Thursday, August 20, 2009

ԱՌԱՋ, ՂԱՐԱԲԱՂ

Lragir, 20-8-2009- Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին թե քաղաքական, թե քաղաքագիտական, թե այլ մակարդակի դատողություններից հաճախ դուրս է մնում կարգավորման թերեւս ամենակարեւոր, ամենաառանցքային, ամենանշանակալի գործոնը` մարդկային գործոնը, կյանքը իր կենցաղային դրսեւորումներով: Մինչդեռ այդ հարթության վրա տեղի են ունենում իրադարձություններ, առկա են իրողություններ եւ երեւույթներ, որոնք ամենից խոսունն են նաեւ միջազգային հանրության համար, եւ հենց դրանով էլ պայմանավորվում է այդ “միջազգային հանրության” դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:Համահայկական հերթական խաղերին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել նաեւ Ստեփանակերտի բասկետբոլի թիմը: Ժամանելուց առաջ թիմի խաղացողներին Ստեփանակերտի քաղաքապետարանը հավաստիացրել է, որ թիմին կապահովեն անհրաժեշտ մարզական պարագաներով, միայն թե խաղերին լավ արդյունք արձանագրեն: Այդ խոստումը ոչ միայն չի կատարվել, այլ Ստեփանակերտի թիմը նույնիսկ մրցումների ավարտից ավելի շուտ է վերադարձել Ղարաբաղ, թերեւս խնայողության նկատառումներով: Այդ խնայողական ֆոնին ուշագրավ է, որ օրինակ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը իր արձակուրդը անցկացնում էր արտասահմանում, եւ հաստատ ամենեւին էլ ոչ էժանագին մի հանգստավայրում: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայությանը հորդորում է զբոսաշրջել եւ հանգստանալ Ղարաբաղում: Բայց դա՝ իմիջիայլոց: Բուն խնդիրն այս դեպքում այն է, որ մարդկային, կենցաղային մակարդակի վրա Ղարաբաղը դրսեւորվում է, կամ դրսեւորում են ոչ թե որպես պետություն, այլ որպես մի հիմնարկ-ձեռնարկություն, որի ղեկավարն օրինակ չի կարող հանգստանալ, իր արձակուրդն անցկացնել հիմնարկի տարածքում, եւ հենց դրա համար էլ արձակուրդ է վերցնում, որ մի քիչ հեռանա եւ հանգստանա հիմնարկի առօրյայից:Այդքանից հետո պահանջ է ներկայացվում միջազգային հանրությանը, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեն կամ որ Ղարաբաղին վերաբերվեն որպես կայացած պետության, վերադարձնեն բանակցային սեղանի մոտ: Կայացած պետությունը ծաղկապատ կամուրջները չեն, ու ոչ էլ նախագահ, պատգամավոր, խորհրդարան, կառավարություն, նախարար արտահայտությունները, բանակը կամ Սահմանադրությունը: Ու պետք չէ հայհոյել Բրայզային, մյուսին, երրորդին, չորրորդին, որ Ղարաբաղին չեն վերաբերվում այնպես, ինչպես կուզեր Ղարաբաղը: Դրա համար նախ պետք է Ղարաբաղին անձամբ վերաբերվել այնպես, ինչպես Ղարաբաղը կուզեր, նոր հետո պահանջել ուրիշներից: Ավելին, այդ դեպքում երեւի թե ուրիշներից պահանջելու կարիք չէր էլ լինի, քանի որ ինչքան էլ ուրիշներն առաջնորդվեն աշխարհաքաղաքական շահերով, միեւնույն է, նրանք հաշվի են նստում փաստի հետ, ընդունում են այն, ինչ կա:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments:

Post a Comment