադիր է ստեղծել Թուրքիայի հետ միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվի երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերով»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Իր հերթին Աբդալլահ բին Զաեդ ալ-Նահայանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկվել է հայկական կողմի հետ բանակցություններում: «Մենք շատ ուրախ ենք, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» հիմք ստեղծեց Երեւանի ու Անկարայի միջեւ բանակցությունների համար: Մենք հասկանում ենք, որ կողմերը պետք է բարդ հարցերի լուծումներ գտնեն հարաբերությունները կարգավորելու համար եւ սատարում ենք այդ ուղղությամբ արված նրանց քայլերին»,-հայտարարել է ՄԱԷ-ի ԱԳՆ ղեկավարը` հավելելով, որ ավարտելով այցը Երեւան, նա մեկնում է Թուրքիա:

No comments:

Post a Comment