«Լրագիր» 21-8-2009-Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը ձեռնամուխ է եղել հասարակությանը դաստիարակելու գործին: Վարչապետը ամրագոտիներ է ցանկանում պարտադրել ու ձեռնամուխ է եղել հաղթահարել հանրության “լոպազությունը”, թերեւս այդպես էլ չկարողանալով հաղթահարել օլիգարխների ու պաշտոնյաների “լոպազությունը”, որոնց մեկ տարի առաջ ապարդյուն կոչ էր անում ապրել քրիստոնեավարի եւ չցուցադրել ուժն ու հարստությունը: Նախագահը քաղաքապետի երդման արարողությանը ոչ թե խոսում է մայրաքաղաքի հիմնարար խնդիրների մասին, այլ բերում է փողոցը չնախատեսված մասում անցնող անցորդի եւ նրա վեր ցցած մատի օրինակը, չմտածելով կամ չուզենալով մտածել անգամ, որ այդ անցորդի մշակույթը պարզապես հետեւանքն է այն ընդհանուր մթնոլորտի, որ երկրում ձեւավորել է իշխանություն կոչված մարմինը, հանրությանը գործնականում ցույց տալով, որ կարգին ու կանոնին, օրենքին հետեւող մարդը Հայաստանում անկարող է հարմար եւ բարեկեցիկ կյանք ունենալ: Բայց դժվար է մտածել, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, կամ որեւէ այլ մեկը, չի հասկանում այդ պարզ իրողությունը, չի գիտակցում, որ երկրի որեւէ ոլորտում հարաբերությունների եւ մշակույթի մակարդակը պայմանավորված է այն մթնոլորտով, որ երկրում ձեւավորում է իշխանությունը: Այսինքն, իշխանությունն է պատասխանատու հանրության վարք ու բարքի մակարդակի, հանրության գիտակցության մակարդակի համար: Բայց իշխանության պատասխանատվությունը ոչ թե այն է, որ հանրությանը չեն սովորեցնում, թե ինչ պետք է անել, կամ թույլ են տալիս շրջանցել կարգն ու օրենքը, այլ այն, որ իշխանությունը գործնականում չի ստեղծում պայման, երբ բարեկեցության եւ հարմարավետության գրավականը օրենքը եւ կարգը պահելն ու հարգելն է, ոչ թե դրանք շրջանցելը: Հենց միայն այն, որ իշխանության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձինք եւ նրանց հարազատներն ու ընկերները օրենքի հայտնի շրջանցողներ են, արդեն իսկ հանրության համար բավական է համոզվելու, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը հարգելով ընդամենը յոլա կգնաս, ոչ ավելի: Կան իհարկե մարդիկ, քաղաքացիներ, որոնք անկախ ամեն ինչից օրինապաշտ են եւ ի հեճուկս որեւէ մեկի կամ որեւէ բանի, չեն խախտի որեւէ օրենք: Սակայն դա անհատականության խնդիր է, մինչդեռ հանրությունն ամբողջական օրգանիզմ է եւ թեեւ ձեւավորվում է անհատներով, սակայն ունի իր առանձին, անհատից վեր գտնվող գիտակցությունն ու ենթագիտակցությունը, որը պայմանավորվում է հենց երկրում ձեւավորվող մթնոլորտով: Իսկ որեւէ մթնոլորտի պատասխանատուն իշխանությունն է: Եվ հենց դրա գիտակցումն է թերեւս, որ իշխանությանը ստիպում է առաջին պլան մղել հանրային անկրթությունն ու անկարգությունը, որպեսզի իշխանության վրայից պատասխանատվությունը դրվի հասարակության վրա: Այսինքն, առաջ է քաշվում հետեւյալ զգացումն ու մտայնությունը. “դե ինչ անի իշխանությունը, եթե հասարակությունն է այդպիսին, եթե ամեն մի քաղաքացի է օրինախախտ, չի սիրում կարգ, կանոն, կարմիր լույս, ամրագոտի, հետիոտնային անցում”: Սա բավական հմուտ մշակված, սակայն չափազանց պրիմիտիվ հաշվարկ է: Դրանով կարելի է, եթե իհարկե կարելի է, երկրում ընդամենը փոխել հանրային պահանջների հունը, դինամիկան, թափը: Բայց պետության որակը եւ վիճակը ամենեւին չի փոխվի: Բայց նաեւ պարզ է, որ իշխանության առկա քաղաքականության նպատակը հենց հանրային պահանջների ալիքը նվազեցնելն ու հունը ցամաքեցնելն է, ոչ թե պետության որակը եւ առկա մթնոլորտը փոխելը: Եթե նպատակը պետության որակը փոխելը լիներ, ապա հանգիստ կթողնեին հասարակությանը, որի վարքը եթե խնդիրներ հարուցում է, ապա հանդիսանում է միայն ու միայն իշխանության վարքի հետեւանք, եւ պարզապես կնայեին հայելու մեջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment