Wednesday, August 5, 2009

Սերժ Սարգսյանը Քոչարյան չէ, Նալբանդյանը Օսկանյան չէ

HayInfo.4-5-09- Օգոստոսի 1-ին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին: Անդրադառնալով ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի՝ իրեն հրապարակային բանավեճի հրավիրելու կոչին, Օսկանյանն ասել է. - Ես որևէ մեկի հետ վիճելու խնդիր չունեմ: Մեծ հաճույքով ցանկացած հարցի շուրջ կարող եմ բանավիճել, բայց այդ վիճաբանությունը ինչ-որ նպատակի պետք է ծառայի և ինքնանպատակ չպետք է լինի: Ես կարծում եմ՝ ընդդիմությունն այսօր պետք է վիճաբանության հրավիրի ներկա իշխանությանը, այն մարդկանց, ովքեր բանակցում են այսօր: Իհարկե, պատմության, անցյալի, նախորդ 17 տարիների շուրջ մենք կարող ենք զրուցել, և «Սիվիլիթասը» բազմաթիվ նման քննարկումներ անում է: Միգուցե եկող ամիսների ընթացքում կարելի է մեկ քննարկում ԼՂ հարցի շուրջ կազմակերպել, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, կարող են գալ, բայց կոնկրետ հիմա իմ վիճաբանությունը ընդդիմության հետ իսկապես նպատակին չի ծառայելու: Ես կարծում եմ՝ նրանց հիմնական թիրախը պետք է լինի այսօրվա իշխանությունը: - Նրանք կարծում են, որ Դուք եք՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նշեց Դավիթ Շահնազարյանը, պատասխանատուն այս ամենի համար և Դուք եք Մադրիդյան սկզբունքների, այսպես ասած, ճարտարապետը: - Ամեն իշխանություն իր ժամանակահատվածի համար է պատասխանատու: Իշխանափոխություն է եղել: Կա նոր իշխանություն, և նրանք որոշել են շարունակել բանակցություններն այնտեղից, որտեղից մենք թողել էինք: Այսօրվա պատասխանատվությունն այսօրվա իշխանությունների վրա է, և բանավեճն իշխանության և ընդդիմության միջև պետք է լինի: Մեկուկես տարի է՝ արդեն ընդդիմությունը, կարծես, դա չի հասկացել և նախկինների հետ է փորձում բանավիճել: Կարծում եմ՝ առավել հանրօգուտ աշխատանք կլինի, եթե իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան ծավալել իսկական բանավեճ ժողովրդին հուզող կարևորագույն հարցերի շուրջ: - Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շնորհակալություն հայտնեցին Ձեզ և պարոն Քոչարյանին՝ Մադրիդյան սկզբունքների մշակման աշխատանքներին մասնակցելու համար: Գաղտնիք չէ, որ Մադրիդյան սկզբունքները ոչ միանշանակ են ընկալվում քաղաքական ուժերի կողմից: Գուցե կարելի՞ է այժմ գաղտնազերծել. ինչի՞ հետ էիք դուք համաձայնել և ի՞նչն է, որ այժմ զարգացում է ստացել և ինչի՞ հետ համաձայն չեն քաղաքական ուժերը: - Համապարփակ լուծում ունեցող բոլոր առաջարկությունները հիմնված են եղել չորս հիմնական սկզբունքների վրա: Առաջինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, երկրորդը՝ տարածքների վերադարձը, երրորդը՝ փախստականների վերադարձը և չորրորդը՝ անվտանգության երաշխիքները: Առաջին օրվանից կրկնում եմ՝ բոլոր համապարփակ լուծում ենթադրող առաջարկությունները հիմնված են եղել այս սկզբունքների վրա: Վստահեցնում են ձեզ, որ հետագայում նույնը կլինի: Այսինքն, եթե Մադրիդյանը տապալվի (հիմա արդեն Կրակովյանի մասին են խոսում), եթե ապագայում նոր փաստաթղթեր ի հայտ գան, դարձյալ այս չորսի վրա են հիմնվելու: Եթե հայկական կողմն իսկապես ուզում է, որ հետագա սկզբունքներում չլինեն տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի հարցեր, այսինքն՝ մենք առաջնորդվենք «ոչ մի թիզ հող» սկզբունքով, որը սքանչելի լուծում կլիներ, այդ դեպքում Հայաստանը կամ Ղարաբաղը, կամ երկուսը միասին, որպես հայկական բանակցող կողմ, պետք է հրաժարվեն բանակցություններից: Եթե բանակցում ենք, այս սկզբունքներն այնտեղ լինելու են: Մադրիդյան սկզբունքների բովանդակությունն անհամեմատ առավելություններ ունի բոլոր՝ նախկինում առաջարկված սկզբունքներից: Այստեղ կասկած չկա, այստեղ վիճաբանության տեղիք չկա: Եթե նախկինում կարգավիճակի մասով վատագույն դեպքում առաջարկվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, իսկ լավագույն դեպքում՝ հորիզոնական կապեր Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընդհանուր պետության շրջանակներում, ապա Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը կարգավիճակի հետ կապված առաջարկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշում, ինչը, բնականաբար, նշանակում է Լեռնային Ղարաբաղի անկախություն կամ վերամիավորում Հայաստանին: Մադիրդյան առաջարկներն անհամեմատ առավելություն ունեն, այստեղ կասկած չկա: Եվ երևի չեք կասկածում, որ ես հազվագյուտ անձանցից եմ, որ բոլորին ծանոթ եմ և կարող եմ նման համեմատական անցկացնել: Ինչ վերաբերում է մյուս սկզբունքներին՝ տարածքներ, փախստականներ և անվտանգություն, նույնը կարող եմ ասել. այստեղ ձևակերպումներն այնպիսին են, որ հնարավորություն են տալիս ճիշտ բանակցելու դեպքում մանրամասների շուրջ ստանալ մեզ համար բարենպաստ լուծումներ: Սկզբունքները կարևոր են, իհարկե, բայց առավել կարևոր են մանրամասները, որոնց շուրջ պետք է բանակցել: Մեզ չի հաջողվել Ադրբեջանի հետ մանրամասների շուրջ համաձայնության գալ, որովհետև այն, ինչ Ադրբեջանն էր պահանջում, մեզ համար անընդունելի էր, իսկ այն, ինչ մենք էինք պահանջում, նրանց համար էր անընդունելի: Մենք դրել էինք մեր նշաձողը, որն ակնհայտորեն բխում էր մեր ազգային շահերից, բայց մենք չկարողացանք այդ նշաձողի շրջանակներում ինչ-որ համաձայնության գալ: Այսօր վիճաբանությունը պետք է լինի հենց այդ նշաձողի շուրջ, որովհետև այսօրվա իշխանությունները նույն մարդիկ չեն: Սերժ Սարգսյանը Քոչարյան չէ, Նալբանդյանը Օսկանյան չէ: Քաղաքականության մեջ այսօր կտրուկ փոփոխություններ կան: Ինձ հաճախ քննադատում են, որ «դուք արտաքին քաղաքականությունն եք քննադատում, բայց դուք եք եղել նախորդ տասը տարիների արտգործնախարարը»: Այո՛, ես եմ եղել, բայց իշխանափոխություն է եղել: Այսօր վարվող քաղաքականությունն էապես տարբերվում է նախկինում մեր վարած քաղաքականությունից, այնպես որ, քննադատելու տեղ կա: Երբ բաներ կան, որոնց հետ ես համաձայն չեմ, քննադատում եմ: Դրա համար այսօր ընդդիմության խնդիրը պետք է լինի պարզել, թե իշխանությունների նշաձողը որն է: Մեր նշաձողը բարձր է եղել: Մինչդեռ այսօրվա նշաձողն ինձ մոտ շատ կասկածներ է առաջացնում: Բրայզան վեց-յոթ տարածքների վերադարձի մասին է խոսում, Ալիևն ասում է, որ բացառվում է ԼՂ անկախությունը, իսկ մեր իշխանությունները լռում են: Սա է մտահոգությունը: Ընդդիմությունը սրանով պիտի մտահոգվի այսօր և իշխանությունների առաջ պետք է խնդիր դնի՝ խոսել այդ հարցերի մասին, պարզել, թե նշաձողը որն է: Խնդիրը ոչ թե ինձ հետ է, այլ այսօրվա իշխանությունների: - Մեթյու Բրայզան կրկնել է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից հեռացնելը հայկական կողմի նախաձեռնությունն էր: Դա կատարվեց Ձեր իշխանության ժամանակ: Ի՞նչ եք կարծում` բանակցությունների այդպիսի ձևաչափն ավելի արդյունավե՞տ էր, թե՞ ոչ: Կա՞ արդյոք հնարավորություն և անհրաժեշտություն նրանց սեղանի շուրջ վերադարձնել: - Բրայզան նախապատմությունը չգիտի և լավ չի տիրապետում իրավիճակին: Ղարաբաղի մասնակցության ընդհատումը բանակցություններում եղել է 1997թ. մարտին, երբ ընդհանրապես կանգնեց Մինսկի գործընթացը: Այսինքն, երբ ես նշանակվեցի արտգործնախարար, Ղարաբաղն արդեն չկար գործընթացում, բայց կար նախագահների ու նախարարների հանդիպում, կար նախագահների խորհրդականների հանդիպում: Ճիշտ է, այդ օրերին կար ընտրություն մեր առաջ. շարունակե՞լ նախկին ձևով, այսինքն՝ նախագահների մակարդակով, թե՞ քննարկել Ղարաբաղի մասնակցության հարցը: Այդ օրերին որոշվեց, որ մենք շարունակելու ենք, որովհետև դրա այլընտրանքը բանակցությունների ընդհատումն էր: Այնպես որ, որոշումը եղել է շարունակել-չշարունակելու մասին, ոչ թե որոշվել է, որ Ղարաբաղն այլևս չի մասնակցի: Դա անհեթեթ հայտարարություն է: Իհարկե, ցանկալի է, որ Ղարաբաղը վերադառնա: Բոլորն էլ հասկանում են՝ առանց Ղարաբաղի վերջնական համաձայնություն չի լինելու, և որքան շուտ Ղարաբաղը մտնի բանակցային գործընթաց, այդքան [Արցախի իշխանությունները] ներգրավված կլինեն և վերջնական փաստաթղթի վերաբերյալ նրանց համաձայնությունն ավելի հեշտ կլինի վերցնել: Ղարաբաղի իշխանություններին և ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելով՝ շատ ավելի դժվար կլինի համոզել ինչ-որ բանի մեջ: Սա պետք է գիտակցի նաև Ադրբեջանը:

No comments:

Post a Comment