Saturday, August 15, 2009

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունների առնչությամբ

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պնդումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի <<բնակչության>> կարծիքը, նրա մտավախությունները արտացոլվում են բանակցային գործընթացում: -Մենք կողջունեինք այդ փաստը եւ այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել միջնորդներին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը արտահայտել է իր կամքը 1991թ. դեկտեմբերի 10-ին` անկախության եւ 2006թ. դեկտեմբերի 10-ին` ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեների ժամանակ: Մենք երախտապարտ կլինենք միջնորդներին, եթե հանրաքվեների ժամանակ ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքը լրիվությամբ արտացոլվի բանակցային գործընթացում: -Ինչպե՞ս կմեկնաբանեիք ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունները, որոնցում ներկայացված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման` միջնորդների կողմից առաջարկվող սկզբունքների մանրամասները: Մ. Բրայզան նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը, իր կարծիքով, ձեռնտու է Հայաստանին, քանի որ հակառակ դեպքում կբարդանա հանրապետության տնտեսական զարգացումը, ինչն իր հերթին խնդիրներ կստեղծի ժողովրդավարական բարեփոխումների անցկացման հարցում: -Առաջին հերթին կցանկանայի նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը գերակա խնդիր է նաեւ ԼՂՀ համար: Սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ցանկացած գնով կարգավորման` այն էլ անկանխատեսելի հետեւանքներով: Մեզ համար կարգավորումը ամուր եւ երկարատեւ խաղաղության հաստատումն է, ինչին հնարավոր է հասնել միայն փաստացի իրադրությունները հաշվի առնելով: Սակայն պարոն Բրայզայի մոտ կարգավորման խնդիրը շաղկապված է տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների հարցերի հետ: Այս հարցերի շաղկապումը միասնական <<փաթեթի>> մեջ ավելի շուտ առեւտուր եւ ցանկացած գնով համաձայնություն պարտադրելու փորձ է է հիշեցնում: Ցավոք վերջերս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագացման միտում է նկատվում` ինչպես հակամարտության էությունը, պատմությունը, այնպես էլ ներկայիս իրողությունները անտեսող բանաձեւի հիման վրա: Եւ պարոն Բրայզայի հայտարարությունները, մեր կարծիքով, նշված միտման հենքով են ընթանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս շտապողականությունը կապված է ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահների, մասնավորապես պարոն Բրայզայի ազդարարվող փոխարինման հետ: Ինչպես արդեն նշել ենք, ԼՂՀ ԱԳՆ ս.թ. հուլիսի 15-ի հայտարարության մեջ, բանակցային գործընթացի չհիմնավորված արագացումը բացասական հետեւանքներ կունենա եւ կհանգեցնի միայն լարվածության ուժեղացմանը, քանի որ միջնորդների առաջարկած բանաձեւը ուղղված է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հիմքում ընկած ուժերի հավասարակշռության փոփոխությանը: - Մ.Բրայզայի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկում են, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահները զինված չլինեն, դիտորդների դեր կատարեն եւ չկարողանան խաղաղության հարկադրել: Ինչպես նշել է ամերիկացի համանախագահը, դա պայմանավորված է նրանով, որ Կոսովոյի եւ Բոսնիայի փորձը ցույց է տվել, որ խաղաղապահ ուժերը ի վիճակի չեն կանխել զինված հակամարտությունը, եթե հակամարտության կողմերից մեկը դա չի ցանկանում: Ձեր մեկնաբանությունը, խնդրեմ: -Իր խոսքերով պրն. Բրայզան, ըստ էության, խոստովանեց, որ միջնորդների առաջարկած հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, չի կարող իրագործվել, որ միջազգային հանրությունը ի վիճակի չէ կարգավորման առաջարկվող բանաձեւի իրականացման դեպքում լիովին երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, քանի որ խաղաղապահ ուժերը հակամարտության կողմերի կառավարման հիմնական գործիքներից մեկն են` հակամարտության տարածաշրջաններում խաղաղության պահպանման` միջազգային հանրության զինանոցում: Սակայն քննության առնելու պարագայում պարզվում է, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն, եթե հակամարտության կողմերից մեկը խաղաղություն չի ցանկանում: Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս խնդիրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը առաջարկում է լուծել ագրեսորի` Ադրբեջանի հանդարտեցման միջոցով: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, նման քաղաքականությունը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության հաստատմանը: Ընդհակառակը, այն հանգեցնում է լարվածության ուժեղացման ու պատերազմի: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

No comments:

Post a Comment