Tuesday, August 18, 2009

Ժ. Սեֆիլյան. «Երկու պետություն» խաղն անիմաստ է»

ԼՂ-ն ՀՀ-ից բաժանեց Երեւա՞նը"Միացում" ազգային նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամԺիրայր Սեֆիլյան այսօր բաց նամակով դիմել է 'Արցախի Հանրապետություն' նախաձեռնող խմբին: Սեֆիլյանի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Սիրելի հայորդիներ,Ողջունում եմ Ձեր հիմնադիր ժողովի որոշումը, որով Արցախում բնակվող հայերը իրենց ձայնը հասու դարձրին համայն հայությունը:Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկա գործընթացը և վերջին զարգացումները ուղղակիորեն վտանգում են Արցախում բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունը, ՀՀ, Արցախի` ազատագրված մեր Հայրենիքի տարածքային ամբողջականությունը: 1988թ. Արցախում բնակվող հայերը պայքարի էին դուրս եկել «Միացում», այլ ոչ թե «Անկախություն» կարգախոսով: Այդ մտասևեռումով էր, որ հայ երիտասարդը զենք վերցրեց, կռվեց, զոհաբերվեց և հաղթեց: Հայաստանին միանալու երազանքն էր և մեծագույն ցանկությունը, որ համայն հայությունը հաղթանակեց անհավասար պատերազմում: ԽՍՀՄ փլուզումից դեռ երկու տարի առաջ ընդունվել էր Արցախը Հայաստանի հետ վերամիավորող դեկտեմբերմեկյան համատեղ որոշումը, որի հիման վրա Արցախում բնակվող հայերը, որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, ընտրեցին հայոց խորհրդարանի իրենց պատգամավորներին, և նրանք Հայաստանի շրջանները ներկայացնող գործընկերների հետ միասին հռչակեցին Հայաստանի Անկախությունը: Ինչո՞ւ դրանից հետո անհրաժեշտ դարձավ արհեստականորեն բաժանել մեզ: Ինչո՞ւ կազմակերպվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Ումի՞ց էինք ուզում անկախացնել Արցախը: Գաղտնիք չէ, որ հանձնարարականը եկել էր Երեւանից: Հիմնավորումները երկուսն էին: Նախ` ենթադրվում էր, թե միջազգային ճանաչման համար Արցախը Ադրբեջանի կազմից պետք է դուրս գար ԽՍՀՄ օրենքներին համապատասխան դրույթների շրջանակներում: Իսկ որպեսզի Ադրբեջանը չկարողանար հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, Երեւանում նպատակահարմար էին գտնում, որ Ստեփանակերտը դառնար որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Ենթադրվում էր, որ այս ամենը նախատեսված էր արտաքին աշխարհի համար, իսկ մենք պետք է լինեինք մեկ ազգ, մեկ բանակ եւ մեկ պետություն: Սակայն ստացվեց հակառակը: Միջազգային հանրությանը խաբել չհաջողվեց: Այնինչ մենք համառորեն շարունակում ենք խաղալ «երկու պետություն» անիմաստ խաղն և կարծես թե մոռացել ենք, որ դա ընդամենը խաղ էր: Իսկ հայոց ազգային եւ պետական միասնությունը առ այսօր էլ շարունակվում է վտանգվել: Ուրեմն, ո՞ւմ էր պետք Հայաստանից Արցախի անկախ լինելը: Հայերիս համար Արցախի խնդիր գոյություն չունի: Մենք ունենք Արցախի բնակեցման և ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիր:Արտաքին աշխարհի և մեր հակառակորդների հետ բանակցելու ընթացքում կարող էինք ունենալ երկու հզոր կռվան: Այն է. - Արցախը և ազատագրված տարածքները պաշտպանում է հայ զինվորը, ինչը փորձում են ի չիք դարձնել այսօրվա բանակցությունների արդյունքում, - ազատագրված տարածքներում պետք է բնակեցվեին Ադրբեջանից գաղթած 100 հազարավոր հայեր, ինչը ցավոք չկատարեցին ոչ նախկին և ոչ էլ ներկա իշխանությունները, բացառությամբ Քաշաթաղի մասնակի բնակեցման: Արցախը երեկ և այսօր հայության նորօրյա Ազատամարտի ճակատն է:Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայերս միշտ դեմ ենք եղել Արցախի հարցը քաղաքականացնելուն և հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելուն: Սակայն այսօր Արցախի նկատմամբ վտանգները անթաքույց երևում են, և Հայաստանի իշխանությունները նպաստում են Արցախի խնդրի ոչ հայանպաստ լուծմանը, ուստի Արցախում բնակվող հայերը չեն կարող լուռ մնալ և համակերպվել այս իրողություններին: Հարցը վերաբերվում է Հայրենիքին: Ով էլ լինի Արցախում ղեկավար, պարտավոր է ենթարկվել Արցախում բնակվող հայերի կամքին: Առաջինը Դուք ազդարարեցիք այդ կամքի արտահայտման մասին:Հայաստանի և նրա անօտարելի մաս հանդիսացող Արցախի անվտանգության ողջ համակարգը խարսխված է հակամարտության արդյունքներով ձևավորված ռազմաքաղաքական և տարածքային այժմյան իրողությունների վրա: Տարածքային նվազագույն զիջումն իսկ հանգեցնելու է զինադարի բուն երաշխիքը հանդիսացող և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպող ուժերի փխրուն փոխհավասարակռության խախտմանը, ներկայիս ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը և, դրանով իսկ, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությանը: Հայաստանի որևէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքների ամբողջականությունը վտանգելու և երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակները և տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից: Հայաստանի անկախությունը և ազատագրված Միացյալ Արցախն այլևս անշրջելի իրողություն է:Իրավական դաշտում միացման առաջին քայլը կարող է դառնալ ՀՀ եւ ԼՂՀ "Քաղաքացիության մասին" օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը եւ Արցախում բնակվող չափահաս հայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում: Մեկ անգամ ևս ողջունելով 'Արցախի Հանրապետության' ծնունդն, լիահույս եմ, որ ձեր հետագա հայրենասիրական նախաձեռնություններում մինչև վերջ հետևողական կլինեք` հանուն Արցախի և Հայաստանի հանրապետության Միացման և հզորացման: "Միացում" ազգային նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամԺիրայր Սեֆիլյան

No comments:

Post a Comment