Thursday, August 20, 2009

Ադրբեջանը կարող է պատժվել հայկական երգի երկրպագուներին հետապնդելու համար

Tert.am. 19-8-2009- Եվրոպայում մեծ ուշադրության է արժանացել այն փաստը, որ Ադրբեջանի քաղաքացիներին կանչում են ազգային անվտանգության նախարարություն` «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ հայ կատարողների օգտին քվեարկելու համար: Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ, Գերմանիայի խորհրդարանում արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը BBC ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ Եվրամիությանն առաջարկելու է կարծիք հայտնել այդ հարցի կապակցությամբ: «Մարդիկ սովորաբար ավելի քաղաքավարի են, քան իրենց իշխանությունները: Այն, որ ադրբեջանցիները քվեարկել են հայկական երգի օգտին, ցույց է տալիս, որ եթե ազգերին հնարավորություն տան, ապա նրանք շատ լավ ընդհանուր լեզու կգտնեն միմյանց հետ: Իմ կարծիքով՝ եթե կառավարությունն իսկապես այդպես է վարվում, ապա Եվրամիությունը պետք է բողոք ներկայացնի դրա վերաբերյալ: Եվրամիության կամ Եվրահանձնաժողովի նախագահը պետք է իր մոտ հրավիրի Ադրբեջանի դեսպանին և բացատրի, որ նման գործողություններն անթույլատրելի են: Նման դեպքերում Եվրամիությունը պետք է վերանայի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները և ծրագրերը: Երրորդ, նման երևույթների հետևանքով հարց է առաջանում, թե ինչ ճանապարհով է ընթանում համաեվրոպական երգի մրցույցթը, քանի որ իշխանությունները սկսել են այն օգտագործել որպես քաղաքական ճնշումների մեթոդ»,- նշել է նա: Բրոքը նաև նշել է, որ եթե նման խախտումները տեղի ունենային ոչ քաղաքական դրդապատճառներով, ապա հնարավոր կլիներ նաև ուշադրություն չդարձնել դրանց վրա, սակայն Ադրբեջանում հանդիսատեսի վրա գործադրվող նման ճնշումների հիմքում քաղաքական խնդիրներ են ընկած: «Իհարկ», նման դեպքերը խաղաղության հասնելու վստահություն չեն ներշնչում: Թե´ Ադրբեջանը, թե´ Հայաստանը «Եվրոպայի արևելյան հարևանության» ծրագրի անդամ են: Այդ համագործակցության ընդլայնումը շատ կարևոր է, սակայն հարկավոր է, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն»,- եզրափակել է Հանձնաժողովի նախագահը:

No comments:

Post a Comment